– Պարոն Մելքումյան, ինչո՞ւ եք որոշել առաջադրել ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ դարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ։ Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը «ծանր բեռ» է լինելու ապագա նախագահի համար։
– Ղարաբաղյան շարժումը հենց կոմունիստներն են սկսել, եւ նրանք էլ պետք է այն հասցնեն իր տրամաբանական ավարտին: 1980-ական թվականների վերջին, բացի կոմունիստականից, չկար ուրիշ կուսակցություն, եւ բոլորը միասին հրապարակ էին դուրս եկել` հարցը լուծելու: Բացի ազգերի ինքնորոշման գաղափարախոսությունից՝ ուրիշ գաղափարախոսություն չի կարող Ղարաբաղի հարցը լուծել: Իսկ ազգերի ինքնորոշման գաղափարախոսությունը տվել են Կոմունիստական կուսակցության հիմքում կանգնած մարդիկ` Մարքսը, Էնգելսը, Լենինը եւ այլք: Եվ օգտվելով այն հանգամանքից, որ Ղարաբաղի պարագայում ազգերի ինքնորոշման գաղափարախոսությունն է ընդունելի, Կոմունիստական կուսակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելուն, ասեմ, որ եթե արջից վախենանք` անտառ չպիտի գնանք: Մարդ միայն իր համար չպիտի մտածի, այլ` նաեւ ժողովրդի: Իսկ «ծանր բեռի» մասին կասեմ հետեւյալը` թեթեւ բեռ չի լինում երբեք, այն միշտ ծանր է լինում: Եթե մարդը ցանկություն ունի աշխատելու եւ ծառայելու իր ժողովրդին` պետք է դրան էլ պատրաստ լինի: Ինչ վերաբերում է ԼՂՀ դիվանագիտական խնդիրներին, ապա կարող եմ ասել, որ այդ ասպարեզում մենք պարտություն արդեն իսկ կրում ենք, ինչից անհրաժեշտ է խուսափել:
– Ձեր նախընտրական ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս թեկնածուների ծրագրից, եւ որո՞նք են սկզբունքային տարբերությունները։
– Ծանոթ չեմ մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերին, քանի որ այս թոհուբոհի մեջ ժամանակ չկա ծանոթանալու: Ես հանդիպումների ժամանակ իմ ծրագիրն եմ քարոզում միայն:
– Որո՞նք են ձեր ծրագրի երեք կարեւորագույն եւ առանցքային դրույթները։
– Իմ ծրագրի հիմքում դրված են սոցիալական արդարությունը, օրենքի գերակայությունը, ժողովրդին այս ծանր վիճակից հանելու ուղիները, որոնք հստակ հաշվարկների վրա են հիմնված:
– Ձեր կարծիքով՝ թեկնածուների համար հավասա՞ր պայմաններ են ստեղծված նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։
– Քանի որ կուսակցությունը շրջաններում եւ մայրաքաղաքում կառույցներ ունի` ես ոչ մի բարդությունների առաջ չեմ կանգնում քարոզարշավի ժամանակ: Անհավասարություն չեմ նկատել մինչեւ հիմա: