«Ոսկե ծիրանը» գումարային մրցանակներ է շնորհելու

06/07/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին` Ազատության հրապարակում ստեղծված բացօթյա բեմահարթակի ու էկրանի վրա: Այդ նորամուծությունը փառատոնի կազմակերպիչներն ավելի դեմոկրատական են համարում, քան նախորդ տարիներին տեղի ունեցած «էգոիստական» կինոդահլիճային բացումները: «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կարող է 500 մարդ տեղավորվել, իսկ հրապարակում ստեղծվելու են 1500 նստելու եւ 2000 կանգնելու տեղեր, ինչի շնորհիվ գրեթե բոլոր ցանկացողները կարող են բացման արարողության մասնակիցը դառնալ: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի հիմնական մտահոգությունը եղանակն է: «Աստված չանի` անձրեւ գա»,- ասում է նա:

Կազմակերպիչները կարեւորում են կինոդիտումների եւ կինոհանդիպումների հասանելի լինելը, այդ պատճառով էլ ուսանողներին ու արվեստագետներին անվճար տոմսեր են բաժանելու: Անցյալ տարի կինոդահլիճ մտնելը բարդ խնդիր էր, քանի որ տոմսերի տարածմամբ զբաղվում էին մասնավորեցված կինոթատրոնները, որոնք գումար էին ցանկանում աշխատել, բայց չէին աշխատում, ինչի արդյունքում ֆիլմերը ցուցադրվում էին կիսադատարկ դահլիճներում: Կազմակերպիչները վստահեցնում են, որ այս տարի ֆիլմ դիտելու ցանկություն ունեցողները կկարողանան դահլիճ մտնել առանց փող վճարելու: «Չգիտենք, էլ ի՞նչ կարող ենք անել համաշխարհային մշակույթը տարածելու համար»,- ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը` վստահեցնելով, որ տպագրվելու են նաեւ ավելի մեծ թվով ծրագրերի փաթեթներ ու բուկլետներ, որպեսզի մարդիկ իմանան, թե ո՞ր կինոդահլիճում ի՞նչ ֆիլմ է ցուցադրվելու: Լավ կլիներ, որ տեղեկատվություն պարունակող թերթիկների տպագրումը կատարվեր՝ հաշվի առնելով, որ հարյուրից ավելի լրագրողներ եւ հարյուրավոր ուսանողներ կան:

«Ոսկե ծիրանը», որը հիմնվել եւ զարգանում է որպես ռեժիսորական փառատոն, այս տարվա հաղթողներին գումարային մրցանակներ է շնորհելու: Լավագույն գեղարվեստական ֆիլմի հեղինակը ստանալու է 2 մլն դրամ, իսկ լավագույն վավերագրական ֆիլմի եւ «Հայկական համայնապատկերի» հաղթողի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ: «Ոսկե ծիրանը» գումարային պարգեւ է շնորհելու ոչ միայն հիմնվելով ժյուրիի որոշման վրա, այլեւ` հետեւելով ճակատագրի քմահաճույքին: Փառատոնի բացման ընթացքում ստեղծվելու է խորհրդանշական «Կենաց ծառը», որի ճյուղերին կախվելու են ռեժիսորների ազգանուններով «պտուղները»: Իսկ փառատոնի փակման արարողության ժամանակ ծառից մեկ պտուղ է քաղվելու, եւ հաջողակ ռեժիսորը ստանալու է կես մլն դրամի չափով «պատահական» մրցանակը: Այդ անակնկալ մրցանակը փառատոնի ողջ ընթացքում մասնակիցների միջեւ հավասար պայմաններ է ստեղծելու եւ պահպանելու է մրցույթի ինտրիգը: «Սկզբում մենք չէինք ուզում գումարային մրցանակ շնորհել, սակայն մեր հովանավորի հետ միասին որոշեցինք, որ գումարը ինտրիգ կստեղծի: Շատ ռեժիսորներ կան, ովքեր ալարում են իրենց ֆիլմերը փոքր փառատոներ ուղարկել, իսկ այս դեպքում մենք նրանց շահագրգռում ենք: Եվ այդ քայլով չենք կորցնում մեր հեղինակությունը, քանի որ եթե փառատոնը հետաքրքիր չէ, որքան էլ գումար առաջարկենք, մեզ մոտ չեն գա»,- ասաց Հ.Խաչատրյանը:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում երկօրյա սեմինարով կներկայանա նաեւ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը նպատակ ունի մեր տարածաշրջանում խրախուսել վավերագրական ֆիլմերի արտադրությունը: Այդ ծրագիրը կինոսցենարների հավաքագրում է նախատեսում, ինչի արդյունքում ստեղծվելու է կինոնախագծերի մատյան եւ տարբեր երկրներում գործող պրոդյուսերական կենտրոններ է ուղարկվելու: Այսպիսով կինոարտադրությունը դեռ սաղմնային վիճակում է խթանվելու, իսկ հետաքրքիր նախագծերի հեղինակների համար ճանապարհ է բացվելու դեպի միջազգային ֆոնդերն ու կինոստուդիաները: Լավագույն նախագծի հեղինակը նույնպես գումարային մրցանակ կստանա` 5000 դոլար: