Կենդանիների հայկական շուկան կենդանասերներին այսօր ավելի մեծ տեսականի չի առաջարկում, քան խորհրդային տարիներին էր, թեեւ այն ժամանակ միլիոնուկեսանոց Երեւանում ընդամենը նման մի քանի խանութ կար: Այսօր թեեւ կենդանիների վաճառակետերն անհամեմատ ավելացել են, սակայն ո՛չ տեսականին է խիստ տարբերվում, ո՛չ գնորդների թիվն ու ճաշակը: Բացի այդ, նախկինում մարդիկ կային, ում սերը կենդանիների հանդեպ ֆանատիզմի էր հասնում, հիմա սիրո այդ չափն էլ է նվազել: Նման մարդկանց կենդանիների առքուվաճառքով զբաղվողները անուններով մեկ առ մեկ գիտեին, նրանցից շատերը մահացել են, մի մասն էլ Հայաստանում չեն:
Երեւանի «Անտառային ձայներ» անվանումը կրող խանութները հաճախորդներին հիմնականում առաջարկում են ձուկ, թութակ, դեղձանիկ, ծովախոզուկ, կրիա: Առաջարկվող կենդանիների հայրենիքը սովորաբար Հայաստանը չի լինում: «Իմաստ չունի Հայաստանում ապրող կենդանուն բռնել-բերել վաճառել: Մեզ երբեմն Հայաստանի անտառներից բռնած տարբեր կենդանիներ են առաջարկում վաճառքի համար, սակայն հրաժարվում ենք,- պատմում է խանութներից մեկի աշխատակիցը,- որովհետեւ ցանկացած մարդ կարող է Հայաստանի անտառներից, ենթադրենք, կրիա, օձ կամ մողես բռնել, բացի այդ՝ չենք ուզում բնապահպանության աշխատակիցների հետ խնդիրներ ունենալ»: Օտարերկրյա կենդանական աշխարհի ներկայացուցիչները ներմուծվում են ու տեղում բազմացվում: Կենդանիների ներմուծումը հիմնականում Սինգապուրից ու Դուբայից է արվում: Միայն սինգապուրյան շուկան ապահովում է ձկնային աշխարհի եւ երկկենցաղների 70%-ը: Դուբայը բավարարում է թռչնասերների պահանջարկը: Երեւանում կա թռչունների առանձին շուկա՝ Զեյթունի շուկայի հետնամասում: Այստեղ տեսականին ավելի բազմազան է, քան խանութներում: Շուկայի վաճառողները գնորդներին առաջարկում են նաեւ ընտանի թռչուններ՝ աքլոր, հավ, հնդկահավ, բադ եւ մեր անտառներում ապրող թռչնատեսակներ: Սկյուռ վաճառող մի պատանի ասաց, որ Վանաձորի անտառներից է այն բռնել, հատուկ վաճառելու նպատակով: Պատանին սկյուռը գնահատել էր 5000 դրամ: Բայց արդեն քանի օր է՝ գնորդ չէր գտնում: Կենդանիների ներմուծմամբ զբաղվողները հիմնականում խուսափում էին նշել, թե հատկապես որ երկրներից ու ինչ ճանապարհներով են բերում: «Դե, «կոնտրաբանդա է», հո չե՞ս ուզում մեզ վնաս տաս»: «Կոնտրաբանդան» վերաբերում է հայկական մաքսակետերին, որովհետեւ, ինչպես իրենք էին հավաստիացնում, այն երկրներից, որտեղից բերում են, հիմնականում ամեն ինչ օրենքի սահմաններում է արվում: Նրանք նաեւ խուսափում էին կենդանիների վաճառքի իրական գինն ասել: Խանութներից մեկում աշխատակիցն ասաց. «Միջին գներ նշեք, թե չէ հիմա էլ Հարկայինը կչոքի մեր վզին»: Կենդանական աշխարհի գները եւ՛ խանութներում, եւ՛ շուկաներում շատ չեն տարբերվում, պատկերը մոտավորապես այսպիսին է. ձկներ՝ սկսած 100 դրամից, թութակ՝ 1500-2000 դրամ, դեղձանիկ՝ 2000-10.000 դրամ, կրիա՝ 3000-15.000 դրամ, ծովախոզուկ՝ 2000-10.000 դրամ: Գների նման տատանումը կապված է տեսակի հետ: Օրինակ՝ առաջարկում են նաեւ 50 դոլարանոց ձկնատեսակ, որը, ինչպես հավաստիացնում են, Ամազոնից է բերվում: Կամ՝ 100 դոլարանոց աղավնի։ «Դա էլ,- ասում են,- աղունիկից հասկացողը նման հարց չի տա»: Էկզոտիկ կենդանիներ հայերը չեն սիրում: Ասենք՝ օձի պահանջարկ չկա: «Վերջին 5-6 տարում օձի վաճառքի մի դեպք եմ հիշում,- պատմում էր մի կենդանավաճառ,- մեր կրկեսի ծաղրածուինն էր, որ արտասահման գնալուց առաջ մեզ հանձնեց, արքայաօձ էր, վաճառվեց: Եթե պատվեր լինի, կարող ենք նաեւ օձեր բերել, բայց պահանջարկ չկա»:
Կենդանիների առքուվաճառքում առանձին տեղ ունի շների բիզնեսը: Շուն գնել ցանկացողները գիտեն, որ պետք է Վերնիսաժ գնալ: Վերնիսաժը շների առանձնապես մեծ տեսականի չի առաջարկում, հիմնականում՝ դալմատին, թոյտերիեր, պուդել, կովկասյան գամփռ, պիտբուլ, սպանիել: Գնորդները նախապատվությունն ավելի շատ պուդելին են տալիս: Պուդելի մեկ ամսական ձագն արժե 20-30 դոլար: Վերնիսաժում պատահական մարդիկ շուն չեն վաճառում: Տիկին Հռիփսիկն, օրինակ, հայտնի անուն է Վերնիսաժում: Նրանից լավ ոչ ոք չգիտի՝ որտեղից ինչ շուն կարելի է ձեռք բերել: «Բացի այդ,- ասում է,- ես շներ եմ ամուսնացնում»: «Աղջիկտերերը» հաճախ են դիմում տիկին Հռիփսիկի օգնությանն, ու նա իր «տղայի ձեռքը» չի մերժում: «Ամուսնական զույգը» սովորաբար երկու ամսից ձագ է ունենում: Մեկ ամսից ձագերը հայտնվում են Վերնիսաժում: Մաքուր ցեղատեսակներ այստեղ քիչ են հանդիպում: Տիկին Հռիփսիկն ինքը սիրում է կիսախառնուրդ շներ, «որովհետեւ ավելի գեղեցիկ են լինում սովորաբար»: Գնի հարցում՝ միշտ հնարավոր է լեզու գտնել. «Կարեւորն այն է, որ շունիկը լավ մարդու ձեռք ընկնի»: «Շուն ով ասես առնում է,- ասում է տիկին Հռիփսիկը,- շուն սիրողն էլ է առնում, չսիրողն էլ: Չսիրողը հետագայում կամ սիրում է, կամ հետ վերադարձնում»: Տիկին Հռիփսիկը «զավակներին» պարտադիր հետ է ընդունում՝ երբեմն վերադարձնելով ողջ գումարը, երբեմն՝ կեսը, ավելի հաճախ՝ գնորդը շանը վերադարձնում է առանց ակնկալիքի, պարզապես՝ որ շունը փողոցում չհայտնվի:
Կենդանասերների համար չլուծված խնդիր է մնում կենդանաբանական գրականությունը: Սա էլ է ներմուծվում, եւ հիմնականում՝ ռուսերեն: Պատահում են նաեւ հայերեն անհաջող թարգմանություններ, որոնք պահանջարկ չեն ունենում: Գնորդը սովորաբար նախընտրում է ռուսականը: Այդ իսկ պատճառով հայաստանյան կենդանական շուկայում, եթե ռուսերենին չես տիրապետում կամ կենդանաբանություն քիչ ես թերթել, հնարավոր է՝ այդպես էլ չիմանաս՝ խոսքը ինչ կենդանու մասին է: