Բժիշկ դառնալն այլեւս մոդայիկ չէ՞

06/07/2007 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

«Բալիկ ջան, երբ մեծանաս՝ ի՞նչ ես դառնալու» հարցի պատասխանը դեռ տարիներ առաջ միանշանակ այսպիսին էր՝ «բժիշկ, տիեզերագնաց, ուսուցիչ»։ Այսօր երեխաների մեծ մասը շատ լավ գիտի, թե որքան աշխատավարձ են ստանում ուսուցիչները, եւ թե մեր օրերում որքան փող են տալիս բժիշկ դառնալու համար: Ավելին, երեխաների մեծ մասն այսօր անգամ չգիտի էլ, թե ով է Յուրի Գագարինը։

Պոլիգլոտների եւ բիզնեսմենների այս դարաշրջանում ոչ ոք անգամ չի էլ կասկածում, որ տնտեսագետի, լեզվաբանի մասնագիտություններն այս տարի էլ բուհական ընդունելության քննությունների ամենամրցունակ մասնագիտություններն են լինելու։ Տարիներ առաջ էլ ոչ ոք չէր կարող կասկածել, որ Մխիթար Հերացու անվան Բժշկական համալսարանում կգա մի օր, երբ դիմումների ընդունման առաջին 10-15 օրերի ընթացքում կլինի ընդամենը 1-2 դիմում։ Բուհը, սակայն, չի դժգոհում այս վիճակից եւ համոզված է, որ մինչեւ դիմումների ընդունման վերջին օրը՝ հուլիսի 15-ը, 650-680 հոգի բժիշկ դառնալու ցանկություն կհայտնի։ Ինչպես տեղեկացանք Բժշկական համալսարանի ուսումնական բաժնի պետ, այս տարվա ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղար Գեւորգ Ադամյանից՝ բուհն առայսօր 152 դիմորդի անհատական գործ ունի, ընդ որում, դիմումների հոսքն ավելացել է վերջին երկու օրերին։ Այս տարի բուհի պետպատվերով տեղերը 148-ն են, որից 15-ը՝ բանակից զորացրվածների համար է։ Վճարովի համակարգում 195 տեղ է հատկացված, իսկ առանց տարկետման իրավունքի վճարովի համակարգում (այսինքն՝ ԱՏ-ով)՝ 100 տեղ, սակայն ամեն տարվա վերջում ԿԳ նախարարությունն ԱՏ-ով տեղերի թիվն ավելացնում է՝ կախված տարվա դիմորդների քանակից։ Տարածված կարծիք կա, թե այս բուհում ամենաուժեղ մրցույթը բուժական եւ ստոմատոլոգիական ֆակուլտետներում է լինելու, սակայն, ըստ Գ. Ադամյանի՝ այս ամենը ճիշտ է միայն վճարովի տեղերի մրցույթի դեպքում։ Եթե ոչ պոպուլյար, ապա գոնե բավական հետաքրքիր եւ լուրջ ֆակուլտետ է նաեւ բուհի ռազմաբժշկական ֆակուլտետը։ Ժամանակին շատ էր խոսվում այն մասին, որ այս ֆակուլտետը երբեմն «միջանցք» է ՝ մի ֆակուլտետից մյուսը տեղափոխվելու համար։ Գ. Ադամյանի համոզմամբ՝ դրանք պարզապես ասեկոսեներ են, քանզի այս ֆակուլտետն ընդունվելու համար դիմորդներն անցնում են բավական բարդ ու երկար ճանապարհ։ Նախ՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հավաքագրում է բոլոր դիմորդների անձնական գործերը, ստուգում նրանց առողջական վիճակը։ Այնուհետեւ՝ դիմորդները քննություն են հանձնում ֆիզիկական կուլտուրայից, ստուգվում է նրանց հոգեբանական վիճակը։ Այս ամենն անցնելուց հետո ՊՆ-ն տեղեկանք է տրամադրում դիմորդներին, եւ նրանք մասնակցում են ընդունելության քննություններին։ Ռազմաբժշկական ֆակուլտետն ամեն տարի առաջարկում է 30 անվճար տեղ, ավելի ստույգ՝ կրթության դիմաց վճարում է ՊՆ-ն։ Այս հանգամանքը շատ է ոգեւորում հատկապես այն ծնողներին, ովքեր ամեն գնով ցանկանում են, որ իրենց երեխան բժիշկ դառնա՝ հուսալով, որ հետո մի բան կանեն եւ երեխային կտեղափոխեն այլ ֆակուլտետ։ Սակայն սա կատակ բան չէ։ «Ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունվողները ՊՆ-ի հետ 20 տարվա աշխատանքային պայմանագիր են կնքում։ Պայմանագիրը կարող է դրժվել միայն այն դեպքում, երբ երեխան հիվանդացել է եւ այլեւս պիտանի չէ այս ֆակուլտետում սովորելու համար։ Նա իր սովորած տարիների համար վճարում է ՊՆ-ին եւ հետո կարող է այլ ֆակուլտետ տեղափոխվել»,- ասում է Գ. Ադամյանը։ Ինչ վերաբերում է այլ ֆակուլտետներում ուսման վարձի չափին (որոշ բուհերում այս տարի ուսման վարձը բարձրացել է), ապա Գ. Ադամյանի համոզմամբ՝ վերջին 4 տարիների ընթացքում Բժշկական համալսարանում վարձավճարը չի բարձրացվել եւ այս տարի էլ բուժական եւ ստոմատոլոգիական ֆակուլտետների համար այն 800 հազար դրամ է, իսկ դեղագործական ֆակուլտետի համար՝ 580 հազար դրամ։ Այս գումարը շատերի համար անհասանելի է, ու քիչ չեն դեպքերը, երբ երեխաները, հասկանալով, որ բուհում անվճար տեղ զբաղեցնելու հույս չկա, չեն էլ դիմում պետական այս կրթօջախ։ Փոխարենը՝ նրանք նախընտրում են մասնավոր որեւէ բժշկական բուհ, որտեղ վարձավճարն անհամեմատ քիչ է, իսկ որակը… Մ. Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի որակն էլ, այսօր, շատերի կարծիքով, առանձնապես փայլուն չէ։ «Մասնավոր բուհերից ոչ մեկը Բժշկական համալսարանին կոնկուրենտ լինել չի կարող»,- ասում է Գ. Ադամյանն՝ ավելացնելով, որ որակի տարբերությունը երեւում է կադրերի, տեխնիկական բազայի, կլինիկական հիվանդանոցների բացակայության, դիպլոմի հզորության մեջ։ «Մի քանի տարի առաջ լուր էր տարածվել, որ Սիրիայում չի ընդունվում «Հայբուսակ» համալսարանի դիպլոմը։ ԿԳՆ միջնորդությամբ սիրիացի ուսանողները ցանկացան տեղափոխվել մեզ մոտ։ Հատուկ քննություն նշանակվեց եւ 85 հոգուց միայն երեքին տեղավորեցինք մեր բուհ»,- պատմում է Գ. Ադամյանը։ Բժշկական համալսարանը նաեւ մեր հանրապետության ամենաինտերնացիոնալ բուհն է։ Ներկայումս այստեղ է սովորում արտասահմանցի 1500 ուսանող։ «Մեր բուհը համաշխարհային բուհերի շարքում առաջին 35 բուհերից է։ Սա լուրջ ցուցանիշ է մեզ համար։ Հետո, կրթությունն անհամեմատ ավելի էժան է մեզ մոտ, քան, ասենք, Հնդկաստանում, որտեղ ուսման համար պետք է վճարել 20 հազար դոլար»,- ասում է Գ. Ադամյանը՝ նշելով, որ որոշ ուսանողներ հետագայում մնում են մեր երկրում, սակայն հայտնի չէ՝ կարողանո՞ւմ են արդյոք նրանք այստեղ աշխատանք գտնել։

Անկախ այս ամենից՝ այսօր մարդիկ շատ դժգոհ են մեր բուժական համակարգից։ Շատերի համոզմամբ՝ վատ բժիշկներ ունենալու պատճառը Բժշկական համալսարանում տիրող համատարած կաշառակերությունն է։ «Դրանք ասեկոսեներ են։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ բուհ ընդունվողների 70 տոկոսն իր ուժերով է ընդունվում։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր տարի մենք առաջին կուրսից 50-60 հոգի ենք հեռացնում»,- պնդում է Գ. Ադամյանը։ Ինչ վերաբերում է քննական համակարգի նոր ձեւին՝ կենտրոնացված քննություններին, որոնք, ըստ ԿԳՆ-ի, պետք է նվազեցնեն ստվերը մեր կրթական համակարգից, Գ. Ադամյանի կարծիքով՝ ո՛չ կենտրոնացված, ո՛չ էլ տարվա մեջ մի քանի անգամ նույն քննություն հանձնելն արդարացված չէ։ «Մեր հանրապետությունը փոքր է եւ միշտ էլ տարբեր տեսակի ճնշումներ են լինելու։ Դրա համար պետք է բարձրացվի դպրոցի մակարդակը, եւ դպրոցի գնահատականներով երեխաները տեղափոխվեն բուհ։ Եթե պետությունն այսօր ունակ չէ անվճար տեղեր տալ, առաջին տարին թող վճարովի լինի, հետո լավագույնները, ռոտացիայի կարգով, կանցնեն անվճար համակարգ։ Միակ ձեւը սա է, որով երեխային կարող ես շահագրգռել սովորել»,- ասում է Գ. Ադամյանը։