Մասնակցո՞ւմ են արդյոք տաքսու վարորդները երեւանյան մշակութային կյանքին: Ինչպես նախորդ թեմաների, այնպես էլ այս հարցի ժամանակ նրանցից շատերը սկսեցին դժգոհել մեր երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտից:
«Կինոթատրոնները դարձրին արածատեղի»
Վարորդ Գագիկն ասում է. «Էլ մշակույթ ա՞ մնացել, որ մարդ մասնակցի մշակութային կյանքին: «Երեւան» կինոթատրոնը դարձրին եսիմինչ, «Հայրենիք» կինոթատրոնը դարձրին ռեստորան, էն «Հրազդան» կինոթատրոնը դարձրին «գինետուն», կինո «Կոմիտասը» դարձրին ավտոսալոն, Ավանի էն մեծ կինոթատրոնը դարձրին օբյեկտ, մյուսը` հին Ավանինը, դարձրին կով արածացնելու տեղ: Էլ չեմ ասում, որ գյուղերի միակ կլուբերն էլ փակեցին, որովհետեւ դարձրել էին անասունների արածատեղի: Մնացել է կինո «Մոսկվան» ու «Նաիրին», էն էլ տոմսերն էնքան թանկ են, որ մարդ ռիսկ չի անում մի հատ ռեպերտուարը կարդա: Էսօր, երբ նայում ես, թե մշակութային օբյեկտներն ինչերի են վերածվում` կարաս հանգիստ պատկերացում կազմել հայ ազգի մասին: Ինչի մենակ կինոթատրոննե՞րն ա, բա թատրոննե՞րը: Երեւանի բոլոր համայնքներում թատրոններ կային` Նորքում, Արաբկիրում, 3-րդ մասում, բացի թատրոններից էլ կուլտուրայի տներ կային, որտեղ գնում էինք ներկայացում, պարային միջոցառումներ նայելու: Մեկը հարցնող լինի` բա էդ կուլտուրայի տներին ովքե՞ր տիրացան, բա մեր երիտասարդությանը մենք ի՞նչ ժառանգեցինք: Չտեսների նման մարդ ա մի հսկա օբյեկտ դրեց տակն ու նստեց: Դրա համար էլ էսօր մեր երեխեքը բարերում ու սրճարաններում են իրանց ազատ ժամանակն անցկացնում»,- զայրացած ասում է Գագիկն ու պատմում, թե ինչպիսի արժեքային համակարգի կրող էր ավագ սերունդը: «Հավատացե՛ք, որ մենք մի տեսակ երազող էինք, ռոմանտիկ, էն, որ մի քիչ հեքիաթային կյանքով ես ապրում: Մենք հավատում էինք մեզնից ավագ սերնդին ու իրանց խոսքը, շարժուձեւը, պահվածքն ընդունում էինք որպես դաստիարակություն: Եթե էդ ամեն ինչը մենք չվերցնեինք` դժվար թե դիմանայինք էս նոր եկած կեղտոտ բարքերին: Օրինակ, երբ հիմա ես երեխաներիս հետ զրուցում եմ` բաներ կան, որ իրանց համար ծիծաղելի են, որովհետեւ իրանց թվում ա, թե իմ մտածելակերպի մեջ շատ ռոմանտիկ բան կա: Բայց մարդը միշտ էլ պիտի ինչ-որ հեքիաթ ունենա, թե չէ էս կենցաղը շատ ա կոպտացնում ու տգեղացնում մարդուն: Իմ երեխեքը ուրախանում են էն ժամանակ, երբ նոր, թանկանոց հագուստ են առնում, կամ, երբ թույլ եմ տալիս կաֆեում նստել: Էս ի՞նչ մարազմատիկ չորություն կա մեր երեխեքի մեջ: Մատերիալիստ են, իրանց երջանիկ են զգում մենակ էն ժամանակ, երբ շոշափելի մի բան են ունենում: Իրանց մարդկային տեսակն իրանց չի հետաքրքրում, թե, ասենք, ի՞նչ բնավորություն ունեն, ինչքանով լավ մարդ են… Օրինակ` մենք հպարտանում էինք, երբ լավ գրականություն էինք կարդում, երբ կինոթատրոնում մի հետաքրքիր ֆիլմ էինք նայում, կամ, երբ մի մեծահասակի ձեռքից ծանրոցը վերցնում ու օգնելով փողոց էինք անցկացնում: Մեզ հոգեպես բավարարված էինք զգում նման արարքներից: Հիմա, որ մոմով էլ ման գաս՝ էդ կուլտուրան չես գտնի: Մի օր տղայիս հետ գնում էինք, մեր կողքով մի ծեր կին էր անցնում: Մի ձեռքով կոպալն էր բռնել, մյուսով` ցելոֆանը, հազիվ էր իրան քարշ տալիս: Մոտեցա, որ թեւանցուկ անեմ, օգնեմ անցնի: Տղաս ասեց` պապա, նայում են, ամոթ ա: Արյունը խփեց գլխիս, էդ կինն էլ շատ վատ հագնված, ըստ երեւույթին`շատ վատ ապրող ծեր կին էր: Ասում եմ` տղա ջան, ուրեմն` մարդուն օգնելն ամո՞թ ա: Բա, թե` մեկը տեսնի՝ կմտածի՝ մեր հետ ա: Էդ խոսքերից ֆազերս գցեց: Մտածում եմ` նեուժե՞լի ես էսքան խիստ լինելով՝ սրանց լավ չեմ դաստիարակել: Էդ օրվանից ուժեղ ռեժիմի եմ դրել` ոչ մի ընկերական հավաքույթ, ոչ մի տեսակի շքեղություն ու ոչ մի կաֆե-մաֆե»,- զայրույթը մի կերպ զսպելով՝ ասում է Գագիկն ու ափսոսանք հայտնում, որ երիտասարդների, այդ թվում նաեւ՝ իր երեխաների արժեքային համակարգն այսքան ցածր է:
«Ես չեմ սիրում անիմաստ ծիծաղացողներին»
Վարորդ Սուրենը սիրահարվածի աչքերով հիշելով իր երիտասարդությունն, ասում է. «Է՜, ի՜նչ հիշողություններ ունեմ կապված թատրոնների, համերգների, կինոների հետ: Ընդհանրապես ես շատ արվեստասեր մարդ եմ, չնայած նրան, որ ամբողջ կյանքս վարորդ եմ աշխատել: Օպերայում երեւի մի 6-7 անգամ նայել եմ «Անուշ», Սունդուկյանում երեւի մի 6-7 անգամ նայել եմ «Նամուս», Պարոնյանում երեւի մի 6-7 անգամ նայել եմ «Տաքսի-տաքսի» ու, որ թվարկեմ, թե էն երիտասարդ տարիքում ինչքան ներկայացումներ եմ նայել` կարող է ժամանակը չհերիքի: Էլ չեմ ասում, որ Գրողների տանը կայացած ասմունքի բոլոր երեկոների առաջին հանդիսատեսը ես եմ եղել իմ ընտանիքով, հարազատներով ու ընկերներով հանդերձ: Ես մի բանի վրա եմ զարմանում, թե, ասենք, հիմա ինչո՞ւ է ասմունքը վերացել մեր հեռուստատեսության ու մշակութային օջախների խաղացանկերից: Առաջ ասմունքի երեկոները մեր քաղաքում իրադարձություն էին համարվում: Օրինակ` Վլադիմիր Աբաջյանի ասմունքի համար խենթանում եմ, ո՞ւր է նա, ինչո՞ւ չկա: Կամ Ութմազյանը… Շատ էի հավանում Մհեր Մկրտչյանի ասմունքը, մեկ-մեկ հեռուստատեսությամբ դնում են, էն էլ՝ ծննդյան կամ մահվան օրվա առիթով: Իրա խոսքից շատ եմ հուզվում, շատ սրտանց էր արտասանում,- հիշում է Սուրենն ու մեջբերում Ֆրունզիկի խոսքերից,- Ասում էր` ես չեմ սիրում անիմաստ ծիծաղացողներին: Ասում եմ` գոնե ինքը կենդանի լիներ ու էս մեյմունությունները քննադատեր, հեռուստատեսությամբ բոլորը հումոր են անում, բայց ծիծաղալու բան չկա: Անիմաստ ծիծաղացողներ են: Էն սրամիտ, խորը հումորից բան չի մնացել, բոլորն իրար ձեռ առնելով են ծիծաղում: Մեկ-մեկ նայում եմ «ԱԼՄ»-ի ասմունքի հաղորդումները, էդ ի՞նչ խայտառակություն է, էդ ի՞նչ կեղծ իրոնիա է: Ախր ասմունքն էլ է, չէ՞, արվեստ, բարձր մշակույթ: Մի տղայի անգիր անել են տալիս, նա էլ նենց է արտասանում, որ էդ փայլուն բանաստեղծությունները հավասարեցնում է հողին: Կամ էն փոքր երեխեքը, որ արտասանում են, իբր դա ի՞նչ երգեցողություն է: Մեկը չկա՞, որ ասի` բալիկ ջան, պարտադիր չի բանաստեղծությունն ասելիս հոխորտալ: Մի խոսքով` ես շատ եմ կարոտում իսկական արվեստը: Վերջերս ընտանիքով գնացինք Դրամատիկական թատրոն «Ռոմեո եւ Ջուլիետ» նայելու: Շատ բան փոխվեց, թարմացանք, ոգեւորվեցինք, երեխաներիս մեջ ինչ-որ հետաքրքիր ձգտում եղավ, ու արդեն իրենք են ասում, որ գնանք էստեղ-էնտեղ: Հավատացեք` արվեստը մարդուն շատ բան է տալիս, կտրում է էս իրականության դժվարություններից»,- վստահեցնում է Սուրենն ու խոստանում հրավիրել իր ճաշակով ընտրած մի ներկայացում դիտելու:
«Աղջիկները գժվում էին Արմեն Ամիրյանի համար»
Վարորդ Գեղամը զարմանում է, թե, ասենք, ինչո՞ւ մեր հեռուստաալիքներով չեն ցուցադրում հեռուստաթատրոններ: «Հիշո՞ւմ եք, առաջ ամեն երկուշաբթի օր հեռուստաթատրոնի օր էր: Մենք շատ ենք սիրում տենց բաներ ու միշտ էլ ընտանիքով, մեծ սպասումով էինք պատրաստվում էդ թատրոնները նայելուն: Հիմա չկա տենց բան: Լավ, եթե նորը չեն նկարում` թող գոնե հին նկարածները ցույց տան: Իմ սիրած հաղորդումներից մեկն էլ եղել ա «Երաժշտական փոստարկղը»: Եթե հիշում եք, Սուսաննա Շահինյանն էր վարում հաղորդումը, եւ ես էլ եղել եմ մշտական նամակ գրողներից մեկը: Շատ եմ սիրում Նառա Շլեպչյանին, իրա ձայնը, իրա խոսքը շատ լավն ա: Շատ գրագետ էր խոսում: Ո՞նց նրանց նման մարդիկ վերացան մեր եթերից, բա ափսոս չե՞ն: Կամ, օրինակ` Վարուժան Օլքինյանը որ խոսում էր՝ հաճույք էիր ստանում: Էսօր հեռուստատեսությունը լցրել են «պրիվետ-պակա» ասողներով, դրա համար էլ մեր երեխեքը դրանց բառապաշարով են մեծանում: Ես զարմանում եմ` ո՞նց չեն աշխատում էդ հաղորդավարների վրա: Թող էն հին մասնագետները գոնե էդ երեխեքին կրթեն: Նրանցից մենակ մեկ-մեկ Արմեն Ամիրյանին եմ տեսնում հեռուստատեսությամբ: Էն ժամանակ հեռուստատեսային աստղն ինքն էր, աղջիկները, կանայք գժվում էին նրա համար, ընդ որում` տղամարդիկ էլ պակաս չէին հավանում: Հիմա կողքից լսում եմ, որ հեռուստատեսային աստղը Ֆելիքս Խաչատրյանն ա, բան չունեմ ասելու, կարող ա շատ լավ տղա ա, բայց բառապաշարը շատ աղքատ ա, ու մեկ-մեկ էլ փողոցային ժարգոն ա օգտագործում: Հիմա Ֆելոյին ու Արմեն Ամիրյանին համեմատեք ու կհասկանաք, որ տարբերությունը հսկայական ա: Արմեն Ամիրյանը մինչեւ հիմա էլ հեռուստատեսային հեղինակություն ա,- ասում է Գեղամն ու հիշեցնում սպորտային մեկնաբաններին,- Սուրեն Բաղդասարյան, Սլավա եւ այլն, էդ ի՞նչ բառապաշար, գրագիտություն ունեին էդ մարդիկ: Որ նայում ես, ասում ես` սա ֆուտբոլ ա, չէ՞, ի՞նչ պետք ա, որ մարդն էսքան գրագետ լինի, բայց նրանք շատ կիրթ էին: Չեմ ասում, թե հիմիկվանները վատն են, բայց նրանք շատ հարուստ գիտելիքներ ունեցող մարդիկ էին»:
«Գոմիկների ներկայացում նայե՞լ ես»
«Ա՛յ բալամ, ես նստում եմ ղեկին, ու արդեն իմ համար թատրոնը սկսված ա, էլ ի՞նչ պետքս ա, որ փող տամ, գնամ թատրոն նայեմ: Ինչի թատրոնների բեմադրություններն իմ տեսած ժիվոյ թատրոններից լա՞վն ա»,- ծիծաղելով ասում է վարորդ Լեւոնը` վստահեցնելով, որ իր ուղեւորները պակաս դերասաններ չեն: «Տո՛, նենց պրոֆեսիոնալ դերասաններ են, որ իսկական դերասաններն ի՞նչ են… Մանավանդ աղջիկ ուղեւորներ ունեմ, որ իրանց խաղալու ընդունակություններին տիրապետելու համար մարդիկ մի 5 տարի պիտի Թատերականում սովորեն: Նենց են սեթեւեթում, նենց ստեր են հորինում ու պոչ խաղացնում, որ բոժե ուպասի: Մի 18-19 տարեկան աղջիկ կա, որ ամեն կանգառում մի սիրած ունի, մեկին ճանապարհում, մյուսին ա դիմավորում, ու նենց լավ, նենց պրոֆեսիոնալ ձեւի ա խաբում, որ կարաս հիանաս իրա երեւակայությունով: Էն օրը մի տղու հետ գնում են ծնունդ: Փողոցով գնում ենք, մեկ էլ դրա ձեռքին զանգում ա էն մի սիրածը, ասում ա` Նար-Դոս փողոցով էդ ո՞ւր ես գնում, կողքդ էլ մի հատ տղա կա: Սա շփոթվեց, խառնվեց իրար, բա, թե՝ դու ինձ չես տեսել, ես չեմ եղել, ինչ-որ մեկին նմանացրել ես: Նա ասում ա` չէ, դու էիր, սա էլ մի 10 հարկանի ստեր ա հորինում ու ինքն էլ էնքան ինքնավստահ ա խոսում, որ Նար-Դոսով գնում ես, բայց սկսում ես կասկածել, որ կարո՞ղ ա ուրիշ փողոցով ես երթեւեկում: Մեկ էլ էս տղեն երեւի ասում ա, թե ինքը ինչ շորեր ա հագել ու ինչ տաքսիով ա գնում: Սա երկու ոտքը դրել ա մի կոշիկի մեջ ու էդ տղուն համոզում ա, որ ինքը ուրիշ աղջկա հետ շփոթել ա: Մեկ էլ էս աղջիկը կապտեց, կարմրեց ու սկսեց դողդողալ, դու մի ասա` էս տղեն հետեւներից եկել ա ու ճանապարհին հա՛մ իրան տեսնում ա, հա՛մ էլ խոսում ա: Նիվով կատաղած եկավ, դեմս կտրեց, աղջկան իջացրեց ու մի հատ ի՞նչ չռփել չռփեց, սիրտս ո՜նց հովացավ: Էնքան էլ լավ, կարգին տղա էր, ասի` մալադեց, տղա ջան, հազիվ մի հատ իսկական տղա տեսա: Աղջիկը լացելով, եկավ մտավ ավտոն, ասի` էս ընկերոջդ հետ հենց հիմա իջնում ես մեքենայից: Ընկերն էլ ներկա էր, թե ոնց էն մեկը սրան չռփեց, սուս նստած էր ավտոյի մեջ: Կանգնեցին, բա՝ շոֆեռ ես, քո գործն արա, դու ո՞վ ես, որ խառնվես մեր գործերին: Ասի` հենց հիմա փասա-փուսեդ հավաքի ու իջի, հորդ տեղն ըլնեմ՝ սիլլա էլ չէ` նենց կտամ, որ շռամը սաղ կյանքում երեսիդ կմնա: Չնայած ահագին փող պիտի տային, բայց հանեցի, լարեցի: Հիմա դու տեսա՞ր, թե ես ամեն օր ինչ ներկայացումներ եմ նայում: Է հա, էդ թատրոններում, որ նայում եք, դրանից լա՞վը պիտի նայեք, ամեն ինչի ժիվոյն ավելի հետաքրքիր ա: Օրինակ` դու կյանքիդ մեջ գոմիկների ներկայացում նայե՞լ ես, իսկ ես նայել եմ: Նստում են հետեւի սիդելնիկին ու ինչ այլանդակություն ասես, անում են: Չեմ կարա բառերով ասեմ, թե ինչ են անում, բայց, հավատա, որ էն, ինչը չես պատկերացնի՝ դաժե էդ էլ են անում: Կամ մարմնավաճառի առուծախին ներկա եղե՞լ ես, իսկ ես եղել եմ: Ա՛յ տենց լիքը սցենարներ ունեմ, որ պետք լինի՝ կծախեմ»,- ասում է Լեւոնը: