Քեզ համա՞ր, Հայաստա՛ն

04/07/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ մոտավորապես նույն ժամին Երեւանում տեղի էին ունենում մի քանի կարեւոր իրադարձություններ. Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է քննվեին միանգամից երեք քաղբանտարկյալների գործեր: Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան` ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Դատական այս նիստից անմիջապես հետո էլ նախատեսվում էր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի եւ ազատամարտիկ Վարդան Մալխասյանի գործով դատավարությունը: Այս ամենին զուգահեռ՝ ԱԺ-ում բուռն «քննարկումներ» էին ընթանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների շուրջ, որոնց արդյունքում Հայաստանի հանրային ռադիոյի եթերով դադարեցվելու է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակումը: Որոշ ընդդիմադիրներ որոշել էին միաժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպել թե՛ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի, թե՛ ԱԺ շենքի մոտ:

Ինչպես եւ սպասվում էր, «աշխարհի ամենաանկախ եւ ամենաարդար դատարանը» դռնփակ նիստում բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարացրեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը: Հիշեցնենք, որ մայիսի 7-ից ազատազրկված Արզումանյանը մեղադրվում է «փողերի լվացման» մեջ: Նախկին նախարարի կալանքի ժամկետը երկարացվել է, քանզի դատարանը գտել է, որ քանի դեռ քննչական գործողություններ են կատարվում, Արզումանյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի նախաքննությանը եւ «ազատ մնալով կկատարի այլ հանցագործություններ»: Փաստորեն դատարանը, ինչպես եւ սպասվում էր, բանի տեղ չդրեց ԱԺ 19 պատգամավորների միջնորդագիրը՝ ՀՀ նախկին արտգործնախարարի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Ա. Արզումանյանի փաստաբանները դատարանի այս վճիռն այսօր պատրաստվում են բողոքարկել վերաքննիչ դատարանում: Իսկ Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի կնոջ՝ Մելիսա Բրաունի հանդիպումից հետո Արզումանյանի հարազատներին ընդհանրապես արգելվել է հանդիպել նրա հետ, ինչը ժամանակ առ ժամանակ թույլատրվում էր մինչ այդ հանդիպումը: Ի դեպ, այն, որ Ա. Արզումանյանը կալանավորվել է բացառապես քաղաքական դրդապատճառներով, ապացուցում է նաեւ օրերս ԱԱԾ տարածած հայտարարությունը, որից տեղեկանում ենք, որ քննիչների մի խումբ գործուղվել եւ այժմ գտնվում է Մոսկվայում: Իսկ խմբի նպատակն է՝ պարզել Արզումանյանին գումար փոխանցած անձի ով լինելը, գումարի ծագման աղբյուրը եւ գումարի փոխանցման նպատակը: Փաստորեն, ԱԱԾ-ում տեղյակ չեն, թե ով եւ ինչ ծագման գումար է ուղարկել Ա. Արզումանյանին, ու վերջինիս «փողերի լվացման» մեղադրանքով կալանավորելուց հետո է ԱԱԾ-ն փորձում պարզել, թե այդ ի՞նչ փողեր է «լվացել» ԱԳ նախկին նախարարը, կամ թե «լվացե՞լ» է ընդհանրապես: Այսքանից հետո ավելի անհեթեթ գործ դժվար է երեւակայել: Իսկ Ա. Արզումանյանի կալանավորումից մոտ կես տարի առաջ ոչ պակաս անհեթեթ մեղադրանքով, հարայ-հրոցով ռեստորանում հղի կնոջ ներկայությամբ կալանավորվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը: Մոտավորապես նույն ժամին կալանավորվեց նաեւ նրա մարտական ընկեր Վարդան Մալխասյանը: Անհեթեթությունն այստեղ էլ այն է, որ վերոնշյալ անձինք մեղադրվում են ինչ-որ կազմակերպության «փակ նիստում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչեր անելու համար»: Եթե նույնիսկ հալած յուղի տեղ ընդունենք ԱԱԾ-ի այն պնդումը, թե Ժ. Սէֆիլյանն ու Վ. Մալխասյանը մեր երկրի սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր են արել, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է փակ նիստում հրապարակային ինչ-որ բան հնչեցնել: Նույն «հիմքերով» կարելի է կալանավորել ՀՀ բնակչության մի զգալի մասին. նրանց, ովքեր ամեն երեկո «Հայլուրով» տեսնելով որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, կարծիք են հայտնում, թե «սրան պետք է կախել» կամ առնվազն՝ «գլուխը ջարդել»: Բայց վերադառնանք երեկ Ժ. Սէֆիլյանի եւ Վ. Մալխասյանի գործով մեկնարկած դատավարությանը: Երեկ այն հետաձգվեց եւ կշարունակվի հուլիսի 6-ին: Երեկվա դատական նիստի հենց սկզբում Ժ. Սէֆիլյանի փաստաբան Վահե Գրիգորյանը բացարկ ներկայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Սրանից հետո դատական նիստը հետաձգվեց 3 ժամով, որից հետո դատավոր Մարտիրոսյանը տեղեկացրեց, թե դատական նիստը կշարունակվի հուլիսի 6-ին, եւ բացարկի ճակատագիրն էլ պարզ կդառնա այդ օրը: Թերեւս կասկած չկա, որ բացարկը կմերժվի: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին երեկ դատարանի դահլիճում ներկաները դիմավորեցին ծափահարություններով ու «ա՛-զա՛-տո՛ւ-թյո՛ւն» վանկարկելով: Դատավարությանը ներկա էին նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: Վերոնշյալ դատական նիստերին զուգահեռ՝ ԱԺ դարպասների մոտ երեկ մեկնարկեց տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիան, որով նրանք բողոքում էին ԱԺ-ում այդ պահին «քննարկվող» օրինագծերի դեմ: Մի քանի տասնյակ քաղաքացիներ երեկ կապել էին իրենց բերանները՝ ի նշան բողոքի: «Ազատությունը քեզ համար, Հայաստա՛ն», «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Տիգրան Թորոսյանին եւ էն մյուսներին», «Մահ կամ ազատություն» եւ այլ ցուցապաստառներով մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ, «Ազատություն» ռ/կ-ի ունկնդիրներ Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք: Ցուցարարներն իրենց հետ տանում էին «Անկախ կախյալներ» ցուցապաստառը՝ վրան նկարված անդեմ 79 պատգամավոր՝ անուն ազգանուններով. ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, ՀՅԴ-ական այն 79 պատգամավորների անուններով, ովքեր առաջին ընթերցման ժամանակ «կողմ» էին քվեարկել «Ազատությանը» սպառնացող օրինագծերին: Նախորդ մի քանի օրերին հեղինակավոր միջազգային բազմաթիվ կազմակերպություններ հայտարարություն տարածեցին Հայաստանում «Ազատության» հեռարձակումը սահմանափակող օրինագծերի կապակցությամբ: Այդ նույն օրերին, ժամը 19:00-ին, երբ սկսվում է «Ազատության» հիմնական եթերաժամը, Ազատության հրապարակում հավաքվում էին «Ազատության» մոտ 100 ունկնդիրներ եւ միասին լսում «Ազատության» այդ օրվա թողարկումը: Մինչեւ առաջիկա ուրբաթ օրն՝ ամեն օր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կհնչի «Ազատությունը», իսկ ուրբաթ օրը նույն վայրում նախատեսված է հանրահավաք՝ ի պաշտպանություն «Ազատություն» ռ/կ-ի: