«Հայկական կողմը համաձայնություն է տվել հակամարտության փուլային կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակցող յոթ շրջաններից զորքն առաջիկա տարիներին դուրս բերելուն»,- Ադրբեջանի Ռամանի գյուղում մայիսի 4-ին հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Այս հայտարարությունը հայկական կողմը մինչ օրս չի հերքել: Ավելին, Ալիեւի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանն անուղղակիորեն հաստատել էր այն՝ ասելով. «Առաջին անգամ չէ, որ Ի. Ալիեւը փորձ է անում հրապարակել բանակցությունների բովանդակությունը: Կարող եմ միայն նշել, որ այս անգամ էլ որեւէ նոր «բացահայտում» չկար»: Իսկ «Ուրբաթ» ակումբում երեկ լրագրողներն արտգործնախարար Վարդան Օսկանյանին ուղիղ հարց ուղղեցին. ասում են, թե բանակցություններում խոսվում է բոլոր յոթ շրջանները վերադարձնելու մասին. կա՞ այդպիսի բան: Վ. Օսկանյան ը դարձյալ չհերքեց, որ նման բան կա: «Փաստաթղթում ներառված են հարցի կարգավորման բոլոր սկզբունքները: Բոլոր. կարգավիճակ, անվտանգության խնդիրներ, տարածքներ, փախստականներ, կապ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ… : Բոլոր տարրերը կան: Ես երբեք չէի առանձնացնի դրանցից մեկը եւ դրա մասին ինչ-որ խոսեի… : Այստեղ գործում է այն սկզբունքը, որ, վերջիվերջո, պետք է հարաբերակցությունը բոլոր այս էլեմենտների եւ սկզբունքների միջեւ լինի այնպես, որ ընդունելի լինի կողմերի համար»: Այնուամենայնիվ, խոսքը յո՞թ շրջանների մասին է: «Ես որեւէ մանրամասների մեջ այս կապակցությամբ չեմ մտնելու»,- ի պատասխան՝ նշեց Վ. Օսկանյանը: Սակայն այս ամենից հետո ասուլիսի վերջում արտգործնախարարը, ով վերջերս փաստել էր, որ մինչեւ 1997 թվականը ԼՂ-ն բանակցային կողմ էր, եւ այժմ Հայաստանը ձգտում է վերադառնալ «սկզբնական ֆորմատին», այնուամենայնիվ, չունեցավ բավականաչափ քաջություն եւ հայտարարեց, թե 1997 թվականի համեմատ ԼՂ հարցում հայկական կողմի դիրքերը «միանշանակորեն առաջընթաց» են արձանագրել: Իսկ ո՞րն է այդ առաջընթացը: Եթե առաջնորդվենք միայն փաստերով, առանձնապես առաջընթացի մասին վկայող բան չենք գտնի. նախորդ 10 տարիներին ԼՂ-ն դուրս մղվեց բանակցային գործընթացից, միջազգային մի շարք փաստաթղթերում Հայաստանը որակվեց «օկուպանտ», մեղադրվեց Ադրբեջանի տարածքներում «էթնիկ զտումներ» իրականացնելու համար, ԼՂ-ին հարակից տարածքները, անգամ բուն ԼՂ-ն որակվեցին որպես Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներ… : Թերեւս ավելորդ է նշել, որ ԼՂ հարցն ինքնորոշման խնդրից վերափոխվեց տարածքային, անջատողական վեճի: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ այդ տարիներին Հայաստանի մեկուսացումը չափազանց խորացավ, եւ մեր երկիրը դուրս մնաց տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից, ինչը, հասկանալի է, թուլացնում է ՀՀ դիրքերը նաեւ ԼՂ հարցում, ապա շատ ու շատ ավելի հետաքրքիր է դառնում այն հարցի պատասխանը, թե այնուամենայնիվ` ո՞րն է այդ առաջընթացը, որի դիմաց վերոնշյալ կորուստները «չեն երեւում»: «1997-ին խոսքը փուլային լուծման մասին էր, կարգավիճակի հարցը պետք է հետաձգվեր, անորոշ ձեւով հետաձգվեր: Այսօր բանակցային հիմքում որպես առանցքային հարց դրվել է ԼՂ ժողովրդի ինքնորոշման խնդիրը՝ ռեֆերենդումի ճանապարհը: Իմ գնահատմամբ՝ միանշանակորեն սա մեզ համար ավելի ընդունելի տարբերակ է, քան 1997-ի տարբերակն էր»,- երեկ նշեց Վ. Օսկանյանը: Այսինքն՝ վերը թվարկած կորուստների դիմաց մենք «վաստակել ենք» հանրաքվեի մասին խոսելու իրավունք: Սակայն մինչ մենք դեսից-դենից խոսում ենք, կատարվում են կոնկրետ գործեր եւ իրադարձություններ, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում: Այս տեսանկյունից բոլորովին էլ զարմանալի չէ, որ Վ. Օսկանյանն Ադրբեջանի կողմից պայմանավորվածություններից հրաժարվելու նախանշաններ է նկատում: Գուցե Ադրբեջանը Քոչարյան-Ալիեւ հաջորդ հանդիպման ժամանակ էլ խոսի հայկական կողմի համար գրավիչ մի այլ բանից, ու մինչ հայկական կողմը հրճվանքով կներկայացնի հայկական դիվանագիտության այդ փայլուն նվաճումը, կարձանագրվեն կոնկրետ, փաստացի իրողություններ, որոնք ամենեւին էլ հայկական կողմին ուրախանալու առիթ չեն տա: Ի վերջո, կարեւորը կատարվող կոնկրետ գործողություններն ու արձանագրվող փաստերն են, ոչ թե ինչ-որ խոսակցություններ, որոնք պարզապես բանակցային գործընթացը ձգձգելուն են միտված: Իսկ որ ԼՂ հարցում (եւ ոչ միայն ԼՂ հարցում) վերջին 10 տարիներին մեր երկիրը շատ կոնկրետ, փաստացի անհաջողություններ է արձանագրել` փաստ է (արդեն թվարկեցինք դրանց մի մասը): Ինչեւէ, անդրադառնալով օրերս էլ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի արած հայտարարություններին՝ Վ. Օսկանյանը երեկ նշեց, թե Դեւիսի ասածներում իրար հակասող մտքեր եւ ոչ հստակ ձեւակերպումներ կային: «Ես կարծում եմ, որ ինքն այնտեղ փորձել էր ֆիքսել առկա ինչ-որ իրավիճակ՝ ասելով, որ այս պահի դրությամբ, ինչը հաճախ ուրիշներն էլ են ասում, միջազգային հանրությունն այսպիսին է ճանաչում իրավիճակը: Ինքը տվել է իր ձեւակերպումը, որը մեզ համար բացարձակապես անընդունելի է: Բայց ինքն իրավիճակն է կարծեք փորձել ներկայացնել»,- ասաց Վ. Օսկանյանը: Հիշեցնենք, որ Դեւիսն ասել էր, թե ԼՂ-ն «օրենքով համարվում է գրավյալ տարածք»: Հայտարարելով, որ Դեւիսը փորձել է ներկայացնել, թե այս պահին միջազգային հանրությունն ինչպես է ընկալում ներկա իրավիճակը, Վ. Օսկանյանը փաստորեն նաեւ ընդունում է, որ ԼՂ-ն այսօր միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես «գրավյալ տարածք»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց ինչ-որ առաջընթացի մասին էինք խոսում, չէ՞: Իսկ ողջունելի մի բան, այնուամենայնիվ, կա: Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների նախաձեռնությամբ հայ եւ ադրբեջանցի մի խումբ մտավորականներ անցած 1-2 օրերին այցելել են Ստեփանակերտ, այնուհետեւ՝ Երեւան եւ Բաքու: Նպատակը երկու ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի վերականգնումն է: Հայ եւ ադրբեջանցի մտավորականներին ընդունել են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը: Վ. Օսկանյանը երեկ դրական գնահատեց այս ակցիան՝ տեղեկացնելով, որ Քոչարյան-Ալիեւ սանկտպետերբուրգյան հանդիպման ժամանակ նախագահները հավանություն են տվել դեսպանների այդ գաղափարին, ինչն էլ դեսպաններն օրերս իրականացրեցին: Վ. Օսկանյանը, ով օրերս Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ կազմակերպության 15-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էր Ստամբուլում, հանդիպել է նաեւ Թուրքիայի իր պաշտոնակից Աբդուլլահ Գյուլի հետ: «Ես վերահաստատել եմ մեր դիրքորոշումը՝ առանց նախապայմանների հարաբերություններ զարգացնելու, սահմանը բացելու՝ որպես առաջին քայլ»,- ասաց Օսկանյանը (իսկ սահմանը բացելու պայմանը նախապայման չէ՞): Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտումներ նախարարը դեռ չի տեսնում: