Մեր երկրի անվտանգությունը խարխլելու, Արեւմուտքից ֆինանսավորվելու եւ Հայաստանում քայքայիչ գործունեություն իրականացնելու մեղադրանքով «Ազատություն» ռ/կ-ն պարբերաբար կանգնում է հեռարձակումից զրկվելու վտանգի առջեւ: Մեղադրանքը բացահայտ չէ, այն շրջանառության մեջ է դրվում որոշակի պարբերականությամբ, կոնսպիրացիայի եւ գաղտնիության ժանրի կանոններով: Քաղաքականապես հասուն այրերն Ամերիկա ասելով` հասկանում են Իսրայել, հետեւաբար` սիոնիզմ: Հետո արդեն լռություն է, քանի որ գիտելիքները թույլ չեն տալիս ավելի ընդարձակվել: Մեր երկրի կայունությանն ու պետական անվտանգությանը, եթե ինչ-որ բան սպառնում էլ է, ապա դա ամենեւին «Ազատություն» ռ/կ-ն չէ: «Ազատության» անաչառ եւ գրագետ տեղեկատվության ենթատեքստում շատ երկար փնտրելուց հետո էլ բարդ է գտնել մեր պետականությունը խարխլելու փորձեր: Մեղադրանքը, թե «Ազատությունը» ֆինանսավորվում է Արեւմուտքից, տեղին չէ, քանի որ միայն դրա շնորհիվ է այն լսելի մտածող եւ տեղեկատվություն ստանալ ցանկացող մարդկանց համար: Իսկ թե ի՞նչ է մատուցվում հայրենական բիզնեսմենների փողերով պահվող մեր մյուս ռադիոընկերությունների ու հեռուստաընկերությունների եթերից, նկարագրելը բարդ է: Ոչ թուլամիտ յուրաքանչյուրը, ով ժամանակ է վատնում` դիտելու մեր հեռուստատեսության մատուցած թե՛ տեղեկատվությունը, թե՛ շոուները, կարող է պնդել, որ ազգի գենոֆոնդի ինտելեկտի, հետեւաբար եւ՝ ազգային անվտանգության մասին զրույցները խիստ անաքրոնիկ են. մենք արդեն դեգրադացվել ենք: Հոռետեսական գնահատականներով` անդառնալիորեն: Եվ «Ազատություն» ռադիոկայանն ու մատների վրա հաշված մի քանի ԶԼՄ-ներ պարզապես այդ դեգրադացիային դիմակայելու միջոցներ են: Տրամաբանություն փնտրել` ազատ խոսքը ճնշելու համար օրենսդրական փոփոխություններ անելու մեջ, դժվար է: Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ թե՛ «Ա1+»-ի հեռարձակման տարիներին, թե՛ այս տարիներին, երբ եթերում «Ազատությունն» է` իր օպերատիվ ու անաչառ լրատվությամբ, մեր երկրում միշտ հաջողությամբ են պսակվել բոլոր կարգի խախտումները, կեղծիքները, բոլոր ընտրական միջոցառումները` լինեն խորհրդարանական թե նախագահական ընտրություններ, հանրաքվեներ… Այսինքն` փորձել «Ա1+»-ի կամ «Ազատության» փակումը կապել միայն խոսքի ազատության ճնշման հետ, գոնե մեր երկրում, տրամաբանական չէ: Աշխարհի անգամ ամենաանաչառ ԶԼՄ-ն չի կարող ապահովել մեր երկրում հասարակական կարծիքի այն աստիճանը, որը կձեւավորի իշխանությունների համար վտանգ ներկայացնող կրիտիկական զանգվածը: Կարծում եմ` «Ազատություն» ռ/կ-ի հնարավոր փակումը կարող է լինել իշխանությունների պատասխանը վերջինիս անհնազանդությանը: Նախ` անվանումը` «Ազատություն», արդեն իսկ հանդուգն է ու հավակնոտ: Հետո` ռ/կ-ի անկախությունը` պետական համակարգի պարտադրած կանոններից, կոմպրոմիսների չգնալու ազատությունը, որը շնորհված է Արեւմուտքից: Այս ամենը չի տեղավորվում մեր երկրի ներքին կյանքի կոնտեքստում: Հաջորդը` «Ա1+»-ի փակման նախադեպը թույլ է տալիս ենթադրել, որ հասարակական անհնազանդության ալիքը, ԶԼՄ-ների արձագանքը կլինի տարերային ու անարդյունավետ: Սակայն մեր իշխանությունների համար երկրի կայունության ու անվտանգության խարխլողների փնտրտուքը շատ երկար չէր լինի, եթե ուշադիր հետեւեին սեփական կենսագրություններին, ՀՀ նախագահի, կառավարության ու ԱԺ աշխատանքներին, ընտրություններում ընդգրկված կեղծարարների քանակին կամ, որ ավելի հեշտ է` մեր որեւէ հեռուստաընկերության աշխատանքներին (բացառությամբ, թերեւս, «Շողակաթի»): Այն էժանագին ու անորակ շոուները, որոնցով հեղեղված է ողջ եթերը, արվում է ամենեւին ոչ Արեւմուտքի փողերով: Տեղական բիզնեսմենների սպոնսորությամբ հատկապես հանգստյան օրերին հայ ժողովրդին առաջարկվում է հայ էստրադային երգիչների, տարբեր կլասի միմոսների կպչուն ընկերակցությունը: Այս հարցում առավել ջանասեր են Հ1-ն ու «Արմենիան»: Աստղերը երգում են, աստղերը պարում են, ահա` «Երկու աստղ» հավակնոտ անվանումով շոուն: Հետո արդեն անոնս է` «Ուշադիր հետեւեք մեր հաղորդումներին, եւ կլսեք աստղերի սիրային պատմությունները»: Գուցե ամեն բան մահու չափ ձանձրալի չլիներ, եթե մեր աստղերը բավարարվեին չարյաց փոքրագույնով եւ միայն երգեին: Ոչ, նրանք անընդհատ հարցազրույցներ են տալիս, խոսում են, մտքեր արտահայտում, կարծիքներ հայտնում գրեթե բոլոր թեմաներով` վստահ, որ դրանք հետաքրքիր են: Աստղերի նպատակներն, ի դեպ, բացառապես խաղաղ են` զվարճացնել հեռուստադիտողին: Ոչ մի ապակայունացում եւ երկրի անվտանգության հանդեպ ոտնձգություն: Բանը հասել է այնտեղ, որ մեզ սովորեցրել են չդիտել այն հաղորդումները, որտեղ աստղեր չկան: Հաղորդաշարերը, որոնք բազում հովանավորներ ունեն, միտված են բացահայտելու միայն նրանց, ովքեր երգում են կամ ունեն երկար ոտքեր ու դատարկ գլուխ: Ոչ մի հաղորդում, որի միջոցով ի հայտ կգան տաղանդավոր գիտնականներ ու արվեստագետներ: Հայրենական բիզնեսմենների փողերով արվում է ամեն բան, որ երիտասարդության համար առաջնահերթ լինի հնարավորինս մեծ ճեղքերով հագուստը, տափակ հումորն, իսկ կյանքի գերագույն նպատակը համարվի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայանալը:
Հայ երգչուհիներից մեկը վերջերս ինչ-որ հաղորդաշարով ներկայացնում էր իր ավտոմեքենան: Խոսելով իր մեքենայի մուգ ապակիների մասին (ինչպես գիտեք, արգելվում է քաղաքում շրջել անթափանց ապակիներով), նկատեց. «Նման ապակիներն ինձ պես հայտնի մարդկանց համար են: Կանգնում ես կարմիր լույսի տակ, տրամադրություն չունես (դե՛, դու էլ սովորական մարդ ես, ինչպես բոլորը), իսկ կողքի մեքենաներից վարորդները նայում են, հաճոյախոսություններ անում: Միշտ չէ, որ հաճելի է»: Իսկ երգչուհու անունը, ինչպես պարզվեց հաղորդման վերջում, Նանա էր: Հաղորդավարուհին Նանայի երկրպագուներին ավետեց, որ երգչուհին պատրաստվում է գնել երկրորդ շքեղ ավտոմեքենան: Հասկանալի է, որ հասարակության այն խումբը, որը Նանային չի ճանաչում, քանի որ երբեւէ առիթ չի ունեցել սկզբից մինչեւ վերջ լսել նրա մատուցած երգերը, հետեւաբար եւ՝ ճանաչել երգչուհուն, ամենեւին չի նսեմացնում երգչուհու ճանաչվածության աստիճանը: Մեր հասարակությունն առանձնապես խստապահանջ չէ եւ պատրաստ է առանց դիմադրելու հայտնի համարել ցանկացած մեկին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս իր շուրջն էր համախմբել ռուսաստանյան առաջատար հեռուստաընկերությունների ղեկավարներին, մշակույթի գործիչներին` իր մտահոգությունը հայտնելու այն կապակցությամբ, որ ռուս երիտասարդները դժվարություններ ունեն կապակցված մտքեր արտահայտելու, խոսքը ճիշտ շարադրելու գործում, որ նրանք (ռուս երիտասարդները) հեռացել են ռուսական մշակույթի արմատներից եւ, որ այդ գործում իր բացասական դերն ունի նաեւ հեռուստատեսությունը, որը հնարավորինս էժանը ձեռք բերելու տրամաբանությամբ` արտասահմանյան հեռուստատեսային ընկերություններից գնում է էժանագին, կասկածելի որակի հաղորդումների արտոնագրեր, ֆիլմեր: Սակայն որպես դեգրադացիայի ակունք՝ Պուտինն ամենեւին չնշեց ռադիո «Սվոբոդան»:
Հայաստանում երիտասարդության արտահայտած մտքերում կապակցված կամ հասկանալի շարադասություն ոչ ոք չի էլ փնտրում: Հեռուստատեսության կամ տասնյակ ռադիոընկերությունների հանդեպ ոչ մի պետական կառույց պրետենզիաներ չունի: Մինչդեռ հեռուստադիտողի դատին ներկայացվող թեմաները պարզունակ են ու տափակ, եթե չասենք` բթացնող:
Կա մի հաղորդաշար` «Թեժ անկյուն» անվանումով: Վերջերս հաղորդման քննարկվող թեման հետեւյալն էր` տղամարդը պե՛տք է դավաճանի իր կնոջը, դա ոչ ոք չի էլ վիճարկում, սակայն խնդիրը հետեւյալն է` ինչո՞ւ են տղամարդիկ թանկարժեք ու մաքրակենցաղ մարմնավաճառներին թողնում եւ իրենց ցանկությունները փորձում բավարարել փողոցում կանգնած էժան մարմնավաճառուհիների հետ անմիջական շփումներից, որոնք, հասկանո՞ւմ եք, չունեն այն ինտելեկտն ու հաճախ անգամ իրենց անձնական հիգիենային չեն հետեւում: Հաղորդման հյուրը մի ամուսնացած տիկին էր, որի ամուսնու նախասիրությունների շրջանակում` իրենից բացի, նաեւ փողոցում կանգնած էժան եւ Հեգելի փիլիսոփայությանն անհաղորդ աղջիկներն էին, որոնք օգտագործում են գրոշանոց օծանելիք: Նա պարբերաբար հիշեցնում էր, թե այդ «թափթփուկները» (խոսքը էժան մարմնավաճառուհիների մասին է), չեն հետեւում իրենց անձնական հիգիենային, եւ «մեր», այսինքն` իրենց, տղամարդիկ նախընտրում են այդ էժան աղջիկներին: Տիկնոջ անհանգստությունն ամենեւին այն չէր, որ իր ամուսնյակն իրեն դավաճանում է, այլ այն, թե ում մոտ կգիշերեր իր սիրեցյալը` պատահական մի մարմնավաճառուհո՞ւ, թե՞ էլիտար նանարիկի: Այս հաղորդաշարը, վստահ ենք, եթեր է գնում ամենեւին ոչ արեւմտյան փողերով, ունի բազում հայ սպոնսորներ, եւ որեւէ մեկի մտքով չի անցնի հաղորդման հեղինակներին` հեռուստադիտողին թուլամիտի տեղ դնելու մեղադրանք ներկայացնել: Երկար տարիների կյանք կունենան նաեւ մյուս բոլոր հաղորդումները, որոնք եւս սնվում են ժողովրդի ծոցից դուրս եկած փողերով, կշարունակեն մարդկանց մանկուրտ դարձնելու իրենց գործը: Լրատվությո՞ւն եք ուզում, միացրեք «Հայլուրը», ավելիին արժանի չենք: Իսկ «Ազատությունն» ազատ ու գիտակից հասարակությունների համար է: Այդպիսի՞ն ենք մենք: Ո՛չ: