Ժողովուրդը երբեմն սխալվում է

04/07/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջին օրերին եղանակի տաքացմանը զուգահեռ՝ մարդկանց շրջանում որոշակի անհանգստություն է նկատվում: Մասնավորապես, շատերը կարծում են, որ ինչպես եվրոպական շատ երկրներում, Հայաստանում եւս հնարավոր է ջերմաստիճանի այնպիսի բարձրացում, որն անցանկալի հետեւանքներ կունենա:

Եվ, չնայած Հայաստանում արդեն եղանակային կատակլիզմներ արձանագրվել են, սակայն մասնագետները վստահեցնում են, որ անհանգստանալու կարիք չկա: Իսկ եղանակի` նորմայից շեղումներ տեղի են ունեցել անցած շաբաթ օրը, Հայաստանի հյուսիսային շրջաններում դիտվել են եղանակային կատակլիզմներ. Իջեւանում արձանագրվել է ուժեղ քամի՝ վայրկյանում 36 մ արագությամբ, Գավառում` մոտ 2 ժամ տեւողությամբ կարկուտ է եկել, իսկ Բջնի գետի վարարման հետեւանքով կամուրջ է ավերվել: Բնականաբար, բնության աղետը հասցրել է գյուղատնտեսական մեծ վնաս, ինչը մասնագետների կողմից ճշտման կարիք ունի:

Շատերը` հիմնվելով «ավանդական մեթոդների» վրա, գտնում են, որ սառնաշունչ ձմռանը պետք է հաջորդի սաստիկ շոգ ամառ, եւ այսպես շարունակ:

«Եթե այդ կանխատեսումներն արդարանան, ուրեմն եղանակի սեզոնային էական փոփոխություններ չեն լինի: Միանշանակ, պետք է հերքել, որ նման կանխատեսումները կարող են իրականանալ: Թեպետ ասում են, որ ժողովրդի հիշողությունը չի դավաճանում, բայց մանրակրկիտ ուսումնասիրությունները հակառակն են փաստում»,- հավաստիացնում է Հայպետհիդրոմետի Օպերատիվ հիդրոդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նա նկատում է նաեւ, որ անցյալ տարի մայիսի վերջերից հանրապետությունում գրանցված բավականին բարձր ջերմաստիճանի եւ առանց տեղումների եղանակի համեմատ, այս տարվա հունիսը մեղմ էր` այն միջինը 3-4 աստիճանով ավելի հով էր, քան անցյալ տարի: Եվ, չնայած մասնագետների գնահատականներին, մարդկանց մոտ ձեւավորվել է կարծիք, որ եղանակի մասին պաշտոնական տեղեկատվությունը միտված է թաքցնել առկա ջերմաստիճանի իրական ցուցանիշը: Զ. Պետրոսյանը կարծում է, որ տարակարծության պատճառներից մեկն այն է, որ բարձր խոնավության պատճառով նույն ջերմաստիճանը մարդկանց կողմից ընկալվում է ավելի բարձր, քան իրականում կա: Բարձր ջերմաստիճանի ընկալման մյուս պատճառն այն է, որ քաղաքացիների բնակարաններում եւ ավտոմեքենաներում տեղադրված անհատական ջերմաչափերը կարող են ցույց տալ ընդհուպ մինչեւ 50 աստիճան տաքություն (հատկապես ժամը 3-ից հետո ասֆալտի վրա կարող է նման ջերմաստիճան արձանագրվել), ինչն արտացոլում է տվյալ պատի կամ արեւի անմիջական ճառագայթով պայմանավորված ջերմության առավելագույն ցուցանիշը, եւ Զ. Պետրոսյանի հավաստիացմամբ, այն շրջապատում առկա օդի ջերմաստիճանի հետ կապ չունի: «Մենք ներկայացնում ենք 2 մետր բարձրության վրա փակ փայտե տնակում արձանագրված ջերմաստիճանը: Այդպես օդի ջերմաստիճանը որոշում են ամբողջ աշխարհում: Իսկ եթե չափելու լինենք ասֆալտի ջերմաստիճանը, ապա այն շատ ավելի բարձր է: Բնականաբար, ասֆալտից այդ ջերմաստիճանը տարածվում է մթնոլորտ եւ շրջակա տարածքում էլ այն կարող է բարձր լինել: Քանի որ միանշանակ մոտեցում չի կարող ցուցաբերվել տարբեր տարածքների ջերմաստիճանների մասին, ընտրվել է ջերմաստիճանի չափման այդ մեթոդը»,- ասում է կենտրոնի պետը: Ինչեւէ, Հայպետհիդրոմետի կանխատեսումներով, հուլիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը1-2 աստիճանով բարձր կլինի նորմայից, իսկ ամսական տեղումների քանակը` նորմայից ցածր: Եթե ամսական կանխատեսումներն արդարանան (դրանք իրականանում են 60-65 տոկոսով)՝ այս տարվա հուլիսին սպասվում է ավելի շոգ եղանակ, քան անցյալ տարի: Այսպես, Երեւանում միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է 25-26 աստիճան, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 34-37 աստիճանի: Այս շաբաթվա վերջում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, հանգստյան օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 36 աստիճան, չի բացառվում, որ առանձին վայրերում այն կհասնի մինչեւ 37 աստիճանի` հատկապես մայրաքաղաքում եւ հովտային շրջաններում: Նշենք, որ Երեւանում նախորդ օրերին գրանցված արձանագրված առավելագույն ջերմաստիճանը եղել է 34 աստիճան: «Երբ օդի ջերմաստիճանը հատում է 36-37-ի սահմանը, ժողովուրդը հակված է ասելու, որ բարձր ջերմաստիճանի դեպքում անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքները, իբրեւ թե խորհրդային շրջանում այդպիսի օրենք է գործել: Միանշանակ, այդպիսի օրենք չի եղել, եւ համաձայն եմ, որ այդպիսի օրենքներ չգործեն: Ավելի լավ է մտածենք՝ ինչպիսի միջոցառումներ իրականացնել: Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի տնտեսության վիճակը, եթե ելնելով եղանակային պայմաններից՝ դադարենք աշխատել: Եթե հայտարարում ենք, որ 40 աստիճանից բարձրն արդեն արտակարգ իրավիճակ է, ապա այդ դեպքում կենտրոնացած պետք է աշխատել, քանի որ այդ ժամանակ սրվում են որոշակի ինֆեկցիոն եւ սրտանոթային հիվանդությունները, ու եթե այդ ընթացքում համաճարակաբանները չաշխատեն, կանխատեսելի է, թե այն ինչ տխուր հետեւանքներ կունենա: Ես 20 տարուց ավելի աշխատում եմ Հայպետհիդրոմետում եւ կարող եմ վստահորեն ասել, որ երբեք չի աղավաղվել ջերմաստիճանի մասին տեղեկատվությունը: Թվերն արհեստականորեն շեղելու կարիքը չկա: Այս նրբություններն է, որ ժողովուրդը չգիտի եւ այլ մեկնաբանություններ է դրանց տալիս»,- վստահեցնում է Օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետը: Զ. Պետրոսյանը կարծում է, որ երեւանյան կիզիչ արեւից եւ հեղձուցիչ օդից խուսափելու եւ հանգստի մեկնելու համար պետք է ընտրել հուլիս եւ օգոստոս ամիսները: