Արդեն 10 տարի է` մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները առիթը բաց չեն թողնում նշելու, որ Հայաստանը վարում է կոմպլեմենտար քաղաքականություն: Դեռ պարզ չէ, թե ինչի՞ է հանգեցրել մեզ այդ քաղաքականությունը, սակայն մի բան հստակ է. հայ հասարակությունը կիսվել է (ընդ որում` անհավասարաչափ) տարբեր աշխարհաքաղաքական ուղղությունների միջեւ, ինչը պարզ երեւում է նորընտիր խորհրդարանում բաշխված ուժերից (թեպետ ԱԺ-ում հայտնված ուժերն ավելի շատ արտացոլում են հասարակության նյութական, ոչ թե քաղաքական նախապատվությունները): Այնուամենայնիվ, եթե դիտարկենք չորրորդ գումարման ԱԺ-ն հենց այս տեսանկյունից, ապա ունենք 7 հոգանոց ամերիկամետ խմբակցություն («Ժառանգություն»), 8 հոգանոց եվրոպամետ խմբակցություն («Օրինաց երկիր»), 25 հոգանոց կիսառուսամետ խմբակցություն («Բարգավաճ Հայաստան»), 16 հոգանոց կիսաիրանյան, կիսառուսաստանյան խմբակցություն (ՀՅԴ) եւ լիքը ՀՀԿ-ականներ, որոնք փորձում են այդ բոլոր չորս ուղղություններով միաժամանակ խաղալ` նախապատվությունն, իհարկե, տալով ռուսաստանյան ուղղությանը: Ստացվում է` մեր նոր ԱԺ-ում կրկին գերակայում է ռուսաստանյան ուղղությունը, եթե հաշվի առնենք, որ իշխանական թեւի 3 խմբակցությունն էլ (որոնք միասին ԱԺ-ում ունեն 105 պատգամավոր) ավելի շատ նախապատվությունը տալիս են հենց այդ աշխարհաքաղաքական բեւեռին: Շատ հետաքրքիր է, եթե պատահաբար ընտրություններում 5%-անոց արգելքը հաղթահարեր նաեւ Տիգրան Կարապետովիչի կուսակցությունը, ո՞ր աշխարհաքաղաքական վեկտորը կնախընտրեր նրա խմբակցությունը: Երեւի հնդկական կամ էլ, ասենք, գնչուական: Որովհետեւ նրանք էլ են միայն երգում ու պարում եւ այստեղ-այնտեղ թափառում: Ի դեպ, անգամ այս տեսակետից ԱԺ կազմը չի համապատասխանում հասարակության նախապատվություններին, որովհետեւ դեռ մի քանի տարի առաջ ավանդական ռուսամետությամբ աչքի ընկնող հայ հասարակությունը, վերջին 3-4 տարիների ընթացքում, եթե ոչ կտրուկ, ապա գոնե զգալի փոխել է իր աշխարհաքաղաքական նախասիրությունները: Պատճառները շատ են: Քաղաքական առումով` ՌԴ իշխանությունները, ում սովորական հայ քաղաքացին, չգիտես ինչու, միշտ տեսել է՝ որպես իր պաշտպան, այս տարիներին չարդարացրեց սպասումները՝ բոլոր ընտրություններին միանշանակ տալով «գերազանց» գնահատական, ինչը հայ հասարակությանը, բառիս բուն իմաստով, «հիմարի տեղ դնել» էր նշանակում: Իսկ հասարակությունն ինչքան էլ տհաս լինի, միեւնույն է` կհասկանա, որ իրեն «ափաշքյարա» հիմարի տեղ ես դնում: Տնտեսական առումով, ինչքան էլ ռուսներն ասեն, թե Ռուսաստանում Հայաստանից շատ հայ է ապրում, եւ այնտեղից մեր քաղաքացիների զգալի մասը բավականին մեծ քանակությամբ գումար է ստանում տրանսֆերտների տեսքով, փաստը մնում է փաստ, որ Արեւմուտքում էլ արդեն քիչ հայ չի բնակվում, եւ այնտեղից էլ քիչ գումար (եթե ոչ ավելի) չի ստացվում: Իսկ տնտեսության զարգացման առումով արեւմտյան հայ բիզնեսմենների ներդրումներն ու օգնություններն անհամեմատ ավելի շատ են, քան ռուսաստանյան հայերինը: Սակայն կա մեկ փաստ եւս, որն ավելի շատ կաշխատի ապագայում: Դա Հայաստանում բնակվող երիտասարդների աշխարհընկալման կտրուկ փոփոխությունն է դեպի արեւմտյան արժեքներ, ինչպես նաեւ՝ կրթությունը, լեզվի իմացությունը եւ այլն: Այնպես որ` ինչքան էլ ռուս աղջիկները ցանկալի լինեն մեր երիտասարդների համար, այնուամենայնիվ, նոր սերունդը նախապատվությունը տալիս է դոլարին եւ եվրոյին: Ինչ վերաբերում է իրանական ուղղությանը, ապա, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները (ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունների փաստը), դեռ մեծ հարց է` հայերն են ուղղված դեպի Իրա՞ն, թե՞ Իրանի քաղաքացիները՝ դեպի Հայաստան: Եվ հետո` հայերը չեն կարող մոռանալ հարբած փղերին, որովհետեւ մերոնք երբեք ոչ մի բարոյական հաղթանակ չեն մոռանում: Բայց քանի որ ամառային հանգստի սեզոնը սկսվել է, այս օրերին հայերն ավելի շատ ընտրում են Վրաստան եւ Թուրքիա ուղղությունը, որովհետեւ այդպես էժան է (համ էլ` մի երկու ամսով կմոռանան Ցեղասպանության եւ Ախալքալաքի հավերժ պրոբլեմների մասին): Իհարկե, ազգընտիրները (խոսքը Ստեփան Դեմիրճյանի մասին չէ) նախընտրում են Ստրասբուրգը կամ էլ Կարիբյան կղզիները: Թեպետ մեր բանկիրները վերջերս լուրջ «մեսիջ» ստացան, որ պետք է ընտրել Դիլիջանի ուղղությունը: Այնպես որ` բանկային համակարգի աշխատակիցներին խորհուրդ կտանք չշեղվել նշված ուղղությունից, թե չէ, Աստված մի արասցե, մի 8 ամիս հետո կարող է պարզվել, որ այսքան տարի ազգային դրամը չէր արժեւորվում, պարզապես մի քանի հոգի այն «լվանում» էին:
Անձամբ ես կարող եմ փաստել, որ մեր Դիլիջանը ոչնչով չի զիջում Շվեյցարիայի կուրորտներին` անգամ հանգստյան տների գներով: Համ էլ վերջապես կընտրենք ոչ թե օտար ուղղություն, այլ ազգային: Իսկ լավատեսությունս ինձ հուշում է, որ շատ շուտով մեր հանգստյան տները չեն զիջի արտասահմանյաններին ոչ միայն գնով, այլեւ որակով: Իսկ հայերը վերջապես «թարգը կտան» իրենց բազմավեկտոր ուղղություններին եւ կընտրեն զարգացման ուղղությունը: