Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է մշակույթի եւ գիտության հայ եւ ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով 2 երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Ռ.Քոչարյանն ասել է, որ շփումների հաստատումը եւ դրանով իսկ 2 հասարակությունների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը լավ ներդրում կլինի ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում: Ադրբեջանցի մտավորականների խոսքով, 2 ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է վերահաստատել հայ եւ ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունները` այդ շփումներին մասնակից դարձնելով նաեւ երիտասարդ սերնդին: Մինչ այս նրանց ընդունել էր նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:
Ի դեպ, հունիսի 28-ի ուշ երեկոյան էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ադրբեջանի եւ Հայաստանի մտավորականության մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպմանն Ալիեւը, շարադրելով ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում իր երկրի դիրքորոշումը, ընդգծել է, որ այդ հակամարտությունը «կարող է լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ նրա սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա՝ ԼՂՀ-ին տրամադրելով բարձր աստիճանի ինքնավարություն»: Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն` մեկնաբանելով վերոնշյալ հանդիպումը, հայտարարել է. «Դրական փաստ է, որ պետության ղեկավարը մի կողմ թողեց հայ հասարակայնությանն անտեսելու բացարձակապես հակաարդյունավետ քաղաքականությունը եւ սկսեց անել այն, ինչ ադրբեջանական հասարակայնությունն անում է վաղուց: Այսինքն` երկխոսություն սկսեց հայ հասարակայնության ներկայացուցիչների հետ: Դա կօգնի արագացնել ԼՂՀ հակամարտության լուծումը, վերացնել լարվածությունն ու թշնամանքը, սահմանափակել հայ եւ ադրբեջանական ժողովուրդների միջեւ թշնամանքի վրա խաղալու արեւմտյան եւ ռուսաստանյան զանազան ուժերի հնարավորությունները»: Ալիզադեի խոսքերով՝ «թեկուզեւ ոչ մեծ հնարավորություն կստեղծվի այն բանի համար, որ ժողովուրդներն ավելի լավ հասկանան միմյանց»: Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն էլ հայտարարել է, թե` «Հայ եւ ադրբեջանական մտավորականության փոխադարձ այցերն ուղղակիորեն ժողովրդական դիվանագիտություն են»: Նա նաեւ ասել է, որ այդ այցերը համաձայնեցված են պաշտոնական կառույցների հետ: «Այցի նախաձեռնողը ռուսաստանյան կողմն է եւ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ այցերից օգուտը շատ ավելի մեծ է, քան վնասը, պայմանով, որ կողմերը հասկանան դրա կարեւորությունը, եւ հայկական կողմը չշահարկի դա»,- հայտարարել է նա: Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ «փոխադարձ վստահության աճի եւ այդ վստահության իրական արդյունքները տեսնելու համար անհրաժեշտ է որոշ ժամանակ սպասել»։