Շաբաթ օրը ՀՀ Գլխավոր դատախազությունը տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի՝ բացահայտվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի եւ դեպքի վայրում գտնվող անցորդ Կարինե Սարգսյանի սպանության դեպքը:
Դատախազության տեղեկատվության համաձայն՝ կասկածյալը 1993թ. ծնված Արսեն Ֆելիքսի Առուշանյանն է, որը նախկինում դատված է եղել, ապա գողության համար գտնվել է հետախուզման մեջ: Եվ, ինչպես մեզ տեղեկացրին Դատախազությունից, նշված գողության գործը քննելու ընթացքում բացահայտվել է, որ հենց Արսեն Առուշանյանն է սպանել Սեդրակ Զատիկյանին: ՀՀ Գլխավոր դատախազության տարածած վարկածի համաձայն՝ Առուշանյանն ընդամենը վարձու սպանող (քիլլեր) է եղել, եւ ինչ-որ մարդիկ նրան պատվիրել են սպանել Զատիկյանին: Դատախազության Քննչական վարչությունում սպանության գործի նախաքննությունը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ 26-ամյա Սեդրակ Զատիկյանին սպանել են մոտ մեկ տարի առաջ՝ 2006թ. հունիսի 22-ին, Երեւանի Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում. Զատիկյանը հրազենային կրակոցներ էր ստացել իր սեփական «Բրաբուս-Մերսեդես» մակնիշի «10ՏՏ045» պետհամարանիշի ավտոմեքենան վարելու ընթացքում: Արձակված կրակահերթից սրտին ստացած հարվածից մահացել էր նաեւ պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Սպանության հենց հաջորդ օրը սկսեցին շրջանառվել մի քանի վարկածներ, որոնցից հիմնականն այն էր, թե Զատիկյանի սպանությունը կապ ունի 2004թ. ապրիլի 1-ին տեղի ունեցած մեկ այլ միջադեպի հետ. այն ժամանակ Զատիկյան եղբայրները՝ Սեդրակը եւ Անդրանիկը, ծեծել եւ հրազենից կրակել էին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդուն՝ Վարդան Հակոբյանին ու նրա ընկերոջը՝ Նարեկ Խաչատրյանին: Այս վարկածի համաձայն, Զատիկյանների եւ Հակոբյանի որդու ու եղբորորդիների հարաբերություններն այդքան սրվել են 2003թ. ընտրություններից հետո: Եվ ահա Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո որոշակի շրջանակներում սկսեցին քննարկել այն վարկածը, որի համաձայն՝ Զատիկյանի սպանության պատվիրատուները Հակոբ Հակոբյանի եղբորորդիներն են եղել: Սակայն այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հերքել էր սպանությանն իր եղբորորդիների մասնակցության վերաբերյալ վարկածը՝ ասելով, թե նրանց եւ Զատիկյանների փոխհարաբերությունները վաղուց են հարթվել, եւ Զատիկյան եղբայրներն ու իր եղբորորդիներն ընկերություն են արել: Նշենք նաեւ, որ Սեդրակ Զատիկյանի սպանությունից մի քանի օր հետո սպանության առիթով իրականացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը ձերբակալել էր Հ. Հակոբյանի եղբորորդուն՝ Ստեփան Հակոբյանին: Սակայն մեկ շաբաթ հետո նրան բաց էին թողել:
Ինչ վերաբերում է 2004-ի ապրիլի 1-ի միջադեպին, ապա այդ առնչությամբ այն ժամանակ Ոստիկանությունում «խուլիգանության» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել եւ Զատիկյան եղբայրների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Սակայն ապացույցների բավարար չլինելու պատճառով գործը կարճվել էր, այն դեպքում, երբ միջադեպին ականատես բազմաթիվ վկաներ են եղել: Դեռեւս 2004թ. կարծիք կար, թե Ոստիկանությունում ի սկզբանե այդ գործի նախաքննությունն այնպես է տարվել, որպեսզի քրեական գործը կարճվի: Իսկ Ս. Զատիկյանի սպանությունից հետո շատերն այն կարծիքն էին հայտնում, որ եթե 2004թ. իր կատարածի համար նա պատժվեր, ապա այս դեպքը չէր լինի եւ դրան զոհ չէր դառնա նաեւ երեք անչափահաս երեխաների մայր Կ. Սարգսյանը:
Ինչեւէ: Չնայած Սեդրակ Զատիկյանի սպանության գործի շրջանակներում Առուշանյանի ձերբակալությունը ներկայացվում է որպես «չբացահայտված աղմկահարույց գործերից մեկի բացահայտում», սակայն այդ գործին քիչ թե շատ տեղյակ շրջանակներում խոսում են այն մասին, որ սպանության գործը պարզապես բարդվել է Ա. Առուշանյանի վրա: Այսինքն՝ սպանության իրական պատվիրատուներն ու կատարողը շարունակում են մնալ ազատության մեջ: Ինչ վերաբերում է աղմկոտ սպանություններին, ապա Սեդրակ Զատիկյանի սպանությունն անցած տարվա միակ նման հանցագործությունը չէր: 2006 թ. ապրիլի 24-ին Արկադի Տեր-Թադեւոսյանի որդին եւ նրա ընկերը հրազենով սպանել էին 1980թ. ծնված Էրիկ Սարգսյանին, օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի ճանապարհին սպանվել էր Ալեքսանդր Գիվոեւը: Ընդ որում, Գիվոեւի սպանության ժամանակ էլ արձակված կրակահերթից զոհվել էր մի կին: Սեպտեմբերի 6-ին իր տան մոտ ծառայողական մեքենայի մեջ տեղադրված պայթուցիկ սարքից սպանվել էր Հարկային պետական ծառայության Օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանը: Ընդ որում, Հայաստանում նման սպանությունների քանակը մի քանի անգամ ավելի արագ է աճում, քան դրանց բացահայտումների թիվը: Անգամ ոչ արժանահավատ «բացահայտումների»:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անդրադարձել է այս գործին։ «Սեդրակ Զատիկյանի սպանության գործի բացահայտումը քննիչի կողմից քրտնաջան օրերի, ամիսների վերլուծական աշխատանքի արդյունք է: Ստուգվել են բազմաթիվ վարկածներ: Ի վերջո, աշխատեց այն վարկածը, որ սպանությունը կատարվել է անբարյացակամ հարաբերությունների հետեւանքով»,- հայտարարել է Հովսեփյանը` չնշելով սպանության որեւէ օրինակ, որը կատարվել է բարյացակամ հարաբերությունների հետեւանքով: