Կաթնամթերքի օգտակար լինելու հանգամանքը հայտնի է նույնիսկ ոզնուն: Բայց որ անորակ կաթից կարելի է շատ «որակով» հիվանդանալ, քչերս ենք մտահոգվում: Իհարկե, կաթնատու կենդանիների հետ ամենաշատ շփում ունեցող ու գիտակ գյուղացուն չես համոզի, որ կաթի որակը կախված է շատ բաներից: Օրինակ, կովին կթելուց առաջ կովանոցը օդափոխելուց ու կուրծքը գոլ ջրով լվանալուց։ Որ կաթի առաջին շիթերը պետք է կթել առանձին, քանի որ դրանք պարունակում են տարբեր տեսակի ախտածին մանրէներ, որ կաթն ունի հիգրոսկոպիկ հատկություն. կլանում է կողմնակի հոտերը, այդ պատճառով, կթելուց հետո կաթը պետք է դուրս բերվի կովանոցից, եւ այլն: Բայց նույն գյուղացին չի պիտակավորում իր կաթն ու մածունը եւ այդպիսով չի երաշխավորում նրա որակը: Յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ օգտագործել այն, կամ չօգտագործել: Գյուղացին մեր ընտրության համար պատասխանատու չէ նաեւ այն պատճառով, որ ինքը չի իրացնում ապրանքը, այլ` վերավաճառողը, ուստի շահագրգռված չէ բարձրացնելու ապրանքի որակը կամ ավելի խիստ հետեւելու գրված ու չգրված կանոններին: Բոլոր պանիրներն ունեն հասունացման ժամկետ: Աղաջրային պանիրները պետք է հասունանան մինչեւ 2 ամիս: Բայց գյուղացին արագ շահույթ ստանալու համար 3 օրից այն տանում է իրացման: Իսկ չհասունացած պանիրը կարող է վարակված լինել բրուցելյոզի, սիբիրախտի, տուբերկուլյոզի ու աղիքային խմբի հարուցիչներով: Բացի այդ, երբեմն փոքր արտադրություններում պանիրը պատրաստում են հում կաթից:
Պիտակավորում ու պահպանում
Թվում է, թե ավելի խոշոր արտադրողները ավելի բարեխիղճ են, պահպանում են արտադրության սանիտարա-հիգիենիկ պայմանները, բայց հաճախ մարդկանց թյուրիմացության մեջ են գցում` պիտակի վրա չտեղադրելով անհրաժեշտ ինֆորմացիա ապրանքատեսակի մասին: Գյուղատնտեսական ակադեմիայի կաթի եւ մսի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Ռազմիկ Բեգլարյանի խոսքերով, ցանկացած տեսակի կաթնամթերքի պիտակի վրա պետք է նշվի տարայավորման ամիսն, ամսաթիվը եւ խմբաքանակի համարը, եթե գործարանն աշխատում է մի քանի հերթափոխով: Պիտակի վրա մանրամասն պետք է գրված լինի ապրանքի քիմիական կազմը, պատրաստման պայմանները, ռադիոակտիվ էլեմենտների բացակայությունը եւ էներգետիկ արժեքը՝ կալորիականությունը, տվյալ մթերքի արտոնագրի համարը, ՀՍՏ-ի առկայությունը, պահպանման եղանակն ու ժամկետը: Ի գիտություն թթու կաթնամթերքի սիրահարների. մածունը, թթվասերը եւ կաթնաշոռը կարելի է պահել մինչեւ 6 աստիճանի պայմաններում ոչ ավել, քան 72 ժամ, մանկական սննդամթերքը՝ 36 ժամ: Դրանից հետո այդ սննդամթերքը պիտանի չէ օգտագործման: Այն պետք է ետ վերադարձվի գործարան, ինչը հիմնականում չի արվում: Բայց տարակուսանք է առաջացնում այն, որ եթե նույնիսկ որոշ կաթնամթերքների վրա գրված է օգտագործման ժամկետը, ապա գրված չէ, թե երբ է այն արտադրվել: Մեկ այլ տարբերակ է շաբաթվա օրերը նշելը, ասենք 1 օրը՝ դա երկուշաբթին է, բայց թե ո՞ր շաբաթվա երկուշաբթին՝ սպառողին հավանաբար պետք է հուշի սեփական կանխազգացումը: Ժամկետանց կաթնամթերքը կարելի է ճանաչել անջատված շիճուկից, ոչ համասեռ մասսայի, պղպջակների առկայությունից, թթու հոտից:
Պարենային ահաբեկություն
Այսօր կաթնամթերքի արտադրության մեջ օգտագործվում են տարբեր տեսակի կոնսերվանտներ ու կայունացուցիչներ, որոնք, ի դեպ, անհայտ ծագում ունեն եւ արհեստական մածուցիկություն են տալիս կաթնամթերքին:
«Ցավոք, մենք չունենք ժամանակակից սարքավորումներ ու լաբորատորիաներ, որոնց օգնությամբ կարելի է որոշել թունավոր նյութերի առկայությունը կամ կայունացուցիչների ու կոնսերվանտների առաջնային հումքը,- ասում է Ռ. Բեգլարյանը,- որոնք կարող են լինել քիմիական կամ կենսաբանական, օրգանական միացություններ կամ գենետիկական մոդիֆիկացված նյութեր: Դա նշանակում է, որ մեր երկրում պարենային անվտանգության լուրջ խնդիր կա»:
Մանուկների այդքան սիրելի յոգուրտի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ, բացի կաթնաթթվային բակտերիաներից, այստեղ կան բիֆիդոբակտերիաներ: Վերջիններս բարձրացնում են մարսողական տրակտի թթվայնությունը, ինչը կանխում է նեխող միկրոբների աճն ու զարգացումը եւ դրանով բարելավում մարսողությունը: Եթե յոգուրտը պարունակում է կոնսերվանտներ, որոնք մանկական սննդի մեջ ընդհանրապես չպետք է օգտագործվեն, ապա այդ մթերքի օգտակարության մասին խոսելն ավելորդ է: Տեղական արտադրության յոգուրտների պատրաստման վերաբերյալ Ռ. Բեգլարյանը նշում է, որ կա մշակված տեխնոլոգիա, որի շնորհիվ հայրենական արտադրության յոգուրտներն, ի տարբերություն արտասահմանյան «մուտանտների», կոնսերվանտներ չեն պարունակում եւ պահպանման ժամկետը ոչ ավել, քան 72 ժամ է: Կոնսերվանտներով հարուստ են արտասահմանյան յոգուրտները, որոնց օգտագործման ժամկետն 90 օր է: «Հետաքրքիր է, ոչ ոքի մոտ հարց չի՞ ծագում, թե այդ յոգուրտներն ինչո՞ւ են փառակալած: Գուցե դա հենց այն պաշտպանիչ շերտն է, որը թույլ է տալիս պահպանել մթերքը երեք ամիս: Ես շատ լավ բաղադրատոմս կարող եմ առաջարկել նրանց, ովքեր ցանկանում են, որ իրենց մածունը չթթվի: Ընդամենը «Նաիրիտի» քիմիական թափոններից մի քանի գրամ ավելացրեք կաթի մեջ եւ դուք կունենաք հավերժ կաթնամթերք»,- հեգնեց պրն Բեգլարյանը:
Փաթեթավորում
Ռազմիկ Բեգլարյանի հետ զրուցեցինք նաեւ կաթնամթերքի տարայավորման մասին:
Պոլիէթիլենային տարաները չեն ենթարկվում կենսաբանական քայքայման եւ աղտոտում են հողն ու օդը: «Նախկինում լայնորեն կիրառվող ապակե տարաները ամենահարմարն, անվտանգն ու էժանն էին,- ասում է պրն Բեգլարյանը,- բացի նրանից, որ ապակե տարաները կրկնակի, եռակի օգտագործման ենթակա են, եւ նույնիսկ ջարդոնները հնարավոր է վերամշակել, տարայի տեսակն ապրանքի ինքնարժեքի վրա է անդրադառնում: Պոլիէթիլենային տարաներով սննդի տարայի գինն ապրանքի գնի մեծ մասն է կազմում: Օրինակ, մեկ լիտրանոց կաթի պոլիէթիլենային տարան արժե 96-98 դրամ, այսինքն` գնի 25-30%-ը: 100 գրամ թթվասերի տարան 48 դրամ է: Դա սպառողի վրա շատ թանկ է նստում: Հետո այդ տարաները, տոպրակները պետք է ստուգվեն, արդյո՞ք դրանք պիտանի են սննդամթերք փաթեթավորելու համար՝ մի բան, որ նորից անհայտ է մեզ համար: Այսինքն, այսօր մենք պետք է լուրջ մտահոգվենք ոչ միայն մեր, այլեւ եկող սերնդի մասին, որի վրա կարող է անդրադառնալ այսօր մեր կատարած յուրաքանչյուր սխալ»: