«Քաղաքական բանտարկյալ» ասածը որեւէ մեկի ցանկությունով չէ»
Տիգրան Թորոսյան, ՀՀ ԱԺ նախագահ
Երբեւէ մտքովս չէր անցել, թե առիթ կունենամ Տիգրան Թորոսյանի խոսքից մեջբերում անել, առավելեւս՝ այն դարձնել հոդվածի բնաբան, բայց մեր երկրում դեպքերն այնպես են պատահում եւ իրադարձություններն այնպես են զարգանում, որ ստիպված ես լինում գնալ անհնարին քայլերի՝ մարդկանց (այս դեպքում՝ բարձրաստիճան պաշտոնյաներին) բացատրելով տարրական բաներ։
«Քաղաքական բանտարկյալ» ասվածն, ինչ խոսք, որեւէ մեկի ցանկությունով չէ։ Այս հարցում լիովին համաձայն եմ պարոն Թորոսյանի հետ։ «Քաղաքական բանտարկյալ» ասվածը հետեւանքն ու արդյունքն է պետական-քաղաքական մի համակարգի, որը տարիներ շարունակ կերտվում է հանուն ժողովրդավարության, հանուն ազատությունների, հանուն հանդուրժողականության եւ փոխըմբռնման։ Բայց համակարգն այդ ժողովրդավարություն ասելով՝ հասկանում է ժողովրդին պարտադրված արժեքները, ազատություններ ասելով՝ հասկանում է այդ ազատությունների չափը, եւ հանդուրժողականություն ասելով՝ հասկանում է սահմանափակ ազատություններ ունեցող ժողովրդի լուռ ու մունջ համբերությունը։
Ամբողջատիրական պետություններն իրենց սահմանադրությունների մեջ չեն գրում «քաղաքական բանտարկյալ» հասկացության ձեւակերպումը կամ բացատրությունը։ Սահմանադրությունների մեջ գրում են լավ ու բարի բաներ, բայց երբեմն ավելի անկեղծ են լինում, օրինակ, մեկ կուսակցության հեգեմոն դերը շեշտելով։ Եվ այս ամենը նույնպես չի լինում «որեւէ մեկի ցանկությունով»։
«Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ»,- հաստատակամորեն պնդում է Տիգրան Թորոսյանը՝ մտքով իսկ չանցկացնելով, որ իր կուսակցության հիմնադիր, լուսահոգի Աշոտ Նավասարդյանին տարիներ շարունակ բանտում պահող երկրի Գերագույն խորհրդի նախագահն էլ օրումեջ չէր կանգնում ու հայտարարում, թե` գիտե՞ք, մեզ մոտ լիքը քաղբանտարկյալներ կան։
«Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ»,- հաստատակամորեն պնդում է Տիգրան Թորոսյանը՝ գուցեեւ չիմանալով, որ իր կուսակցության իրավանախորդ ԱՄԿ-ի (Ազգային միացյալ կուսակցություն) հիմնադիր Հայկազ Խաչատրյանը, ում ՀՀԿ-ի անդամների 98%-ը հավանաբար չի էլ ճանաչում, 70-ականներին երկրորդ անգամ դատապարտվեց ոչ թե քաղաքական հոդվածով, այլ հարեւանների հետ իբր հարայ-հրոցի մեջ ընկնելու համար քրեական հոդված ստացավ։ Դե՛, սովետական այդ շրջանում անհեթեթություն կլիներ մարդուն «անօրինական ճանապարհով փողերի լվացման» համար դատելը, որովհետեւ սովետական փողը մաքուր էր ու սրբագործված Լենինի պատկերով։
«Ինձ համար այդ նամակը անընդունելի է, որովհետեւ այդ նամակը (Րաֆֆի Հովհաննիսյանի.- Տ.Պ.) հաստատում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան»,- վրդովված ասում է ԱԺ նախագահը։ Վրդովմունքը կարելի է հասկանալ՝ հատկապես նկատի ունենալով եվրոպական կառույցների հետ շփման նրա ահռելի փորձը։ Եվ չնայած ԱԺ նախագահի վրդովմունքին, ամեն ինչ գալիս է հաստատելու, որ Ալեքսանդր Արզումանյանը քաղաքական բանտարկյալ է։ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնում ընդունել Ալեքսանդր Արզումանյանի տիկնոջը՝ Մելիսա Բրաունին՝ այդպիսով՝ կամա թե ակամա ընդունելով, որ մեղադրանքը քաղաքական մոտիվներ ունի։ Եթե Արզումանյանն ընդամենը «փող լվացող» է, քրեական պարզ հանցագործ, այդ դեպքում երկրի կառավարության ղեկավարն ինչո՞ւ է ընդունում նրա տիկնոջը։ Կամ՝ հակառակ ձեւով անեմ հարցադրումս. «Վարչապետն ինչո՞ւ չի ընդունում բոլոր նրանց հարազատներին, ովքեր մեղադրվում են քրեական այս կամ այն հանցանքի մեջ»։ Բայց Տիգրան Թորոսյանի կուսակից պաշտոնյան ոչ միայն ընդունում է Արզումանյանի տիկնոջը, այլեւ բարեկամաբար խորհուրդ տալիս՝ հեռու մնալ լրագրողներից՝ այդ դեպքում խոստանալով օգնել «փող լվացողին» ազատելու հարցում։ Եթե սա քաղաքական պատվեր չէ, եթե հանցանքը քրեական է եւ ունի բավականաչափ հիմքեր, իրավական պետության վարչապետն ի՞նչ լծակներով կարող է ազդել իրավապահ եւ օրինապահ մարմինների վրա։
Հայտնի տեղերից պատվերներ ստացող ռուսալեզու թերթն՝ իր նախկին անվանը բնորոշ ջանասիրությամբ, փորձելով հաստատել պատվիրատուների ճիշտը, հանձնարարությունը գերակատարելով՝ վերլուծում է Ալեքսանդր Արզումանյանի քաղաքական գործունեությունն ու հյուրերի մոտ ընտանեկան գաղտնիք բացող երեխայի միամտությամբ եզրակացնում, թե նախկին արտգործնախարարը պատրաստվում էր նախագահ դառնալ։ Եվ մինչ մյուս թերթերը մերկապարանոց հայտարարություններով Արզումանյանին կոչում են «քաղբանտարկյալ», իշխանության մերձավորագույն օրգանը հաստատում է այդ փաստը։
Անկեղծ ասած, մեկ տարի առաջ ես էլ Տիգրան Թորոսյանի նման մտածում էի, թե «Քաղաքական բանտարկյալ» ասածը որեւէ մեկի ցանկությունով չէ, եւ, ի տարբերություն շատ լրագրողների, «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին չէի համարում քաղաքական բանտարկյալ։ Իսկ հիմա, երբ Բաբաջանյանն արդեն մեկ տարի իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում, պարզ է, որ կոշկակար Արման Բաբաջանյանը կամ ատաղձագործ Արման Բաբաջանյանը մեկ օր անգամ չէր նստի։ Ու հիմա հասկանում եմ, որ մեր երկրում «Քաղաքական բանտարկյալ» ասածը որեւէ մեկի ցանկությունով է։ Ես գիտեմ անգամ, թե ով է այդ մեկը։ Կարծում եմ՝ Տիգրան Թորոսյանն էլ գիտի։