Կարող եք ունենալ երրորդ երեխան եթե ձեզ համարում եք անապահով

01/07/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայնեք, հոդվածի վերնագիրն ու ենթավերնագիրն անհեթեթություն են, բայց դա ոչ թե մեր մտահղացումն է, այլ փաստաթղթային մոտավոր ձեւակերպումը: Տարեսկզբին հանրապետությունում ներդրված սոցիալական աջակցության նորամուծություններից մեկը, որն անընդմեջ հայտարարվում էր, անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքներում ծնված 3-րդ եւ ավելի երեխաներին ցուցաբերվող 200.000-ական միանվագ դրամական օգնության լուրն էր, որը 2007թ. հունվարի 1-ից գործում է ընտանեկան նպաստի համակարգում: Մինչ օրս բազմաթիվ քաղաքացիներ շփոթության մեջ են` ենթադրելով, որ պետության կողմից տրամադրվող դրամական «պարգեւը» ծննդյան միանվագ օգնության չափն է (մինչդեռ այն 35.000 դրամ է), եւ ծննդաբերելուց հետո սոցիալական ծառայողները սպիտակ ծրարներով այն պետք է հրամցնեն իրենց: Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի՝ նշված դրամական օգնությունը հատկացնելու համար երկու պայման կա. առաջին` ընտանիքը պետք է հաշվառվի, եւ երկրորդ` նրա անապահովության միավորը պետք է 0-ից բարձր լինի: «Ընտանիքն իրեն պետք է անապահով եւ աղքատ համարի, դիմի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն, հաշվառվի: Այսինքն` այդ 200.000-ը տրվում է առնվազն այն ընտանիքին, որն իրեն համարում է անապահով եւ ակնկալում է որեւէ աջակցություն»: Նշենք, որ 2007թ. հունվարի 1-ից մինչ օրս հանրապետությունում 200.000-ական դրամ ստացել են շուրջ 770 երեխա: Ա. Մինասյանի ասելով, Կանանց կոնսուլտացիաների կաբինետների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել` նախազգուշացնել ընտանիքներին համակարգում նախօրոք հաշվառվելու համար: «Հիմա քաղաքացիները սկսել են ինչ-որ տեղ մտածել` հաշվառվե՞լ, թե՞ ոչ: Սա արդեն նշանակում է որոշակի բարեկեցության մակարդակ: Որքան էլ լրագրողները կասկածի տակ դնեն, թե արդյոք երկրում աղքատության մակարդակը 56 %-ից իջե՞լ է 30%-ի, այն, որ մարդկանց հոգեբանության մեջ փոփոխություն է կատարվել` փաստ է»,- համոզված է Ա. Մինասյանը: Արդեն իսկ ԱԺ-ի կողմից հաստատված կառավարության ծրագրային դրույթներից կարելի է ենթադրել, որ 2008թ. ծնելիության խրախուսումն ընտանեկան նպաստի համակարգից կտեղափոխվի` «երեխաների ծննդյան հաջորդականությամբ պայմանավորված խրախուսման ամբողջական համակարգի»: Նկատենք, որ այսօր ծայրահեղ աղքատ ընտանիքների համար պետությունից ակնկալվող 200.000 դրամը բավականին գայթակղիչ գումար է, որը կարող է նպաստել նրանց ընտանիքի անդամների շատացման հարցում: Արդեն կան դեպքեր, երբ միայն նպաստի չափը լսելով` ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող մայրերը պատրաստվում են ծննդաբերել` առանց ծանրութեթեւ անելու ընտանիքի հետագա եկամուտները, ինչն էլ իր հերթին սոցիալական այլ խնդիրներ է հարուցում: Սակայն չմոռանաք, որ 200.000-ից առնվազն 100.000-ը ծննդօգնության ծառայություններին հասանելիք գումարն է: Երրորդ երեխային սպասող բարձրագույն կրթությամբ մի երիտասարդ կնոջ գնահատմամբ, հաշվառվելու ժամանակ դիմում-հայտարարագիրը լրացնելիս շատերի ինքնասիրությունը խորը վիրավորվում է, քանի որ միայն` «Դուք ձեզ անապահով համարո՞ւմ եք» հարցադրումը նվաստացուցիչ է: Մեր տեղեկություններով, որոշ սոցիալական ծառայողներ միանվագ գումարների տրամադրման գործընթացում արդեն իսկ կողմնակի եկամուտներ ստանալու մեխանիզմներ են մշակել. 5-10 հազար դրամի դիմաց նրանք պատրաստ են 200.000-ի գործը գլուխ բերել: «Քաղաքացին հայտարարագրում է իր տվյալները, որոնք հիմնավորվում են փաստաթղթերով: Այսինքն, միավորները ձեւավորվում են որոշակի տվյալների` փաստաթղթերի տրամադրման հիման վրա: Որեւէ փաստաթուղթ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում չի ձեւավորվում` փոքրիկ բացառություններով: Տեղեկատվական բազան եւ ընտանեկան նպաստի գործի փաստաթղթերը պետք է լինեն նույնական: Փաստաթղթերի ստուգման հնարավորությունները բավականին մեծ են»,- հավաստիացնում է Ա. Մինասյանը: Ի դեպ, ընտանիքի անապահովության տվյալների համակարգում հաշվառվելու համար պահանջվող 20-25 էջանոց փաստաթղթում 42 միավոր տեղեկատվություն է հավաքագրվում, որտեղ կարեւոր գործոն է ընտանիքի կազմը: Միջին վիճակագրական տվյալներով, հանրապետությունում ծնված 3-րդ եւ ավելի երեխաների թիվը հասնում է 5000-ի: Ա. Մինասյանի ասելով, մինչեւ տարեվերջ 200.000-ական միանվագ դրամական օգնություն ստացող երեխաների թիվը կհասնի մինչեւ 3000-ի: Պարզ թվաբանական գործողություն կատարելու դեպքում ակնհայտ է դառնում, որ 200.000 դրամ տրամադրելիս պետությունը խտրականություն կամ ժլատություն է ցուցաբերում ընդամենը 2000 երեխայի նկատմամբ: «Կամ բոլորին տվեք, կամ` ոչ ոքի: Ո՞վ ասաց, որ բջջային հեռախոս ու համակարգիչ ունեցող կինն աջակցության կարիք չունի: Հենց ապահովված ընտանիքները շատ երեխաներ ունենալու կարիք ունեն, որովհետեւ անապահովներից շատերը միայն այդ գումարի համար են որոշում ծննդաբերել հաջորդ երեխային: Ո՞վ ասաց, որ միայն անապահով ընտանիքներում պետք է շատ երեխաներ ծնվեն»,- վիրավորված ասում էր երրորդ երեխային սպասող եւ վերջին մեկ տարում կայուն եկամուտ ունեցող 30-ամյա կինը: