Փախստական ընտանիքն ապաստան է փնտրում

12/05/2005 Ժաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, www.ArmeniaNow.com

Փախստական ընտանիքին կարող են վտարել այն բնակարանից, որը զբաղեցնում է մոտ 15 տարի: Ընտանիքը հայտնվել է իրավական խառնաշփոթում, որը կարող է անդրադառնալ 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Ադրբեջանից բռնագաղթած մոտ 300.000 հայերի ճակատագրի վրա:

Անցյալ տարվա հոկտեմբերին Քաղաքացիական գործերով վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց վտարել 72-ամյա Ալբերտ եւ Ռայա Լազարյաններին երկու սենյականոց բնակարանից, որտեղ նրանք ապրում են 1990 թվականի հունիսից: Քննվում էր հարցը` արդյո՞ք Լազարյանները բնակարանի լիիրավ տերն են` ըստ այն օրենքի, որով փախստականներն իրավունք ունեն սեփականաշնորհելու առնվազն 10 տարի իրենց ապրած բնակարանը: Բաքվից Երեւան գալով եւ մոտ 1 տարի ազգականների տանն ապրելով` Լազարյանները տեղեկանում են, որ Նորքի զանգվածում ազատ բնակարան կա (1990-ականների սկզբին Երեւանում շատ կային լքված բնակարաններ): Լազարյաններն ասում են, որ տեղական իշխանությունները հավաստում են, որ բնակարանում իսկապես ոչ ոք չի ապրում, եւ միայն դրանից հետո տեղափոխվում են այնտեղ: Ավելի քան 14 տարի այստեղ ապրելու տարիներին Լազարյանը փորձել է բնակարանն օրինականացնել, սակայն` ապարդյուն: Այս առիթով նույնիսկ խարդախությամբ նրանից 1600 դոլար են շորթել (ինչի համար հարուցվել է քրեական գործ), սակայն բնակարանը չի օրինականացվել, իսկ խարդախությամբ շորթված գումարը հետ չի վերադարձվել:

2001-ին Լազարյանները Հայաստանի քաղաքացիություն են ընդունել եւ փորձել են սեփականաշնորհել բնակարանը, սակայն նրանց հայտնել են, որ բնակարանը դեռեւս 1994 թվականին սեփականաշնորհել է նախկին տանտերը` Մելիքսեթյան ընտանիքը: Լազարյանն ասում է, որ 1996-ին թաղապետարանը փորձել է ուրիշ ընտանիք բնակեցնել այս բնակարանում, սակայն ինքը փախստականներին պաշտպանող նույն օրենքների միջոցով խոչընդոտել է դրան: «Եթե Մելիքսեթյանները 1994-ին սեփականաշնորհել էին բնակարանը, ինչպե՞ս էին ուզում մեկ ուրիշին տալ այն»,- հարցնում է Լազարյանը: 2001 թվականին առաջին ատյանի դատարանը բավարարել է Լազարյանների դիմումը` «կորցրած ճանաչել Հասմիկ, Կարեն, Արմեն Մելիքսեթյանների բնակելի տարածության օգտագործման եւ սեփականության իրավունքը»: Որոշման մեջ նշվում է նաեւ, որ պատասխանող կողմը «սխալ տեղեկություններ» է ներկայացրել, իբր 1990-ից ապրում է այդ հասցեում:

Սակայն հետագայում դատական մյուս ատյանները բեկանել են այդ որոշումը եւ բնակարանի օրինական տեր ճանաչել Մելիքսեթյաններին: Լազարյանները համոզված են. Մելիքսեթյանները կաշառք են տվել «գործարքը» հետին ամսաթվով կատարելու համար: Փախստականներին պաշտպանող կազմակերպություններն ասում են, որ Լազարյանները հայտնվել են մի իրավիճակում, որին բախվում է փախստականների մեծ մասը, ովքեր փորձում են մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի տվյալներով` վերջին տարիներին փախստականներին բնակարաններից եւ ժամանակավոր կացարաններից զրկելու հայցով դատական տարբեր ատյաններում տեղի ունեցած շուրջ 50 դատավարություններից եւ ոչ մեկը չի ավարտվել հօգուտ փախստականների: «Անխտիր բոլոր դատական ատյաններում խախտվում են փախստականների` օրենքով ամրագրված իրավունքները: Արդյունքում` ՀՀ քաղաքացի դարձած փախստականները վտարվում են իրենց կացարաններից»,- ասվում է Հելսինկյան կոմիտեի 2004 թվականի տարեկան զեկույցում:

2005 թ. փետրվարի 4-ին Հարկադիր կատարման ծառայության վտարման եւ բնակեցման հարցերով բաժինը հետաձգել է Լազարյանների վտարումը «փաստացի ազատ հանրակացարանային սենյակ կամ տարածք չլինելու պատճառով» (Կառավարության մեկ այլ որոշման համաձայն` նման դեպքերում Փախստականների վարչությունը նախատեսում է համարժեք բնակարան): Այս վեճում կարծես անտեսված է նաեւ ՀՀ կառավարության 18.11.92 թ. թիվ 588 որոշման «բ» կետը, որի համաձայն` արգելվում է օրդեր տալ այն բնակարանների համար, որոնք զբաղեցվել են փախստականների կողմից` նույնիսկ ապօրինի կերպով: Քաղաքացիություն ընդունած 65.000 այլ փախստականների նման` Լազարյանները հայտնվել են անելանելի վիճակում. նրանք քաղաքացի են դարձել, փաստորեն, ի վնաս իրենց, քանի որ զրկվել են փախստականի կարգավիճակ ունեցողների արտոնություններից:

2000 թվականից երկրորդ կարգի հաշմանդամ Ալբերտ Լազարյանին զրկել են աղքատության նպաստից` պատճառաբանելով նրա «բնակարանով ապահովված» լինելու հանգամանքը: «Դատարանը, ի վերջո, ինձ զրկեց եւ՛ նպաստից, եւ՛ բնակարանից»,- ասում է Լազարյանը` պնդելով, որ իրեն «դեպորտացիայի են ենթարկում երկրորդ անգամ, այս անգամ` Հայրենիքից»: Լազարյաններն այժմ ապրում են իրենց դստեր հետ, որը գործազուրկ է: Միակ որդին ավտովթարի զոհ է դարձել Հայաստան տեղափոխվելուց երկու տարի հետո: Նրանց ամսական եկամուտը բացառապես թոշակն է` 19.000 դրամ: «Միշտ նախորդ օրվա հաց եմ գնում, որպեսզի 30 դրամ պակաս վճարեմ,- ասում է Ռայա Լազարյանը: -Այս դաժան ձմեռն անցկացրինք առանց տունը տաքացնելու»: Ալբերտ Լազարյանը Երեւանում բնակություն հաստատելուց 6 օր հետո սկսել է աշխատել ավտոբուսի պարկում: Ավելի ուշ, երբ այն լուծարվել է, վարորդ է աշխատել աղբահավաք ծառայությունում: «Ես իմ ընտանիքը պահելու համար ամեն տեսակի աշխատանք կատարել եմ: Ավտոբուսի պարկում աշխատելու տարիներին սպասարկել եմ օրական 20-25.000 ուղեւորի: Ես էլ ի՞նչ պիտի անեի այս երկրի համար, որ ինձ չվտարեին օրենքով ինձ հասանելիք բնակարանից»,- ասում է Լազարյանը: Բաքվում Լազարյանները 3 սենյականոց բնակարան ունեին, որի օրդերը պահում են մինչեւ օրս: Լազարյանի երեւանցի նախկին գործընկերը` Լենդրուշ Սահակյանը, որը նրան ճանաչում է 1985-ից, երբ միասին միջազգային բեռնափոխադրումներ էին իրականացնում, ասում է, որ իր ընկերը Բաքվում հարգանք էր վայելում եւ ապրում էր ապահով կյանքով: «Հիվանդությունն ու կատարվող անօրինականությունը խեղճացրին նրան: Հիմա նրա հետ ոնց ուզենան` կվարվեն. ո՛չ փող ունի, ո՛չ էլ այլ միջոցներ»,- ասում է Սահակյանը: