Ինչ լավ է, որ մեր տնտեսության հիմնական` անշեղ ու երկնիշ ցուցանիշները շատերը լուրջ չեն ընդունում: Այլապես բավական տխուր պատկեր կարձանագրվեր: Զարգացած երկրների կառավարությունները գրանտ-օգնություններ չէին տրամադրի: Հազարամյակի մարտահրավերների ծրագրի մեջ չէին ընդգրկի: Իսկապես դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկը ցանկանա օգնել տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրող տնտեսությանը: Այդպիսի տնտեսությունները համընդհանուր հարգանքի են արժանանում: Առանց հեգնանքի նրանց վագր են անվանում: Իսկ, եթե վագրերը երկնիշ աճը պահում են 10 տարուց շատ, նրանց ավելի սարսափազդու ու առասպելական անուն են տալիս՝ վիշապ: Բան չմնաց: 3-4 տարի հետո պաշտոնական վիճակագրության թեթեւ ձեռքով ռոմանտիզմի գիրկն ենք ընկնելու: Ու հաստատ հիշելու ենք «Ցնծա բյուրվիշապ Հայաստան աշխարհ» պոետական ձեւակերպումը: Ու կրկին լուրջ չենք ընդունելու ոչ օգնություններ ստանալու փաստը, ոչ էլ տնտեսական մյուս ցուցանիշները: Հատկապես այն ցուցանիշները, որոնց հաշվարկը միայն մերոնք չեն անում: Ի տարբերություն տնտեսական աճի, արտաքին պարտքը 2006թ. ընթացքում ոչ թե երկնիշ, այլ համարյա եռանիշ աճ արձանագրեց: Անցած տարի մենք արտաքին պարտքն ավելացրինք 106,4 մլն դոլարով, կամ 9,7 %-ով: Մի փոքր չհերիքեց երկնիշի հասնելու համար: ՀՀ արտաքին պարտքը 2007-ի սկզբի դրությամբ կազմեց 1 մլրդ 206 մլն դոլար: Այս թվի մոտ 86,5 %-ը ՀՀ կառավարությունն է պարտք վերցրել: Մնացած 13,5 %-ը՝ Կենտրոնական բանկը: Բացարձակ թվերով անցած տարի ստացել ենք 93,4 մլն դոլար: Նախկին տարիներին օգտագործած վարկերի դիմաց վճարել ենք 58,5 մլն դոլար: Այդ գումարից 10,2 մլն դոլարը կազմել է տոկոսավճարը: Ժամանակին շատերը կարծում էին, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները բարեգործական հիմնադրամներ են: Շատերն իսկապես կարծում էին, որ երկիրը պարտքով վերցրած գումարները ետ չի վերադարձնելու: Հիմա արդեն բոլորը` մասնագետներից մինչեւ պաշտոնյա, բոլո՛րն էլ գիտեն, որ պարտքերը վերադարձվելու են: Իսկ Հայաստանը վարկերը վերադարձնելու բավական տխուր ու ուսանելի փորձառություն ունի: Խոսքը բնականաբար հայ-ռուսական «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին է: Այդ գործարքից դժգոհ են թե՛ հայ, թե՛ ռուս փորձագետները: ՀՀ-ում այդպես էլ չհասկացան` երբ եւ ինչ նպատակով էին վերցվել այդ վարկերը: Իսկ ՌԴ-ում կարծում են, որ ստացած գույքը համարժեք չէ տրամադրած վարկին: Սակայն կարեւորն այն է, որ մեր ռազմավարական «Գործընկերոջն» այլեւս պարտք չենք: Հիմա երբ այս ու մնացած վարկային ձախողումներն անցյալ են, երկրի արտաքին պարտքը բավական քաղաքակիրթ տեսք ունի: Գերմանիային, Ճապոնիային, Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին ունեցած մեր պարտքը կազմում է ընդհանուրի 11,2 %-ը: Գյուղատնտեսության Զարգացման միջազգային հիմնադրամին բաժին է ընկնում մեր պարտքի 4,1 %-ը: ՕՊԵԿ-ի Զարգացման հիմնադրամին ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին` 0,7 %-ը: Արժույթի միջազգային հիմնադրամինն է մեր արտաքին պարտքի 13,6 %-ը: Այս ոլորտում մեր հիմնական պարտատերը ՀԲ-ն է: 1,2 մլրդ դոլարանոց արտաքին պարտքի 70 %-ը ՀԲ-ից է վերցված: Դեռեւս 1996թ. տնտեսության պաշտոնական վերլուծություններում խոսվում էր արտաքին պարտքի աճի վտանգավոր տեմպերի մասին: Այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց, որ ՀՀ-ն այլեւս վերցնելու է միայն արտոնյալ վարկեր: Այսինքն` վարկեր, որ տրվում են անտոկոս, մարման հնարավորինս մեծ ժամկետով: Նման վարկերի մարումը սկսվում է ոչ թե տրամադրելուց անմիջապես հետո, այլ որոշակի ժամանակ անց: Այս պայմաններով վարկեր տրամադրող միջազգային միակ կառույցը ՀԲ-ն է: Այս բանկը 2000թ. հետո ՀՀ-ին վարկեր տրամադրում է 40 տարով: Դրանց մարումը, որպես կանոն, սկսվում է տրամադրելուց 10 տարի հետո: Նույն 2000թ. սկսած կտրուկ բարելավվում է ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերությունը: Սկզբում արտաքին պարտքը ՀՆԱ-ի 45 %-ն էր կազմում, հետո նվազելով` 2006-ին արդեն 19 % է: Այս ցուցանիշով մեր իշխանությունները շատ են հպարտանում: Հպարտանալու բան իսկապես կա, եթե ընդունենք 2 նախապայման: Առաջինը` եթե հավատանք ՀՆԱ-ի հաշվարկի պաշտոնական թվերին: Երկրորդը կապված է վերջին տարիների ամենացավոտ խնդրի` դրամի արժեւորման հետ: ՀՆԱ/արտաքին պարտք հարաբերության այս դրական պատկերն էապես այդ գործոնով է պայմանավորված: Տարեցտարի ՀՆԱ-ն տարադրամով աճում է, իսկ նախկին պարտքերը, բնականաբար, ոչ: Շատ մասնագետների մտահոգության խնդիր է նաեւ այն, որ 1-2 տարի հետո ՀԲ-ն դադարեցնելու է ՀՀ-ին արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելը: Դրանից հետո մեր պետական պարտքն արդեն ձեւավորվելու է շուկայական մեթոդներով: Այսինքն` լավագույն դեպքում պարտք վերցնելու ենք Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից: Իսկ այս բանկի պայմանները ՀԲ-ինի նման չեն: Սա մտահոգում է շատ մասնագետների: Նրանք չեն մոռանում ՎԶԵԲ-ի հետ ՀՀ-ի համագործակցության նախկին տխուր փորձերը: Այս բանկից Հայաստանը 2 անգամ է վարկ վերցրել: 1993թ.` Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար: 57,4 մլն դոլարանոց վարկը ստանալ-ծախսելուց հետո միայն պարզվեց, որ դա տնտեսապես անիմաստ գործարք էր: Գործարք, որից մեզ միայն 57,4 մլն-անոց պարտք մնաց: Իսկ 5-րդ էներգաբլոկը 12-13 տարի հետո որպես գույք հանձնվեց ՌԴ-ին: Մյուս վարկային 22,8 մլն դոլարանոց ծրագիրը վերցվեց «Զվարթնոց» բեռնային համալիրի կառուցման համար: Օդանավակայանում շքեղ բեռնահամալիր կառուցելը մասնագետները հենց սկզբից էին համարում անշահավետ գործարք: Կառուցելուց հետո միայն իշխանությունները հասկացան, որ օդային բեռնափոխադրումները երկաթուղայինից շատ թանկ են: Հետեւաբար` տնտեսապես անիմաստ: Վարկային այս դառը փորձերը մասնագետներին զգուշավոր են դարձնում ՀՀ արտաքին պարտքի գնահատման հարցերում: Նրանք կարծում են, որ ՀԲ-ի հետ հաջող աշխատանքը ոչ այնքան մեր պաշտոնյաների վարկառու «հմտությունների» արդյունք է, որքան ՀԲ-ի աշխատանքային մեթոդների: Ուստի նրանք ենթադրում են, որ մեր իշխանությունները շահավետ պայմաններով վարկ վերցնելու շուկայական հմտություններ չունեն: