Երջանիկ Աբգարյանի կատեգորիայի մարդկանց, որպես կանոն, պետական գերատեսչությունների դռնից ներս չեն թողնում: Արհամարհում են…
Երջանիկ պապը երեկ մի 10 անգամ եկել է խմբագրություն` ահազանգելով` «Իմ վիճակը ծանր ա, հասկացե՛ք»: Փետրվար ամսին նրա մասին հոդված էինք գրել, որտեղ ներկայացրել էինք նրա` Մհեր Մկրտչյանի եւ այլ մտավորականների մասին հուշերը: Գրել էինք նաեւ, որ նա ամիսներով ձմռան ցրտին խավարի մեջ էր ապրում: Քաղցից մեռնում էր: Հունիս ամսին նորից` «Ասում էր կխելագարվեմ ու խելագարվեց» վերնագրով հոդված էինք հրապարակել: Ծերունին կանխազգում էր, որ առանց լույսի չի դիմանա, ասում էր` «Ինձ լույս է պետք, չեմ դիմանում, խելագարվում եմ»: Երջանիկ պապի հարեւանները մեզ ահազանգել էին` վկայելով, որ նա սոցիալական սարսափելի ծանր պայմաններից խելագարվել է: Նրանք ասում էին, որ նա ապրում է աննկարագրելի վատ պայմաններում եւ տեւական ժամանակ է` լույս չունի:
Խմբագրություն եկած Երջանիկ Աբգարյանն անճանաչելի էր: Շշմել կարելի է, թե ինչպես կարող է մարդն այսքան կարճ ժամանակահատվածում այսպես կերպարանափոխվել: Նրա դեմքը կապտած, սեւացած, ահավոր հյուծված էր, իսկ աչքերի միջի չարությունը երբեմն վերածվում էր դառը թախիծի, երբ հարցնում էի` «Էլ բանաստեղծություններ չե՞ք գրում: Հիշո՞ւմ եք, որ ինձ գիրք նվիրեցիք»: Երջանիկ պապի մասին մի քանի անգամ հոդված գրելուց հետո, ինչպես գերատեսչություններն ու այլ օղակները, այնպես էլ մենք` կարող էինք մեր առաքելությունը համարել ավարտված ու այլեւս չանդրադառնալ այս թեմային: Մանավանդ, որ մամուլում ընդունված չէ նույն թեմայի մասին անընդհատ գրել: Սակայն Երջանիկ պապի եւ բոլոր Երջանիկ պապիկների մասին պատրաստ ենք գրել ամեն օր ու զզվեցնել բոլոր այն պետական մարմիններին, որոնք պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Նրա մասին պատրաստ ենք անընդհատ նյութ գրել եւ ամեն անգամ տպագրել այն լուսանկարները, որոնց նայելիս ապշում ես, թե ինչպես է մարդն աստիճանաբար մահանում: Պատրաստ ենք վկայել եւ ապացուցել, որ ժողովրդավարական համարում ունեցող երկրում Երջանիկ պապը խելագարվում ու ոտքի վրա մահանում է, որովհետեւ զրկված է թե՛ լույսից, թե՛ սնունդից: Սահմանադրության 3-րդ հոդվածում ասվում է, որ` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: Ուրեմն` կարող ենք եւս մեկ անգամ ասել, որ Սահմանադրություն կոչվածը, որտեղ նման բազմաթիվ դրույթներ կան, սուտ է, որովհետեւ Երջանիկ պապի արժանապատվությունը, ազատությունն ու իրավունքները ոտնահարվում են մեր պետության կողմից, եւ մեր պետությունը մարդու արժանապատվությունն ամենեւին էլ բարձրագույն արժեք չի համարում: Հայաստանում ոտնահարվում է Երջանիկ պապի արժանապատվությունն ու ազատությունը, որովհետեւ մարդու կեցության համար անհրաժեշտ սպառողական զամբյուղի հաշվարկները գերազանցում են կենսաթոշակին:
Երջանիկ պապը զայրացած ասում է` «Եկել եմ ասելու, որ արդեն մեռնում եմ, էլ չեմ կարում ապրեմ»: Հարցնում եմ` «Բժշկի դիմե՞լ եք: Դուք լավ չեք, շատ եք փոխվել»: Պատասխանում է` «Ես չեմ գժվել, հասկացե՛ք: Ուղղակի մեզ կախարդել են, ինձ խլացնում են, ականջներիս մեջ ձայները սպանում են: Վախեցնում են, մեզ բոլորիս կախարդել են: Ու ամեն ինչ անում են մեր հարեւան Ա-ի միջոցով: Հասկանո՞ւմ եք, ես 5 ամիս լույս չունեմ, վախենում եմ էդ մթությունից, բայց թոշակս քիչ ա, չեմ կարում լույսի փող տամ»: Մի քանի բարեգործական կազմակերպությունների է դիմել, բայց… «Իմ վիճակը շատ վատ ա, շատ ծանր ա՛ հասկացե՛ք»,- ասում է նա ու աչքերի արտահայտությունն այնպես է չարանում, որ թվում է՝ պատրաստ է դիմացինին խեղդել: Մեղադրում է հարեւան Ա-ին, իբր անհանգստացնում է իրեն: Ասում եմ` «Դուք վատ վիճակում եք, դա երեւի երեւակայության արդյունք է»: Զայրանում է ու ճչալով ասում է` «Բոլորովին: Հասկացե՛ք, ես մթի մեջ եմ ապրում, ես սոված եմ, ես վատ եմ, ես մեռնում եմ, բայց ես գիժ չեմ: Մոմով եմ ապրում արդեն 5 ամիս, տանջամահ եմ լինում»: Հարցնում եմ` հացի փող ունե՞ք: Պատասխանում է` «Թոշակն ա, էն էլ գազ եմ առել, որ ջուր եռացնեմ, չայ խմեմ: Ականջներիս միջի աղմուկը սպանում ա, ներվային վիճակից մարմինս քորում, ճանկռում եմ: Չարագործ են, բոլորը չար են…»: Հարցնում եմ` ինչո՞վ կարող ենք օգնել: Պատասխանում է` «Մի հատ հոդված գրեք, որ բոլորը չարագործներ են, կախարդում են: Ես ամբողջ օրը տրոլեյբուս եմ նստում, տանը չեմ մնում, վախենում եմ: Կտեսնես, ես Ա-ին սպանելու եմ: Կսպանեմ ու կգնամ բանտ: Բանտում հազար անգամ ավելի լավ ա, հաց կտան, լույս կա: Էս օրերը, որ ես եմ քաշում… Ահավոր ծանր ա իմ վիճակը, մեկը պետք ա, որ հասկանա, չէ՞, իմ վիճակը: Անհարմար եմ զգում, դաժան բան ա կյանքը: Բանտը միլիոն անգամ լավն ա: Հըլը որ դիմակայում եմ, բայց գնալու եմ բանտ»:
«Նորից մթնեց օրս ամեն օրվա նման,
Նորից ախ ու վախով մտնեմ տեղաշորս,
Ամեն օրվա նման այս կողմ, այն կողմ շուռ գամ, մինչեւ լույսը բացվի:
Ամեն օրվա նման, երբ որ լույսը բացվի
Սրբեմ արցունքներս, ելնեմ գնամ գործի,- քթի տակ շշնջալով՝ ասում է Երջանիկ պապն ու հարցնում,- Թույլ կտա՞ք գնամ, էլ ուժ չունեմ, ուզում եմ գնալ: Հոգնել եմ…»։