«Ազգային փոքրամասնություններ» շարքում մենք անդրադարձանք բոլոր այն ազգային փոքրամասնություններին, որոնք Հայաստանի Հանրապետությունում ներկայացված են կայացած էթնոմշակութային համայնքներով: Սակայն վերջին 10 տարիների ընթացքում մեզ մոտ հաստատվել են նաեւ այլ օտարազգիներ, որոնց թիվը հասնում է առավելագույնը մի քանի հարյուրի: Նախ անդրադառնանք ներկայումս կոնֆլիկտային հարաբերությունների մեջ գտնվող մեր հարեւաններին` ադրբեջանցիներին:
Չնայած վերջին պաշտոնական մարդահամարի տվյալներով Հայաստանում գրանցվել է ընդամենը 29 ադրբեջանցի, փորձագետները կարծում են, որ իրականում նրանց թիվն անհամեմատ ավելի մեծ է: Դրանք, ինչպես Հայաստանում մնացած ադրբեջանցիներն են (հիմնականում` հայազգի ամուսինների կանայք), այնպես էլ` Ադրբեջանից Հայաստան տեղափոխված մարդիկ, տղամարդիկ` հայազգի կնոջ հետ, կամ էլ կանայք` հայազգի ամուսնու հետ: Գաղտնիք չէ, որ հայացած ադրբեջանցիներից շատերն ադապտացվելով հայաստանյան միջավայրին` Հայաստանում շարունակում են ապրել փոփոխված ազգանուններով: Նույն կարգավիճակով Ադրբեջանում բնակվում են նաեւ մեր հայրենակիցները: Ի դեպ, մայիսի 12-ին` խորհրդարանական ընտրությունների օրը, մենք Երեւանի ընտրատարածքներից մեկում ականատես եղանք, թե ինչպես կույր ադրբեջանուհին ուղեկցողի հետ միասին կատարեց իր քաղաքացիական պարտքը: Անկասկած, Հայաստանում մնացած ադրբեջանցիներն իրենց ազգային պատկանելության համար (նրանցից ոմանք պահպանել են իրենց ազգանունները) զերծ են տարբեր տեսակի ոտնձգություններից:
Զարմանալի է նաեւ Հայաստանում բնակվող աբազների թվաքանակը` 322 մարդ: Անցյալ դարի 80-ական եւ 90-ական թվականներին աբազների թիվը մեզ մոտ եղել է 3-4: Հանրապետությունում այսօր մի քանի հարյուր աբազների հաստատվելը բացատրվում է Հյուսիսային Կովկասում տիրող ազգամիջյան լարված հարաբերություններով, մասնավորապես` Ղարաչայա-Չերքեզական Հանրապետությունում: Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ-ում բնակվող աբազների մեջ կան եւ մենէթնիկ, եւ երկէթնիկ, ինչպես նաեւ՝ հայ-աբազական ընտանիքներ: Դեռեւս խորհրդային տարիներից Հայաստանի տարածքում բնակվել են նաեւ մոլդովացիներ: Այժմ նրանց թիվը հասնում է ավելի քան 200-ի: Հայաստանի մոլդովացիների մեջ բացարձակապես գերակշռում են կանայք (շուրջ 93%): Բնականաբար, նրանք հայ տղամարդկանց հետ ամուսնացած կանայք են, որոնք տեղափոխվել են Հայաստան ինչպես Մոլդովայից, այնպես էլ Ուկրաինայից: Հետաքրքրականն այն է, որ դեռեւս միջնադարում Մոլդովայում կազմավորվել է հայերի մեծ համայնք, որը գոյություն ունի մինչ օրս: Հենց այնտեղ ձեւավորված հայ ընտանիքներն են, որ ժամանակի ընթացքում ներգաղթել են Հայաստան: Վերջին մարդահամարը ՀՀ-ում գրանցել է նաեւ լիտվացիների եւ լատիշների հավասար քանակություն` 50 մարդ: Ի տարբերություն լատիշների, լիտվացիների մեջ քաղաքային բնակչությունը գրեթե 4 անգամ գերազանցում է գյուղականին, ընդ որում` կանայք կազմում են բնակչության 76 %-ը, որոնց մեծ մասն ամուսնացած է հայերի հետ:
Հայաստանում մթնոլորտը բարենպաստ է
1990-ականներին հայերին բնորոշ` դեպի Եվրոպա մասշտաբային արտագաղթից կարելի էր ենթադրել, որ Հայաստանը մի երկիր է, որտեղից միայն հեռանում են: Սակայն ազգային փոքրամասնությունների շարժընթացին հետեւելով, կարելի է եզրակացնել, որ հակառակ երեւույթն էլ կա: Դա մասնավորապես վերաբերում է բուլղարներին. 1989թ. եւ 2001թ. մարդահամարների ընթացքում նրանց թիվը ՀՀ-ում ավելացել է 100-ով: Բուլղարների թվաքանակի աճը դիտվում է իբրեւ երկու երկրների միջեւ միջպետական բարիդրացիական հարաբերությունների արդյունք: Նշենք նաեւ, որ անկախության տարիներին ավելի քան 10.000 հայեր են տեղափոխվել Բուլղարիա` ներգրավվելով երկրի առեւտրատնտեսական կյանքում: Եթե 1976թ. Բուլղարիայում բնակվել է շուրջ 25.000 հայ, ապա այսօր նրանց թիվը գերազանցում է 50.000-ը: Հայերի նման զանգվածային արտագաղթը դեպի Բուլղարիա եւ համեմատաբար սակավաթիվ բուլղարների ներգաղթը Հայաստան բացատրվում է նրանով, որ մինչեւ վերջին ժամանակներս ՀՀ քաղաքացիների համար Բուլղարիա եւ Բուլղարիայի քաղաքացիների համար Հայաստան գալու-գնալու համար, համաձայն միջպետական պայմանագրի, մուտքի արտոնագիր չէր պահանջվում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին մեկուկես տասնամյակում հանրապետությունում տեղի է ունեցել նաեւ ինգուշների թվաքանակի աճ: 2001թ. մարդահամարի տվյալներով, այժմ մեզ մոտ ապրում է 158 ինգուշ: Ինգուշների գաղթը Հայաստան բացատրվում է երկու գործոնով, նախ` Հյուսիսային Կովկասում առկա ազգամիջյան լարված հարաբերություններով եւ ամենակարեւորը` տարբեր ազգությունների համար Հայաստանում տիրող բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտով: Այլ է իրավիճակը թաթարների պարագայում: Վերջին մարդահամարի արդյունքներով, վերջիններիս թիվը 6 անգամ զիջում է 1979թ. մարդահամարի տվյալներին: Մեր կողքին ներկայումս բնակվում է 123 թաթար: Վերջին տարիներին մենէթնիկ թաթարական ընտանիքների գերակշռող մասը եւ երկէթնիկ, այսինքն` հայ-թաթարական, ընտանիքների որոշ մասն արտագաղթել են Հայաստանից, ինչն անդրադարձել է ոչ միայն նրանց բացարձակ թվաքանակի, այլ ժողովրդագրական պատկերի վրա. այսօրվա հայաստանյան թաթարների շուրջ 87 %-ը հայ տղամարդկանց հետ ամուսնացած կանայք են: Հայաստանում անցկացված մարդահամարների ցուցանիշները վկայում են, որ հանրապետությունում նվազել է նաեւ օսերի թվաքանակը` ընդամենը 67 օս կա ՀՀ-ում: Անկախության տարիներին զգալի թվով հայ-օսական ընտանիքներ տեղափոխվել են Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետություն, որտեղ գոյություն ունի ավելի քան 15 հազարանոց հայ համայնք: Հետաքրքրական է նաեւ, որ Հայաստանում այս պահին կան մոտ 250 մորդվաներ: Սրանք ֆիննոուգրական լեզվախմբի ժողովուրդ են, որոնք մեր երկրում հաստատվել են ռուս հնածիսականների` մոլոկանների հետ միասին: Այդ պատճառով նրանց համայնքը կազմված է ոչ թե էթնիկ պատկանելության հիմքի վրա, այլ` հավատքի: Հայաստան գալով մորդվաները հաստատվել են Սեւանի ավազանի Շորժա գյուղում: Նրանց կրթության եւ հասարակական շփման լեզուն ռուսերենն է, սակայն հետաքրքիրն այն է, որ 1880-ականներին Հայաստան տեղափոխված մորդվաները մինչեւ այսօր ընտանիքներում պահպանել են իրենց մայրենի լեզուն: Դասական առումով մորդվա համայնք գոյություն չունի, նրանք մոլոկանների հետ կազմում են մեկ սոցիալ-մշակութային համայնք: «Մոլոկանությունը հավատք է, իսկ կազմակերպությունը կանգնում է պետական համագործակցության հիմքերի վրա, մենք դա չենք ուզում»,- հայտարարում են մորդվաները, որոնք չեն մասնակցում ընտրություններին, զենք չեն օգտագործում, միեւնույն ժամանակ` չեն խուսափում բանակային ծառայությունից, որի ընթացքում կատարում են բացառապես քաղաքացիական աշխատանք: Մորդվաները խոր համոզմունք ունեն, որ Աստված մարդուն ոտք ու ձեռք է տվել աշխատելու համար, այդ պատճառով այս կրոնական խմբավորման ներկայացուցիչները չեն ընդունում սոցիալական աջակցության պետական ձեւերը, փոխարենը ձեւավորված են միմյանց աջակցելու ներհամայնքային հստակ մեխանիզմներ: Երեխաները, որպես կանոն, ծնողներին չեն լքում, հավատքը ծնողների նկատմամբ բացառիկ նվիրվածություն է ձեւավորել:
Հիմա անդրադառնանք համեմատաբար քիչ հայտնի ուդի անվանմամբ էթնիկ համայնքին, որը հայ ժողովրդի հետ հնագույն կապեր ունեցող ժողովուրդներից է: 2001թ. մարդահամարի տվյալներով, մեզ մոտ ընդամենը 22 ուդի կա: Իրականում ուդիների թիվը երկրում մի փոքր ավելի է. 30-ից ավելի ուդիներ ապրում են միայն Նոյեմբերյանի շրջանում, 50-ից ավելի` Երեւանում: Ուդիներ կան նաեւ Էջմիածնում, Արարատի մարզի գյուղերում: Փորձագիտական տվյալներով, Հայաստանում ապրում է մոտ 150 ուդի: Նրանց մեծ մասը Հայաստանում հայտնվել է 1988-2000թթ. ընթացքում` Ադրբեջանի Վարդաշեն եւ Կուտկաշեն գյուղերից (այժմ` Օղուզական եւ Ղաբալայի), որը համարվում է նրանց էթնիկ հայրենիքը: Բնականաբար, Ադրբեջանի հետ հարաբերությունների բարդացման հետեւանքով Հայաստանի ուդիները հնարավորություն չունեն իրենց նախկին բնակավայրերի եւ նրանց բնակիչների հետ շփվելու: Խնդիրը բարդանում է նրանով, որ ուդիական մշակույթը ձեւավորել է հայկական անտրոպոնիմիկա, եւ հայկական անուն-ազգանուններով ուդիները հայերի նման Ադրբեջան չեն կարող գնալ նաեւ այլ երկրների միջոցով: Փոքրաթիվ եւ ցրված լինելով` ուդիները Հայաստանում հասարակական կամ մշակութային ֆորմալ խմբեր չունեն: Նրանք ցավով են արձանագրում իրենց էթնիկ մշակութային միջավայրի բացակայությունը: Ուդիները Կովկասյան Աղվանքի ժողովուրդներից են: Ողջ աշխարհում այս պահին հաշվվում է մոտ 10.000 ուդի: Նրանց էթնիկ ինքնության կարեւորագույն դրսեւորումը «աղվանցի» լինելու հիշողությունն է, ուդիերեն լեզվի իմացությունը, քրիստոնյա լինելու հանգամանքը եւ հայ ժողովրդի հետ իր մշակութային ամբողջության ընկալումը:
Վերջին օտարազգիները, որոնց մասին կխոսենք այս հոդվածում, պարսիկներն են: Պաշտոնապես մեզ մոտ բնակվում է 326 պարսիկ: Հանրապետությունում բնակություն հաստատած պարսիկների մեծ մասը ներգրավված է առեւտրատնտեսական, մի մասն էլ` գիտակրթական ոլորտներում: Մեր տեղեկություններով, անկախացումից եւ Իրան-Հայաստան պետական սահմանների գործելուց հետո պարսիկ տղամարդկանց եւ հայ կանանց խառն ամուսնությունների հետեւանքով ծնվել է ավելի քան 170 երեխա: Մեր աղբյուրի հավաստմամբ, խառնածինները նաեւ արտաամուսնական կապերի հետեւանք են: Խառնամուսնությունների հետեւանքով ծնված երեխաների մեծ մասն ապրում է Հայաստանում, իսկ փոքր մասը` Իրանում: Իրանի հայկական սփյուռքի կողմից այս երեւույթն անընդունելի եւ աններելի է, քանի որ ձեւավորված էթնոկրոնական կուռ բարքերը պարսավանքի են ենթարկել մահմեդականի հետ ամուսնացող կամ ամուսնացել ցանկացող հայ կնոջը: Նշենք նաեւ, որ վերջին տարիներին Երեւանում վերանորոգվել ու վերաբացվել է 1760թ. կառուցված պարսկական մզկիթը, որը հայտնի է «Գյոյ» կամ «Կապույտ մզկիթ» անվամբ: Ականատեսների վկայությամբ, մզկիթ հաճախում են նաեւ պարսիկների հետ ամուսնացած հայուհիներ` հետեւելով մահմեդական ողջ ծիսակարգին: