Եվ այսպես, Հայաստանի կառավարությունն արդեն առաջիկա հինգ տարիների համար գործունեության ծրագիր ունի։ Պայմանականորեն այն կարելի է անվանել «Հոգեւոր ծրագիր», «Ռոմանտիկ ծրագիր» եւ այլն։ Ընտրությունը մեծ է։ Բանն այն է, որ վարչապետն իր ելույթը համեմել էր ժողովրդի հոգեւոր միասնության մասին վերամբարձ արտահայտություններով, Ներսես Շնորհալու խոսքերից մեջբերումներով, վաղվա օրվա նկատմամբ մարդկանց հավատի կարեւորումով, «Քեզ համար, Հայաստան» կարգախոսով եւ այլն։ Լավ ելույթ էր։ Եվ ճիշտ արեց Սերժ Սարգսյանը, որ առանձնապես չծանրացավ ծրագրի «քանակական ցուցանիշների» վրա՝ առավել կարեւորելով հոգեւոր կողմը։ Քանակական ցուցանիշներն ի՞նչ կարեւոր են։ Կարեւորը տեսլականն է։ Եվ իհարկե՝ բարության մթնոլորտը։
Ափսոս՝ Րաֆֆի Հովհաննիսյանը համը հանեց։ Տեղից վեր կացավ ու սկսեց «օդ տատանել» առ այն, որ ներկայացված ծրագիրը որեւէ կերպ չի արտացոլում Հայաստանի այսօրվա վիճակը, եւ ընդհանրապես՝ իրենց շատ ուշ են տվել այդ ծրագիրը։ Մարդը, հասկանում եք, չի հասցրել ամբողջ կես օրում ուսումնասիրել ընդամենը 42 էջանոց փաստաթուղթը։ Երեւի կրթական ցենզը չի բավականացրել։ Ուստի հասկանալի էր վարչապետի եւ մյուս հանրապետականների ազնիվ ցասումը, ովքեր սկսեցին «մուննաթ գալ» Րաֆֆի Հովհաննիսյանի վրա եւ դժգոհել, որ նա «էս ազիզ օրը» փչացնում է։
Մեր մեջ ասած՝ ճիշտ արեց Սերժ Սարգսյանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը որակեց որպես «օդի տատանում»։ Իրականում «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը հենց դրանով էլ զբաղված էր։ Զարմանալի մարդ է այդ Րաֆֆի Հովհաննիսյանը. ընտրություններից առաջ ամիսներ շարունակ խոսում է հանցավոր իշխանությունների մասին, ներկայացնում է նրանց կատարած հանցանքները, հետո հայտնվում է խորհրդարանում ու սկսում զարմանալ, որ այդ նույն իշխանությունները երկրի զարգացման գործուն մեխանիզմներ չեն ներկայացրել։ Կարելի է կարծել, թե նա իսկապես հավատում էր, որ այս իշխանությունները լրջորեն պայքարելու են կոռուպցիայի դեմ, պահպանելու են օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, եւ այլն։ Եթե իրոք հավատում էր՝ բան չունենք ասելու, բայց եթե չէր հավատում՝ ուրեմն իսկապես զբաղվում էր հենց այնպես «օդ տատանելով»։
Ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո։ Երկրում ստեղծվել է «իդեալական վիճակ»։ Կառավարությունը թղթի վրա գեղեցիկ խոսքեր է գրում՝ ձեւացնելով, թե դա գործունեության ծրագիր է, պատգամավորները ձեւացնում են, թե ծանոթ են այդ ծրագրին, ու սեղմում են համապատասխան կոճակները, եւ բոլորը գոհ են ու երջանիկ։ Ծրագիրը քննարկելն իսկապես ավելորդ ձեւականություն է, որովհետեւ ինքը՝ ծրագիրն է ձեւականություն։ Իրականում, եթե կառավարությունն անկեղծ լիներ, հնգամյա ծրագիրը պիտի բաղկացած լիներ մի նախադասությունից. «Ռուսաստանից փող-մող կուղարկեն, ուտելիք կներմուծենք, յոլա կգնանք, մինչեւ տեսնենք՝ գլուխներս ինչ է գալիս»։ Ահա եւ ամբողջ ծրագիրը։
Եվ, այնուամենայնիվ, իզուր Սերժ Սարգսյանը բարկացավ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա։ «Ժառանգություն» կուսակցության պահվածքը լիովին համապատասխանում է ժանրի կանոններին։ Եթե Ազգային ժողովում ներկայացում է բեմադրվում, որտեղ որպես դեկորացիաներ նստած պատգամավորները պիտի հաստատեն բուտաֆորային ծրագիրը, ուրեմն ճիշտ կլինի, եթե սցենարը հարստացվի, եւ որեւէ մեկն էպիզոդիկ դերով հանդես գա եւ օդ տատանի։ Ընդ որում, այս առումով Րաֆֆի Հովհաննիսյանը շատ լավ է կատարում իր էպիզոդիկ դերը։ Օրումեջ նամակ է գրում Տիգրան Թորոսյանին եւ փոստով ուղարկում նրա կաբինետ (որը երկու քայլի վրա է), ելույթներ է ունենում՝ իմանալով, որ դրանց արդյունքում ոչինչ չի փոխվելու, եւ այլն։ Մի խոսքով՝ գլուխը կախ իր գործն է անում։ Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը դերասանություն անեն, իսկ «Ժառանգությունը»՝ ոչ։ Ամեն ինչ նորմալ է. դուք ձեւացնում եք, իբր ծրագիր եք ներկայացնում, ես էլ ձեւացնում եմ, իբր պայքարում եմ դրա դեմ։
Ի վերջո «Ժառանգությունը» հենց նրա համար էլ խորհրդարան է մտել, որ ձեւացնի, թե պայքարում է «արատավոր երեւույթների» դեմ։ Եթե նպատակը ոչ թե ձեւացնելը լիներ, այլ իրական պայքարը, ընտրություններից առաջ ընդդիմության միավորման կողմնակիցը կլիներ։