Ղարաբաղում բերքահավաքը սկսվել է

06/07/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում շարունակվում է նախընտրական քարոզարշավը. նախագահի 5 թեկնածուներից միայն երեքն են ակտիվ քարոզչություն իրականացնում` Բակո Սահակյանը, Մասիս Մայիլյանը եւ Հրանտ Մելքումյանը: Թեկնածուները հանդիպումներ են ունենում նաեւ հանրապետության տարբեր գյուղերի բնակիչների հետ, որոնք այս պահին զբաղված են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով, մասնավորապես`հացահատիկայինների բերքահավաքով:

Չնայած վերջին շրջանում բերքահավաքի համար եղանակային պայմաններն այնքան էլ բավարար չեն, բայց, ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արդեն հնձվել է 6611.5 հեկտար, որը կազմում է բերքահավաքի ենթակա ընդհանուր (47231.8 հեկտար) ցանքատարածությունների 14.0 տոկոսը, կալսվել է 7.67 հազ. տոննա հացահատիկ, մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 11.6 ցենտներ, ընդ որում, Ասկերանի շրջանում՝ համապատասխանաբար, 561.0 հեկտար, 0.73 հազ. տոննա, 13.1 ցենտներ, Հադրութի՝ 2585.0 հեկտար, 2.64 հազ. տոննա, 10.2 ցենտներ, Մարտակերտի՝ 426.5 հեկտար, 0.6 հազ. տոննա, 14.1 ցենտներ, Մարտունու՝ 2939.0 հեկտար, 3.58 հազ. տոննա, 12.2 ցենտներ եւ 100.0 հեկտար, 0.12 հազ. տոննա, 12.0 ցենտներ՝ Քաշաթաղի շրջանում:

Ստացվում է, որ բերքատվությունը գնալով նվազում է, ինչը կապված է հիմնականում եղանակային ոչ բարենպաստ պայմանների հետ: Մասնագետների կարծիքով, իր բացասական ներգործությունն է ունեցել մարտ-ապրիլ ամիսների երաշտը, ինչպես նաեւ՝ ծաղկման շրջանում տեղ գտած մայիսյան հորդառատ ու տեւական անձրեւները: Գյուղերում բնակիչներ կան, որոնք ընդհանրապես չեն հնձել իրենց արտերը` բերք չլինելու պատճառով: Մեր զրուցակիցներից մեկը փաստեց, որ շուրջ 7 հա ցորեն է ցանել, բայց ոչ մի բերք չի ստացել: Իսկ պատճառը, ըստ նրա, ծաղկման շրջանում տեղացած անձրեւներն են:

Գյուղնախարարությունից տեղեկացնում են, որ բերքահավաքի աշխատանքներին մասնակցում են հանրապետությունում առկա 280 կոմբայններից 278-ը: Բացի այդ, գործում են նաեւ Հայաստանից բերված եւս 30 հատիկահավաք կոմբայն:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Վահրամ Բաղդասարյանի խոսքերով, մայիսի վերջին ստեղծվել է բերքահավաքի կազմակերպման հանրապետական շտաբ, որի մեջ ընդգրկվել են Գյուղնախարարության, Փրկարար ծառայության եւ շրջանների վարչակազմերի ղեկավարները: «Հրդեհների կանխարգելման համար համապատասխան նախապատրաստական աշխատանքներն արդեն իրականացրել ենք. կառավարության հատկացված գումարներով վերանորոգման են ենթարկվել նաեւ հրշեջ մեքենաներ: Ներկայումս 24 տեղամասերում տեղակայված են հրշեջ կետեր` հակահրդեհային միջոցառումներ իրականացնելու համար»,- հայտնել է նախարարը, որը նաեւ տեղեկացրել է. որ համապատասխան քանակությամբ բենզին եւ դիզելային վառելիք է տրամադրվել վարչակազմերին եւ համապատասխան կառույցներին, որպեսզի հրդեհների բռնկման դեպքում համապատասխան միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացվեն:

Ինչպես մեզ հայտնի դարձավ, բերքահավաքը մոտ օրերս կսկսվի նաեւ հանրապետության Շուշիի եւ Շահումյանի շրջաններում: