Հայկական ձեռագրերին միայն հայի ձեռքն է դիպչելու

29/06/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մատենադարանի ձեռագրերի թվանշայնացման խնդիրը շարունակում է արդիական մնալ: Թվանշայնացման անհրաժեշտությունը եւ այդ պրոցեսն ապահովող սարքերի որոնումները կարծես թե սկսել էին կապվել միայն ամերիկյան Մինեսոտա նահանգի «Հիլլ» թանգարանի առաջարկի հետ: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Արշակ Բանուչյանը մեզ տեղեկացրել էր, որ իրենք երկար ժամանակ գործընկերներ էին որոնում, բայց, բացի ամերիկացիներից, այլ առաջարկ չեն ստացել: Եվ հայ-ամերիկյան պայմանագիրը, որը ստորագրվել էր, հետո՝ կասեցվել եւ սառեցվել, շարունակում էր միակ առաջարկը համարվել: Մատենադարանի որոշ աշխատակիցների եւ տարբեր ատյանների պաշտոնյաների կարծիքով` որոշ շտկումներից հետո այն, միեւնույն է, պետք է վերակենդանացվի:

Սակայն երկու օր առաջ պարզ դարձավ, որ մեր ձեռագրատունը բնավ էլ փակուղում չի հայտնվել եւ, բացի ամերիկյան թանգարանից (որի ետեւում նշմարվում է ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճյանի անունը), թվանշայնացումն իրականացնելու այլ ճանապարհներ էլ կան: Ընդ որում, ճանապարհներն այնքան էլ թանկ չեն, եւ պետք չէ ստորանալ` դրանք մինչեւ վերջ անցնելու ու ապագա սերունդներին մեր պատմական ժառանգությունն անխափան հանձնելու համար:

Երբ «Հիլլի» հետ կնքված պայմանագրի շուրջ մեծ հասարակական աղմուկ բարձրացավ եւ տարբեր մակարդակներում կրքոտ քննարկումներ սկսվեցին, գործողությունների թատերաբեմում հայտնվեց բեյրութահայ երիտասարդ բարերարը, ով թվանշայնացման սարքն ուղղակի գնեց ու Մատենադարանին նվիրեց: Այդ քայլով սփյուռքահայ ճարտարագետ Պիեռ Գույումջյանն ապացուցեց, որ սարք ձեռք բերելն այնքան էլ դժվար գործ չէ, եթե նման ցանկություն ունես: Նրա նվիրաբերած «ATIZ Book Drive DIY» ապարատը գրքերի թվանշայնացման սքաներ է, որն աշխատում է մի քանի թվային խցիկների օգնությամբ եւ ապահովում է գրքերի արագ թվանշայնացում: Սարքը շուկա է մտել անցյալ տարի. այն շատ կոմպակտ է եւ կարողանում է մեկ ժամում 1000 էջ թվանշայնացնել: Մասնագետների կարծիքով` սարքը շատ հեշտ է գործածվում եւ յուրաքանչյուր լուսանկարիչ մի քանի ժամվա ընթացքում կարող է սովորել աշխատել այդ սարքավորման վրա:

Պիեռ Գույումջյանը խուսափեց նշել իր նվիրատվության գինը, բայց տեղեկացրեց, որ այն ավելի էժան է, քան Երեւանի փողոցներում հանդիպած ավտոմեքենաներից եւ նորակառույց տներից շատերը: Սարքի առավելագույն գինը 35.000 ամերիկյան դոլար է, եւ ըստ «ITF» ընկերության գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանի` մի քանի անգամ ավելի լավն է, քան այն սարքը, որով պետք է աշխատեին ամերիկացիները (որոնք, ի դեպ` իրենց աշխատանքը գնահատել էին մոտ 80 մլն դոլար):

Ըստ Պ.Գույումջյանի` սարքն ինքը ձեռք է բերել, քանի որ չի կարողացել հանդուրժել, որ օտարները կարող են տնօրինել հայկական հարստությունը: «Կարծում եմ, մինչեւ օտարներին դիմելը, լավ կլիներ հայաստանյան կազմակերպություններին հնարավորություն տրվեր` կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Կարծում եմ, օտարը չպետք է մուտք գործի այդ հարցի մեջ, այն պետք է հայի ձեռքով իրականացվի»,- ասել է նա: Եվ վստահություն է հայտնել, որ պետք է անել այնպես, որ ոչ թե Մատենադարանը, այլ` Մատենադարանին դիմեն` ձեռագրերը թվանշայնացնելու համար: Հայրենասեր երիտասարդի այդ քայլը «փայլուն գաղափար» համարեց Արշակ Բանուչյանը: «Մեր կողքին հայտնվեց մի մարդ, ում հետ մենք իրականացնելու ենք մեր ծրագրերը»,- ասաց նա: Երկու օր առաջ Մատենադարանի եւ Պ.Գույումջյանի միջեւ ստորագրվեց գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, համաձայն որի` սարքավորումը երկու ամսվա ընթացքում կփորձարկվի Մատենադարանում, որպեսզի պարզի այլ անհրաժեշտ սարքավորումներով այն համալրելու հարցը: Բարերարն իր նվերի դիմաց ոչինչ չի պահանջում (ի տարբերություն «Հիլլի», որը պահանջում է Մատենադարանի հետ միասին ընդունել իր իրավահավասար դերը` թվանշայնացված պատկերները տնօրինելու հարցում): Մատենադարանի տնօրենի ամենահավանական թեկնածուն` բանաստեղծ եւ միջնադարագետ Հրաչ Թամրազյանը նույնպես հայազգի բարերարի հայտնվելը շատ խորհրդանշական է համարում: «Շատ լավ է, որ մենք մեր ուժերով ենք թվանշայնացնելու ձեռագրերը»,- ասում է նա:

Հատուկ նշանակության կառույց

Սփյուռքահայ մեկենասը ճիշտ ժամանակին հայտնվեց, քանի որ հայ-ամերիկյան պայմանագիրը կարծես օդում էր կախվել եւ իրականում ո՛չ խզվում էր, ո՛չ էլ հայտարարվում այն կրկին վերականգնելու մասին: Պայմանագրի կողմնակիցները կարծես թե փորձում էին ժամանակ շահել եւ ի ցույց աշխարհին ասել, որ ամերիկացիների առաջարկը միակն է: Իսկ երբ այն ոչ միակը, ոչ էլ շահավետը համարվեց, նրանց կռվանները կորցրեցին իրենց ազդեցությունը: «Տալով մի մասը, մենք փրկում ենք ամբողջը» սկզբունքը բեյրութահայ բարերարի այդ քայլով անիմաստ դարձավ, քանի որ ստացվեց, որ կարելի է ամբողջը փրկել եւ փոխարենը ոչինչ չտալ: Պիեռ Գույումջյանը նշեց, որ Մատենադարանից պատճեններ կամ պատճենների օգտագործման իրավունք չի պահանջում, միայն ցանկանում է ցույց տալ, որ կարելի է սեփական ուժերով իրականացնել թվանշայնացումը:

Հայ-ամերիկյան պայմանագրին դեմ խոսող մարդիկ շատ մարտական են տրամադրված, եւ համարում են, որ ձեռագրերի շուրջ ծավալվող «պատերազմը» դեռ ավարտված չէ եւ ամերիկացիների առաջարկի կողմնակիցները դեռ անպայման փորձելու են այն առաջ քաշել: Հիմա որոշակի հրադադար է նկատվում, քանի որ Մատենադարանը պատրաստվում է տնօրենի ընտրություններին, որոնք կկայանան հուլիսի 10-ին: Տնօրենի հավանական թեկնածուներից են Հրաչ Թամրազյանն ու Մանյա-Էռնա Շիրինյանը, այդ երկու թեկնածուները գիտության դոկտորներ են, ինչը պարտադիր նախապայման է համարվում` Մատենադարանի տնօրեն դառնալու համար:

Ընտրությունը հայտարարվել է Մատենադարանի 2002 թվականի կանոնադրության համաձայն, որը պահանջում է տնօրենի ընտրությունը վստահել գիտաշխատողներից ու հնատիպ գրքերի ուսումնասիրողներից կազմված գիտխորհրդին: Սակայն մարտ ամսին որոշ փոփոխություններ են կատարվել: Ա.Բանուչյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ի որոշման համաձայն` խորհրդում 27 մատենադարանցի եւ 12 հոգի ոչ մատենադարանցի (նախկին 6-ի փոխարեն) պետք է լինի, իսկ որոշ փոփոխություններ կատարվել են այն պատճառով, որ կանոնադրության մեջ առկա է եղել «գիտական ժողովի ընդլայնված կազմ» արտահայտությունը: Իսկ այդպիսի ձեւակերպում լինել չի կարող, քանի որ հասկանալի չէ, թե դա ի՞նչ է նշանակում: Սակայն մեր տեղեկությունների համաձայն` կանոնադրության մեջ կարող են այլ փոփոխություններ էլ տեղ գտնել, քանի որ Կրթության եւ գիտության նախարարը, որի վերահսկողության տակ է գտնվում Մատենադարանը, մայիսի 15-ին դիմել է վարչապետին` Մատենադարանի ճակատագրում ավելի մեծ դերակատարում ունենալու եւ իր լիազորությունները լայնացնելու համար: Նախարարն առաջարկել է գիտխորհուրդը վերանվանել խորհուրդ եւ նրա կազմում ներգրավել ոչ թե գիտական անձնակազմին, այլ` կառավարության եւ նախարարության չինովնիկներին: Եթե այդ առաջարկն ընդունվի, կստացվի այնպես, որ նախկին գիտխորհուրդն «ապամոնտաժվել» է եւ վերածվել պաշտոնյաների խորհրդի: Եվ այսուհետ չինովնիկներն են որոշելու ձեռագրերի հետ շփվելու կարգն ու ուղղակիորեն ազդելու են տնօրենի ընտրության ու ձեռագիր գանձերի պահպանման կանոնակարգի վրա: Չինովնիկներից շատերը գաղափար անգամ չունեն, թե ի՞նչ է նշանակում հնատիպ գիրքը. մատյան կամ ձեռագիր լավագույն դեպքում նրանք վերջին անգամ տեսել են իրենց վաղ մանկության տարիներին` էքսկուրսիա գալով Մատենադարան։

Եթե այդ առաջարկն ընդունվի, կստացվի, որ Մատենադարանի կարգավիճակն էլ ավելի է իջեցվում: Սկզբում հին ձեռագրերի գիտական ինստիտուտը հատուկ նշանակության հիմնարկ էր, այժմ ԿԳ նախարարության հովանու տակ է գործում, իսկ հետագայում գուցե Մատենադարանն այլեւս չկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, եւ չհիմնավորված էքսպերիմենտների փորձադաշտի կվերածվի: Իսկ իշխանություններն էլ` տոտալ հսկողության տակ կառնեն ժամանակի շունչը մեզ հասցրած բազմադարյա ձեռագրերի հավաքածուն, եւ կուզեն՝ կվաճառեն, չեն ուզի` չեն վաճառի: Կամ էլ` կվաճառեն միայն նրան, ում իրենք են ուզում վաճառել: