Հայաստանում բավականին հետաքրքիր է վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան բիզնեսով զբաղվելը: Սա արտոնյալների բիզնեսն է եւ, դեռեւս հարց է, թե դրանք որքանո՞վ են արդար աշխատում: Այսինքն` արդյոք խաղատների ապարատները համապատասխանո՞ւմ են շահման հավանականության տոկոսին:
Արդյոք 50 «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների շահման մասին խոստումները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Կամ` բնակարանների մասին` չի վաճառվում, խաղարկվում է գովազդային շարքն արդյոք այլեւս իրողությո՞ւն է: Իրականությունն այն է, որ հեռուստատեսությամբ երջանկության արցունքներ թափած բնակարան կամ ավտոմեքենա շահած քաղաքացին, ավելի հաճախ, իրականում ոչինչ էլ չի շահել: Բնակարան շահած մի ընտանիք մինչ օրս էլ շարունակում է ապրել վարձակալած բնակարանում, իսկ շահած բնակարանի մասին հարցնելիս էլ՝ գլուխները կախում են ու կիսաբերան պատասխանում` վաճառել ենք: «Ո՞վ չգիտի, որ մարդկանց մի քիչ փող են տալիս, որ ասեն, թե շահել են»,- իրավիճակը շտկում են քաջատեղյակները: Սա քաղաքացու իրավունքն է` ինչ ասել եւ որտեղ: Սակայն տվյալ կազմակերպությունն այս պարագայում խախտում է ՀՀ օրենքները: Եվ այս գործընթացը մենք մեր հեռուստաեթերում տեսնում ենք ամեն օր, եւ ոչ ոք այս բացարձակ խաբեության համար պատասխանատվության չի ենթարկվում: «Շահեց, թե չշահեց» գործընթացի վերահսկումը Ֆինանսների նախարարության գործառույթն է, իսկ այստեղ այս թեմաներով այնքան էլ բացախոս չեն: Սա ոմանց արտոնյալ բիզնեսն է համարվում, եւ ինֆորմացիայի արտահոսքը կարող է գլխացավանք դառնալ հենց պետական պաշտոնյայի համար: Նման նախադեպեր Ֆիննախն ունեցել է, երբ ստուգումներ են անցկացրել «Կլեոպատրա» եւ «Զվարթնոց» խաղատներում: Այս խաղատներում առկա են եղել խախտումներ եւ, երբ փորձել են դատական կարգով գանձել տույժ ու տուգանքները, պարզվել է, որ Հայաստանում «Կլեոպատրա» անունով խաղատուն չկա, եւ հայտարարվել է հետախուզում վերջինիս նկատմամբ: Իսկ «Զվարթնոց» խաղատունն էլ լուծարվել է եւ հարություն է առել «Նոր Զվարթնոց» անունով: Արդյունքում՝ պետական չինովնիկները ճանաչել են «իրենց չափը»:
Այս ոլորտը հարկվում է հաստատագրված վճարով: Վիճակախաղերի բիզնեսը հարկելիս էլ օրենքներով մեծ-մեծ թվեր չեն գրել եւ բավարարվել են հաստատագրված նվազ վճարներով. ամսական 1 մլն դրամ տանելն այստեղից, արդեն իսկ առաջընթաց է համարվում: Նման կարգի բիզնեսն արդարացված է նաեւ վիրտուալ տարբերակով եւ այն խիստ անվերահսկելի է: «Օն-լայն» կազինոներն արդեն ներխուժել են նաեւ մեր իրականություն, սակայն ոլորտը կարգավորող օրենքը պատրաստվում է ուժի մեջ մտնել միայն եկող ամսից: Հարկային պետական ծառայության գույքահարկի եւ ոչ հարկային եկամուտների բաժնի պետ Արթուր Մանուկյանից էլ տեղեկացանք, թե ինչպես են հարկելու ինտերնետային վիճակախաղերը, երբ ամբողջ աշխարհում գրեթե անհնար է վերահսկել այս ոլորտը: «2006-ին փոփոխություններ կատարվեցին «Վիճակախաղի, շահումով խաղերի, հաստատագրված վճարների, լիցենզավորման եւ պետական տուրքի մասին» օրենքներում: Օրենքով սահմանվեց ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը. դա վիճակախաղ է, որի ընթացքում մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալի իրավիճակը, եւ շահումը պայմանավորված է լրիվ պատահականության սկզբունքով: Վիճակախաղերի կազմակերպումը լիցենզավորված գործունեություն է, որի տարեկան պետական տուրքը կազմում է 100 մլն դրամ: Տոտալիզատորի կազմակերպիչները մինչ այժմ հարկվում էին խաղադրույքի 5 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս, քան ամսական 1 մլն դրամը: Այս կարգի ունենք 4 կազմակերպություն, որոնք ամսական միասին վճարում են 4 մլն դրամ: Դրանք են` «Տոտո», «Վիվառո», «Եվրոֆուտբոլ» եւ եւս մի կազմակերպություն: Խաղադրույքների վերահսկման մեխանիզմը սկզբունքորեն բացակայում է, իսկ վերջին շրջանում էլ տոտալիզատորի կազմակերպումը թափ է առնում ինտերնետային տարբերակով, որի խաղադրույքների նկատմամբ վերահսկումը, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, գրեթե անհնար է: Տոտալիզատորի ներկայացուցիչը վաճառում է քարտեր որոշակի դրամական արժեքով, որոնք նրան իրավունք են վերապահում մտնել ինտերնետ կայք, տեղադրել իր գումարը եւ այդ գումարին համարժեք կատարել խաղադրույքներ ու ստանալ վճարումներ, ինչպես ինտերնետի միջոցով` փոխանցում կատարելով իր հաշվեհամարին, այնպես էլ կանխիկ ստանալ տոտալիզատորի որեւէ կետից: Իրավիճակը սա է»,- ներկայացնում է Արթուր Մանուկյանը:
Ինտերնետի հետ գործ ունեցողների համար ընդհանրապես տարածված երեւույթ է, որ նրանց «սերվերը» տվյալ երկրում չի գտնվում եւ տվյալ կազմակերպությունը տվյալ երկրի համար լիարժեք հարկատու չի համարվում: «Օն-լայն» շահումների պարագայում մեր երկիրն այստեղ ոչինչ չի շահում, նրանք տեղական հարկատու են համարվում, երբ կազմակերպում են սովորական վիճակախաղ, ասենք՝ լոտո: Այս պրակտիկայից են օգտվել նաեւ «Տոտո», «Վիվառո» եւ «Եվրոֆուտբոլ» կազմակերպությունները, ու նրանց «սերվերները» գտնվում են Ջիբրալթարում: Այս պարագայում պետությանը մնում է վերջիններիս հարկել հաստատագրված վճարի մեխանիզմով: «Առաջարկել ենք փոխել հարկման սխեման: Տոտալիզատորի կազմակերպումը հնարավոր է երկու տարբերակով. մեկը` անմիջապես խաղասրահում, երբ այն ունի իր կետերը եւ անմիջապես ընդունում է խաղադրույքները, եւ երկրորդ`ինտերնետային կայքի միջոցով: Այս դեպքում ասում ենք` յուրաքանչյուր օգտագործվող կայքի համար պետք է ամսական վճարի 1 մլն դրամ, իսկ յուրաքանչյուր խաղադրույք ընդունող համակարգչի համար ամսական պետք է վճարի 50.000 դրամ: Մեր հաշվարկներով, յուրաքանչյուր տոտալիզատոր գոնե ունի 1 կամ 2 կայք եւ մոտ 200 համակարգիչ: Ինտերնետ շահումով խաղ իրականացնելու համար եկող ամսվանից տվյալ կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա, սահմանվել է նաեւ տարեկան պետական տուրք` 100 մլն դրամի չափով: Մնացածի գործունեությունն այնպիսին է, ինչպիսին տոտալիզատորի կազմակերպումն է. հարկվելու է միեւնույն հաստատագրված վճարի չափով: Այն, ինչ կատարվում է ինտերնետով, չկան հսկողական մեխանիզմներ ո՛չ նրա իրական շրջանառության, ո՛չ նրա ծախսային հոդվածների վրա: Որեւէ կերպ հնարավոր չէ վերահսկել նրանց իրական շրջանառությունը, դրա համար էլ օրենքով ֆիքսել ենք ամսական հարկել գոնե 1 մլն դրամի չափով: Այս օրենքը չի վերաբերում այն ինտերնետ ծառայություններին, որոնք ընդամենն ապահովում են ինտերնետի հասանելիություն կամ տվյալների փոխանցում»,- մեկնաբանում է մեր զրուցակիցը:
Գերշահույթով աշխատող այս միավորներից հաստատագրված վճարի մեխանիզմով հարկումը հարկային հաշվեկշռում էական տոկոս չի կազմում: Բայց, ինչպես ասում են` շնից մազ պոկելն էլ օգուտ է: