Դժվար դաս. պետհամալսարանի դասախոսը հեռացվել է անշխատանքից հակակառավարական հայացքների համար

29/06/2007 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Դասախոսությունների ընթացքում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու եւ ընդդիմադիր գործիչ Արամ Կարապետյանի հետ ուսանողների հանդիպում կազմակերպելու համար Երեւանի պետական համալսարանից հեռացվել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Սասուն Սարիբեկյանը:

33-ամյա Սարիբեկյանն 9 տարի դասավանդել է համալսարանում, վերջին շրջանում 7 առարկա է դասավանդել, մասնավորապես` տնտեսական աշխարհագրություն` տնտեսագիտության, քաղաքական աշխարհագրություն` աշխարհագրության, եւ աշխարհաքաղաքականություն (գեոպոլիտիկա)` պատմության ֆակուլտետներում:

Ուսանողների շրջանում անցկացված հարցումներով` ամենաբարձր վարկանիշ ունեցող դասախոսներից է: Գիտությունների թեկնածու Սարիբեկյանին հոկտեմբերին աշխարհագրության ֆակուլտետի գիտխորհուրդը միաձայն ընտրել է դոցենտի պաշտոնում, որից 5 ամիս անց` մարտի 15-ին, ռեկտորը նրա հետ կնքած պայմանագիրը լուծարելու հրաման է տվել պարտականությունները չկատարելու պատճառաբանությամբ: Հրամանի համար հիմք է հանդիսացել նրա հայացքները դատապարտող` տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների գրավոր բողոքը, որը, ստորագրողներից մի քանիսին արված հարցումներից պարզվել է, նրանց կարծիքը չի արտահայտում, բովանդակությանը համաձայն չեն եւ ստորագրել են ոչ խղճի թելադրանքով, իսկ մի քանիսն էլ նրա ուսանողը չեն եղել: Նաեւ հիմք են հանդիսացել այդ բողոքի հիման վրա տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի զեկուցագիրը եւ այդ կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը: Ուսանողների բողոքում ասվում է, որ, կասկածի տակ չդնելով Սարիբեկյանի մասնագիտական ունակությունները, նա դասաժամերի զգալի մասն օգտագործում է առարկայի հետ կապ չունեցող հարցադրումներ կատարելու եւ քննարկումներ կազմակերպելու համար, որոնք նպատակաուղղված են ինչպես հանրապետության, այնպես էլ Համալսարանի եւ ֆակուլտետի ղեկավարության վարկաբեկմանը, երկրում տիրող իրավիճակի տենդենցիոզ քննադատությանը, ապագայի հանդեպ հոռետեսական մտածողության ձեւավորմանը:

Բողոքում ասված է նաեւ, որ Սարիբեկյանը ստուգարքը հեշտորեն հանձնելու պատրվակով հորդորում է ուսանողներին դասերից հետո մասնակցել աշխարհաքաղաքականության սեմինարների, որոնք հետապնդում են նրանց համար անհասկանալի նպատակներ. «Մեր դժգոհությունը հասավ գագաթնակետին, երբ փետրվարի 21-ին, ոչ իր դասի օրը, Սարիբեկյանը հրավիրեց մասնակցելու «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում կազմակերպված «կոնֆերանսին», որը, ինչպես պարզվեց, «Նոր Ժամանակներ» կուսակցության քաղաքական ակցիան էր Արամ Կարապետյանի գլխավորությամբ: Փաստորեն մենք անգիտակցաբար ներքաշվեցինք քաղաքական դաշտ»,- ասված է բողոքում:

Բողոքի հիման վրա համալսարանի պաշտոնյաների կազմած եզրակացությունը նույն բողոքի ձեռագրին է նման, որտեղ ասված է, թե դասերի ընթացքում Սարիբեկյանը վերլուծել է ՀՀ պետական քաղաքական համակարգը, քարոզել է անվստահություն այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ, փորձել է ապացուցել, որ Հայաստանը վարում է ոչ ռացիոնալ պետական քաղաքականություն, խթանել է ուսանողների մեջ ապագայի նկատմամբ հոռետեսական մտածողության ձեւավորմանը: Զրուցելով բողոքը ստորագրած վեց ուսանողների հետ` «ԱրմենիաՆաուն» պարզել է, որ նրանցից երկուսը Սարիբեկյանի դասերին ընդհանրապես չեն մասնակցել, իսկ չորսն էլ համաձայն չեն եղել նամակի բովանդակությանը, սակայն, իրենց ասելով, ստորագրել են հանուն ընկերական համերաշխության: Նամակը ստորագրած ուսանողուհիներից մեկը, ով իր անունը չցանկացավ հրապարակել, ասում է, որ սուտ է, թե Սարիբեկյանը խոստացել է դասից դուրս սեմինարին մասնակցելու համար ստուգարքը հեշտությամբ նշանակել, եւ, որ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Նամակում նշված «դասերից հետո սեմինարը», իրականում, պատմության ֆակուլտետում Սարիբեկյանի աշխարհաքաղաքականության դասախոսություններն էին, որոնք այնքան հետաքրքիր են եղել, որ այլ ֆակուլտետներից ուսանողներ էլ են մասնակցել: «Նա քաղաքականության մասին շատ հետաքրքիր էր խոսում եւ մեզ չէր ասում` ինչ անենք, պարզապես իր կարծիքն էր ներկայացնում,- ասում է նա: -Շատ լավ դասախոս էր, դասախոսությունների պատճենները տալիս էր մեզ, որը շատ հեշտացնում էր սովորելը, ուրիշ ոչ մի դասախոս չի տալիս»:

Աննա Միքայելյանն ասում է, որ Սարիբեկյանի դեմ ոչինչ չունի եւ ստորագրել է, քանի որ մյուս ուսանողներն էլ են ստորագրել. «Եթե ես չստորագրեի, միեւնույն է` նրան կհեռացնեին»:

Սոնա Հակոբյանն ասում է, որ Սարիբեկյանը լավ դասախոս է, բայց քանի որ նամակը մինչեւ վերջ կարգին չի կարդացել, չի կարող ասել` բողոքին համաձա՞յն է, թե՞ ոչ:

Մեկ այլ ուսանողուհի, որ նույնպես չցանկացավ իր անունը հրապարակել, ասաց, որ Սարիբեկյանի դասերին ընդամենը մեկ թե երկու անգամ է եղել, նրա ասածները բոլորին հետաքրքրում էին, եւ նորմալ դաս էր անցկացնում, իսկ նամակին ընդհանրապես համաձայն չէ, բայց ստորագրել է:

Բողոքը ստորագրած` ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Կառլեն Խաչատրյանը եւ խորհրդի անդամ Գեւորգ Ղուկասյանն ընդունեցին, որ Սարիբեկյանի դասերին ընդհանրապես չեն մասնակցել, եւ չկարողացան հիմնավորել, թե ինչու են ստորագրել այն:

Բողոքը ուսանողների ձեռքով արված այլ ուժերի գործ է:

Սարիբեկյանն ասում է, որ, իրոք, խոսել է Հայաստանում վարվող քաղաքականության մասին, երկրի տնտեսական խնդիրների լուծման անհրաժեշտությունն օգտագործել է որպես օրինակ` նյութը բացատրելու համար: Ասում է, որ դասերից հետո համալսարանից դուրս նախատեսել է հանդիպումներ ուսանողների նախընտրած տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող գործիչների հետ՝ «Քաղաքական համակարգ», «Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական նշանակությունը» եւ նման թեմաներով, որոնց համար ստացել է համալսարանի բակալավրիատի բաժնի վարիչի թույլտվությունը: Այդ շրջանակում առաջին հանդիպումը եղել է փետրվարին Արամ Կարապետյանի հետ «Արմենիա-Մարիոտ» հյուրանոցում «Քաղաքական համակարգ եւ քաղաքական ռեժիմ» թեմայով, իսկ տնտեսագիտության ֆակուլտետից այդ հանդիպմանը ներկա են եղել ընդամենը 6-7 հոգի: «Հանդիպումը չի հետապնդել քարոզչական նպատակներ, այլ ունեցել է գիտաճանաչողական բնույթ: Բայց եթե նույնիսկ ունենար քարոզչական նպատակներ, ոչ մի վտանգ չէր ներկայացնի, քանի որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է»,- ասում է նա:

Ուսանողներից մեկն ասաց, որ նամակի` միայն ֆակուլտետի ղեկավարության հետ կապված մի կետն է մոտ իրականությանը, քանի որ Սարիբեկյանը մի անգամ դեկանի դեմ ինչ-որ բան է ասել, բայց չի հիշում, թե ինչ: Սարիբեկյանն ասում է, որ մի առիթով ասել է, թե ինքը դասախոսում է հակառակ դեկանի կամքի: Նա կոնֆլիկտ է ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարության հետ: Ըստ Սարիբեկյանի` դեկան Հայկ Սարգսյանը նրան մշտապես փորձել է պարտադրել ստուգարք նշանակել գիտելիք չունեցող այս կամ այն ուսանողին, իսկ ինքը մերժել է: «Նա նույնիսկ սպառնաց, որ եթե այսինչ ուսանողը ստուգարք չստանա, տնտեսական աշխարհագրությունը կհանի ուսումնական ծրագրից,- ասում է Սարիբեկյանը: -Ես երբեք որեւէ միջնորդություն չեմ ընդունում, բայց ամեն ուսանողի հետ առանձին անվճար պարապում եմ, որ նա կարողանա հանձնել քննությունը»:

Դեկան Սարգսյանը չի ընդունում Սարիբեկյանի մեղադրանքը, սակայն ասում է, որ, իրոք կոնֆլիկտներ ունեցել է` կապված քննությունների հետ, որ, ըստ նրա, Սարիբեկյանը ձգձգում էր: «Ավելորդ արտահայտություններ է թույլ տվել լսարաններում, ասել էր, թե երկիրը վերից վար թաղված է կոռուպցիայի մեջ»,- ասում է Սարգսյանը:

Համալսարանից իրազեկ մեկն ասաց, որ չսովորող ուսանողի համար վերեւից գնահատականի համար միջնորդությունը տարածված է, եւ դժվար է գտնել այնպիսի դասախոս, որ չենթարկվի հրահանգին:

Սարիբեկյանը կոնֆլիկտներ է ունեցել նաեւ աշխարհագրության ֆակուլտետում եւ վիճել է դասախոսների հետ կաշառք վերցնելու համար: Մի դասախոս, որ չցանկացավ անունը հրապարակել, ասաց, որ Սարիբեկյանը` ազնվորեն վաստակելով իր եկամուտները, չարանում էր, երբ տեսնում էր, որ իրենից մտավոր ցածր մակարդակում գտնվող դասախոսները կաշառք վերցնելով ավելի բարեկեցիկ են ապրում:

Աշխարհագրության ֆակուլտետի ուսանողուհի Տաթեւիկ Հարությունյանն ասում է, որ Սարիբեկյանը հիանալի դասախոս էր, կաշառակերության մեջ խրված համալսարանում հազվագյուտ անկաշառ էր: Ասում է, որ թեեւ համալսարանն ապաքաղաքական կառույց է համարվում, եւ, որ Սարիբեկյանին հեռացրել են քաղաքական քարոզչության պատճառաբանությամբ, բայց իրականում հաճախ դասախոսները դասերի ժամանակ քարոզչություն են անում հօգուտ իշխող կուսակցության: Տաթեւիկն աշխարհագրության ֆակուլտետի այն 191 ուսանողներից է, որոնք Սարիբեկյանին աշխատանքի վերականգնելու համար նամակով դիմել են ռեկտորին: Նամակում ասված է, որ Սարիբեկյանը սերմանում է ուսանողների մեջ ինքնաքննադատության, մտածելու կարողություններ, բացատրում է նյութի դժվարամատչելի մասերը, դասի թեմայից չի շեղվում, քաղաքական աշխարհագրության դպրոցի առաջատար մասնագետներից է:

Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Լեմվեր Վալեսյանը Սարիբեկյանին գնահատում է որպես գիտական մեծ պոտենցիալի տեր երիտասարդի: Ասում է, որ նա որպես դասախոս իրեն դրսեւորում է մասնագիտական առումով լավագույն ձեւով, մի քանի տարի շարունակ ուսանողների մեջ անցկացված հարցումներով ստանում է ամենաբարձր բալեր. «Նաեւ այսօրվա կոռումպացված մթնոլորտում իրեն դրսեւորում է սկզբունքային դիրքերից եւ որեւէ սայթաքում այդ ոլորտում ցույց չի տվել։ Բայց այդ նեգատիվ երեւույթների դեմ իր ընտրած մեթոդներով պայքարը դրական որեւէ արդյունքի չի հասնում եւ չի կարող հասնել, փոխարենը ստեղծվում են լարված հարաբերություններ կոլեկտիվի հետ»։

Այսուհանդերձ, Սարիբեկյանին հեռացրել են ոչ թե կոլեգաների հետ կոնֆլիկտների պատճառով, այլ նրա հայացքների։

Դեկան Սարգսյանն ասում է, որ նրա հեռացման մեջ իրենց կոնֆլիկտը դեր չուներ, եւ ինքը շահագրգռված չէր դրանում, քանի որ եկող ուսումնական տարվանից տնտեսական աշխարհագրությունը հանվում է իրենց ֆակուլտետից։ Տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Հարություն Մարզպանյանն ասում է, որ ինքը նույնպես չի ուզել Սարիբեկյանին հեռացնեն, եւ, որ հեռացման մեջ դեր է խաղացել Ազգային անվտանգության ծառայությունը:

Աշխարհագրության ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանն ասաց, որ չի բացառում Սարիբեկյանի հեռացման մեջ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությունը, եւ, որ համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է իրեն, թե այս գործն իր ու դեկանի իրավասություններից դուրս է (ռեկտորը քաղաքում չէր):

Ուսանողների բողոքի հիման վրա տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի զեկուցագրում ասվում է, թե ուսանողները բողոքել են, որ Սարիբեկյանը ոտնահարել է իրենց սահմանադրական իրավունքները, բայց թե ինչպես` չի ասվում: Սարգսյանն ինքն էլ ասում է, որ «սահմանադրական իրավունքներ ոտնահարել» արտահայտությունը սխալ է: «Սահմանադրական իրավունքի ոտնահարում» արտահայտությունը զուգահեռվում է ԱԱԾ-ում անցյալ տարի բացված սահմանադրական կարգի պաշտպանության բաժնի անվան հետ եւ ենթադրվում է, որ այնտեղից է թելադրված Սարիբեկյանի հեռացման որոշումը:

Խորհրդային Միության ժամանակներից մինչեւ այսօր ԱԱԾ-ն (ԿԳԲ-ն) յուրաքանչյուր բուհում ունի կուրատորի հաստիք եւ մատնիչների ցանց, որոնց միջոցով իմացվում են քաղաքական տրամադրությունները: Իմացվել են նաեւ Սարիբեկյանի դասախոսությունները: «Այս դեպքը հիշեցնում է վաղ Սովետը, երբ տոտալ հետապնդվում էին մտավորականները, եւ հաճախ ԿԳԲ-ն դասախոսների դեմ օգտագործում էր ուսանողներին,- ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: -Խորհրդային ձեւակերպումները փոխվել են. նախկինում մեղադրում էին հակասովետական ագիտացիայի, հիմա` հակասահմանադրականության մեջ, բայց էությունը նույնն է` անհանդուրժողականություն այլախոհությանը»:

Սարիբեկյանի` աշխատանքի վերականգնվելու հայցը դատարանը մերժել է: Նա դիմել է վերաքննիչ դատարան:

www.armenianow.com