Աթեիզմը` վտանգված

12/05/2005

– Աթեիզմը որպես տեսություն կորցնում է իր նախկին դիրքերը,- ասում է մյունխենցի աստվածաբան Վոլֆգարտ Պանենբերգը։

Իսկ Օքսֆորդի նրա գործընկեր Ալիստեր Մաքգրատը գտնում է, որ ապագայում աթեիզմը լինելու է առանձին մարդկանց մասնավոր կարծիքը եւ ոչ թե հասարակական ընդհանուր գիտակցություն։

Աթեիզմի դիրքերը թուլանում են երկու պատճառով։ Առաջինը՝ այն կորցնում է գիտական հիմնավորվածությունը։ Երկրորդը՝ հարյուր միլիոնավոր մարդկանց պատմական փորձը ցույց է տալիս, որ աթեիստները չեն կարող բարոյական բարձր չափանիշների հավակնություններ ունենալ։ Բրիտանացի փիլիսոփա Էնթոնի Ֆլուն, ով նախկինում համոզված հումանիստ էր, այժմ երես է թեքել աթեիզմից։ Նա ասում է, որ էվոլյուցիան չի կարող բացատրել, թե ինչպես է մեկ բջիջն ավելի շատ ինֆորմացիա պարունակում, քան «Բրիտանական հանրագիտարանի» հատորները։ Ճիշտ է, Ֆլուն դեռ չի ընդունում սուրբգրային Աստծուն, բայց արդեն կողմ է «բանական արարման» սկզբունքին։

Մի քանի տարի առաջ եվրոպացի գիտնականները ծիծաղում էին, երբ ԱՄՆ-ում, մասնավորապես` Հարվարդի եւ Դյուկի համալսարաններում կատարված հետազոտություններից պարզվում էր հավատի եւ աղոթքների ազդեցությունը մարդու առողջացման գործընթացի վրա։ Հիմա ամբողջ աշխարհի գիտական կենտրոններում կատարված 1200 ուսումնասիրություններն են բերել այդ համոզման։

Աթեիզմի մյուս աքիլեսյան գարշապարը աթեիստների կատարած անմարդկային եւ խելահեղ արարքներն են։ «Ժամանակի ընթացքում աթեիստների շարքերում այնքան խաբեբաներ, հոգեգարներ ու պաշտոնամոլներ են հավաքվել, որքան եղել են բոլոր կրոնների հետեւորդների մեջ միասին վերցված։ Ի դեմս Ստալինի` աթեիզմը դարձավ իսպանական հավատաքննության շարունակողը»,- գրում է Մաքգրատը։