Ամրոց-Հայաստանի նոր մտքերի մասին

01/07/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը երեկ հանդիպել էր լրագրողների հետ՝ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված հոգեբանական մթնոլորտի մասին խոսելու համար։ Նա ասաց, որ բողոքի վրա հիմնված մարդկանց հույսերը չեն արդարացել։

«Ես կարծում եմ, որ դա լավ նշան է, քանի որ, եթե Հայաստանում փոփոխությունները հիմնված լինեին սոցիալական հողի վրա, մարդկանց կյանքում էական բան չէր փոխվելու եւ միայն հերթական հիասթափությունը կլիներ։ Հիմա փոփոխություններն արագ չեն լինի, այլ՝ ավելի մտածված ու խորքային կլինեն։ Հայաստանում ինչ-որ բան փոփոխելու համար հարկավոր է փոխել մտածողությունն ու մշակույթը` լայն իմաստով։ Մենք միամիտ էտապից վաղուց արդեն դուրս ենք եկել ու մեզ ավելի սթափ մտածել է պետք, քանի որ հեշտ լուծմանը ոչ ոք արդեն չի հավատում։ Հեշտ լուծումներ փնտրողների քանակն էլ է նվազել»,- ասում է նա։ Ասուլիսի թեման շատ անորոշ էր ձեւակերպված. բանաստեղծուհին պետք է խոսեր մարդկանց դեպրեսիվ վիճակի մասին եւ փորձեր պարզաբանել «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանի այն միտքը, որ հայ ժողովուրդը խորը ընկճախտի մեջ է գտնվում։ «Դեպրեսիան այն հուսահատ վիճակն է, երբ մարդիկ ինչ-որ բան փոխելու հույսը կորցրել են, ապատիայի մեջ են ընկել ու կարծում են, որ պետք է այդ վիճակի հետ հաշտվեն։ Բայց ես չեմ գտնում, որ այսօրվա վիճակը գնահատող ամենաճշգրիտ տերմինը հենց դեպրեսիան է։ Հայերը հիմա շատ խտացված ձեւով փորձ են ձեռք բերում։ Իսկ ոչ ստանդարտ փորձը մտքին բավականին մեծ սնունդ է տալիս։ Երբ սիստեմներն անընդատ փոխվում են, ու քաոսային վիճակ է ստեղծվում, դու ինքդ արդեն քեզ համար պետք է սիստեմ մշակես»,- ասում է բանաստեղծուհին։

Նա հասարակության մեջ նոր, շեշտադրված՝ նոր մտքի կարիք է զգում։ Իսկ նորը պետք է ծնվի քաղաքականության ու մշակույթի խառնուրդից, քանի որ հիմա ոչ մի մաքուր հասկացողություն չկա, եւ ամեն ինչը միահյուսված է։ Նա նկատեց, որ, սովորաբար, քաղաքական գործիչները երբեք նոր մտքեր չեն ծնում, նրանք վերցնում են եղածն ու օգտագործում։ «Մտքերը սպառվել են, հիմա նոր միտք է պետք։ Հայաստանի ամենամեծ խնդիրը նրանում է, որ ամեն ինչը քիչ է, մտածող մարդկանց ուղղակի կարելի է մատների վրա հաշվել»,- ասում է Մ.Պետրոսյանը եւ առաջարկում այնպես անել, որ հակառակ ճամբարներում գործող մտածող մարդիկ իրար չոչնչացնեն ու չթեւաթափեն։ Նա նշեց, թե ինքը ոչ աջի, ոչ էլ ձախի կողմնակիցն է, ուղղակի՝ մտածող մարդ է ու գիտի, որ մտածողները պրոդուկտիվ մտքեր գեներացնող ռեսուրս են, որը պահպանել ու փայփայել է հարկավոր։

«Հիմա մեզ մոտ աշխատում է դասական «ամրոցային» մոդելը, այսինքն` մենք մեր երկիրը որպես պաշտպանության կարիք ունեցող ամրոց ենք պատկերացնում։ Թշնամիները դրսից գալիս են, մենք էլ պաշտպանվում ենք։ Ընդ որում՝ դրսից կարող է գալ եւ՛ պատերազմող, եւ՛ մշակութային իմաստով օտարը։ Այդ պատճառով էլ հիմա շատ է խոսվում օտար ազդեցությունների մասին, ու անընդհատ ուզում են մաքրել օտարից։ Երաժշտություն, լեզու ենք մաքրում, քանի որ արտաքին աշխարհը որպես թշնամի ենք պատկերացնում։ Այդ մոտեցումը միայն հայերին չէ հատուկ. շատ անգամ տրամաբանական է թվում, բայց ես կարծում եմ, որ այդ մոդելն իր դերն արդեն կատարել է եւ հիմա այն ոչ միայն անիմաստ է, այլեւ՝ վնասակար ու վտանգավոր։ Դրսի ազդեցությունը վանելով ու մաքրվելու ձգտելով՝ Հայաստանը ետ է գնում ու ոչ մի նոր միտք չի ծնում»։ Նա որպես իր մտքի ապացույց՝ օրինակ բերեց Կոմիտասին, ով ուսանել է Եվրոպայում եւ օգտագործել է մտքի եվրոպական համակարգերն ու նվաճումները եւ միացրել է հայկական երաժշտությանը։ «Կոմիտասը չի մաքրել երաժշտությունը, նա ստեղծել է երաժշտություն։ Այսօր էլ աշխարհում արվեստի մաքուր դպրոցներ չկան, արվեստները խառնված են։ Մենք պատկերացնում ենք, որ արվեստը վերեւում է գտնվում ու աստվածային բնույթ ունի։ Տաղանդավոր մարդկանց մասին ասում են, չէ՞, որ նրանք Աստծուց ստացած շնորհ ունեն ու Աստծո խոսքն են բերում։ Ես արվեստը որպես «վերեւից» ստացած շնորհ չեմ ընկալում, այն մարդկային է եւ «վերեւում» չի գտնվում»,- գտնում է Մ.Պետրոսյանը։

Նա նկատեց, որ «հայկական միտք» ասածն անպատճառ այլ մտքերից տարբերվողը համարելը սխալ է, քանի որ արժեքավորը ոչ թե՝ մաքրելով, այլ՝ սինթեզելով է ի հայտ գալիս. «Եթե վերցնենք մի քանի երկրներում ծնված միտքն ու աշխատացնենք Հայաստանում, այդ միտքը հայկական հողի վրա արդեն հայկական կդառնա», – ասում է նա։ Բնավ էլ հարկավոր չէ ամեն նորի մեջ վտանգ տեսնել, յուրաքանչյուր նորը փորձառություն է, որն, ի վերջո, խթանում է միտքը։

Հ.Գ.
Ի դեպ՝ Մարինե Պետրոսյանը սկզբունքորեն ոչ մեկին իր բանաստեղծությունների գիրքը չի նվիրում, քանի որ համարում է, որ ինտելեկտուալ սեփականությունն արժեք է։ Եվ եթե ուզում ես օգտվել այդ արժեքից, կարող ես գնել այն։ Այդ միտքը նոր չէ, վտանգավոր էլ չէ. ստուգված է ժամանակով եւ ընդունված է աշխարհում։