Սովորել հայերենին

12/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ոչ մի կինոթատրոն չի ցանկանա դուբլյաժի համար գումար ծախսել, քանի դեռ պարզ չէ, թե ինչպես կընդունվի հայերեն լեզվով ցուցադրված ամերիկյան մարտաֆիլմը կամ դրաման։ Սակայն հեռուստատեսային արտադրանքը պետք է մայրենի լեզվով լինի, դա պարտադիր է դարձել սույն թվականի հունվարի 1-ից, խորհրդարանի համապատասխան որոշումից հետո։ Մեծաքանակ հայկական հեռուստատեսային ալիքները եթերը լցնում են հիմնականում սերիալներով, արտոնագրված կամ ոչ արտոնագրված գեղարվեստական, փաստա-վավերագրական ֆիլմերով ու մուլտֆիլմերով։ Շատ ալիքներում սեփական արտադրանքը կազմում է եթերի միայն 20%-ը։ Տարբեր ժանրերի ու տարբեր երկրների արտադրության ֆիլմեր ցուցադրելով` կարելի է հեռուստատեսությունը պահել։ Սակայն ֆիլմի հայերեն լինելը պետք է դառնա պարտադիր։ Մասնավոր ալիքները դրան դեռ պատրաստ չեն՝ դուբլյաժը ներդրում է պահանջում, բայց պետական «Հ1»-ն արդեն ամեն ինչ կրկնօրինակում է։ Իրենց սերիալները կրկնօրինակում են նաեւ «Արմենիան», «Շանթը» ու «Հ2»-ը։ Դժվար է ասել, թե ինչ ճանապարհներով ու ինչ գումարներով են ձեռք բերվում ֆիլմերն ու սերիալները՝ դա յուրաքանչյուր ալիքի գաղտնիքն է, սակայն շատ ալիքներ արդեն ունեն կրկնօրինակող խմբեր՝ թարգմանիչ, խմբագիր, ռեժիսոր, դերասական քիչ թե շատ կայուն խումբ ու հնչյունային ռեժիսոր։ Հիմնականում կրկնօրինակվում են սերիալները՝ դա անելն ավելի հեշտ է։ «10 սերիայից հետո արդեն մտնում ես իրավիճակի մեջ ու կերպարների մասին պատկերացում կազմում։ Սերիալն ավելի պասիվ աշխատանք է, մեկ օրվա ընթացքում հասցնում ենք 3 սերիա ձայնագրել, յուրաքանչյուրի վրա ծախսելով մոտավորապես 3 ժամ»,- ասաց «Հ1»-ի ու «Երկիր-մեդիայի» կրկնօրինակման ռեժիսոր Հասմիկ Մարգարյանը։ Նախապատրաստական աշխատանք համարյա թե չի պահանջվում՝ երկխոսությունները թղթից են կարդացվում։ Ձայնագրման դադարներ լինում են, երբ բառը կամ շեշտադրումն է սխալ ընտրվել, դրվագն այդ դեպքում վերաձայնագրվում է։ Դերասանները սերիալը կրկնօրինակում են 2-4 հոգով՝ սերիայից ստանալով միջինը 5000 դրամ։ Դա` «Հ1»-ում, իսկ մյուս ալիքներում գումարն ավելի քիչ է, հաճախ օգտագործվում են հաղորդավարական ծանոթ ձայները:

Ինչպես է ֆիլմի սցենարը դառնում հայերեն

Ֆիլմին նորմալ վերջական տեսք տալու համար հարկավոր է նախեւառաջ` լավ թարգմանություն, հետո դերասաններ, որոնք իրենց հնարավորություններով չեն զիջում ֆիլմի դերակատարներին, եւ դուբլյաժի հմուտ պրոֆեսիոնալներ։ Կար ժամանակ, երբ պիրատական ֆիլմերը հասնում էին ռուսերեն ետկադրային թարգմանությամբ՝ խուլ, կարծես փակ քթով կարդացող մարդու ձայնով։ Հիմա, DVD-ի հայտնվելուց հետո, շատ հեշտ ու հարմար է դարձել ձայնի հետ աշխատել։ Տեխնիկական զինվածության հարց չկա, կարելի է որակյալ կրկնօրինակում անել։ Սակայն մենք սովոր չենք հայերեն ֆիլմեր դիտել, մեր մայրենին մեզ թվում է արհեստական ու մի քիչ կեղծ, շատ մեծ է տարանջատումը խոսակցական ու գրական լեզուների միջեւ։ Երբ էկրանից լսում ես վերամբարձ ու արհեստական հայերեն տեքստ, ֆիլմ նայելու ցանկությունը կարծես կորչում է՝ չես հավատում, որ կարելի է կյանքում այդպես խոսել: Ամեն դեպքում, եթե ուզում ենք օրինական դաշտ մտնել, պետք է սովորենք հայերեն նայել ու լսել, իսկ հեռուստատեսությունը պետք է փորձի լավ կրկնօրինակել՝ գտնելով լեզուների «ոսկի միջինը»։ «Լավ թարգմանությունն իր ետեւից լավ աշխատանք է բերում։ Թարգմանությունը պետք է կյանքին մոտ՝ օրգանական լինի։ Հաճախ զգում ես, որ նախադասությունը չի հնչում, ընքացքում փորձում ես փոխել»,- ասաց Հ. Մարգարյանը։ Սակայն տեքստային փոփոխությունները չեն խրախուսվում։ «Աշխատանքն այնպես է դրված, որ տեսքտը չի կարելի փոփոխել ու իմպրովիզացիա անել»,- ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Թերեւս ամենամեծ դժգոհությունն առաջացնում է հենց թարգմանության որակը։

Ինչպե՞ս է ֆիլմը դառնում հայերեն

Դերասանները սկսում են կարդալ, իսկ ռեժիսորը փորձում է դերակատարի ու կրկնօրինակողի արտիկուլյացիան հարմարեցնել։ Հիմա ֆիլմերն իսկական՝ «տոնիրովկայով» դուբլյաժ չեն արվում ու չեն խլացնում բնօրինակի տեքստը՝ հանդիսատեսը դերակատարների եւ կրկնօրինակողների ձայները համեմատելու հնարավորություն ունի։ Հաճախ ծիծաղելի ու անհեթեթ են թվում կրկնօրինակողների` հուզիչ հատվածներ խաղալու ջանքերը։ Տեքստը պետք է ավելի շուտ կարդալ, քան խաղալ։ «Կերպարի մեջ մտնելը սուտ է դառնում, բավական է կերպարային մի քանի շեշտեր դնել։ Սովորաբար տարեց կին կրկնօրինակելու համար ձայնն են հաստացնում, իսկ երեխայի տեքստը կրկնօրինակելու համար՝ բարակեցնում։ Հաճախ դա ծիծաղելի է լինում»,- ասաց Լ. Ղամբարյանը։ Ընդ որում, դուբլյաժ անող դերասանները հիմնականում երիտասարդ են։ «Թատրոնում կան ժեստեր, դադարներ, որոնք ցույց են տալիս դերասանի վարպետությունը, իսկ դուբլյաժում կարեւորը խոսքի մաքրությունն է՝ միկրոֆոն կա, որը որսում է ամեն մի սխալ ինտոնացիա։ Մեծահասակ դերասանները հիմնականում արհեստական ատամնաշար են ունենում, եւ տառերը մաքուր չեն արտասանում, դա միանգամից զգացվում է»,- ասաց Հ. Մարգարյանը։ Դուբլյաժ անող մարդկանց գործը ոչ այնքան ստեղծագործական է, ավելի շուտ՝ աշխատատար է ու փորձ ձեռք բերելու հնարավորություններով լի՝ հեշտ բան չէ միաժամանակ մի քանի դեր նույն ձայնով մարմնավորել՝ թռիչք անելով մի կերպարից մյուսին։ Կարեւորը հմտությունն ու արագությունն է։ Դերասանների թիվն ուղղակիորեն կապված է վճարման հետ։ «Հ1»-ում մեկ ֆիլմի կրկնօրինակումն արժե 20-30.000 դրամ՝ այդքան են ստանում դերասանները, որոնք ընտրվում են ըստ խառնվածքի՝ 1-2-ը խարակտերային ձայներ են, 1-2-ը՝ քնքուշ ու ռոմանտիկ։ Մենք թարմ ու նոր ֆիլմեր, միեւնույն է, ռուսերենով ենք նայելու՝ մեծ էկրանին, իսկ հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը հազվադեպ են ուշադրության արժանի լինում։ Ավելի է ուրախացնում այն միտքը, որ մեր դերասաններից շատերը անգործ չեն մնում։ Սեփական սերիալներ ու ֆիլմեր չեն նկարահանվում, իսկ դուբլյաժը, վաստակից բացի, դերասանին տալիս է իր մասնագիտության մեջ իրեն պիտանի զգալու համոզմունք։ Իհարկե, հասկանալի է, որ վատ դուբլյաժով ուրիշի արտադրանքը կարելի է եւ փչացնել, սակայն մեկ այլ մտահոգություն էլ կա՝ միգուցե կրկնօրինակման էժան լինելը բոլոր հեռուստաալիքներին վարակի` եթերը լցնել հայալեզու սերիալներով։ Որ անկյան տակ էլ նայեք՝ կրկնօրինակումը նկարահանումից էժան, արագ ու հեշտ է։ Նույնիսկ շարքային հաղորդումներ նկարահանելն է կրկնօրինակումից էժան։