– Դուք գործուն դեր ունեք Հայաստանում Երկրորդ միջազգային բժշկական համագումարի իրականացման գործում: Ինչո՞ւ է Հայաստանի զարգացման տվյալ փուլում այս համագումարի իրականացումը կարեւոր:
– Այս ամենն իրականացվում է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բժիշկների շարունակական մասնագիտական աճի ապահովմանը նպաստելու նպատակով: Սա խիստ կարեւոր հարց է, հաշվի առնելով այն փաստը, որ երկու հանրապետություններն էլ դեռեւս միջոցներ չունեն բժիշկներին, բուժքույրերին եւ մյուս բուժաշխատողներին ուղարկելու արտասահման` սովորելու, եւ, որ հավասարապես կարեւոր է, նրանց համար հնարավորություններ ստեղծելու այլ երկրներում շարունակական ուսուցում ձեռք բերել` պրակտիկայի, գիտական աշխատանքի եւ գիտաժողովների միջոցով: Ահա այս ամենի ֆոնի վրա է, որ Հայաստանի բժշկական համագումարը եւ Հայկական բժշկական աշխարհի համագումարը մենք համարում ենք Հայաստանի առողջապահության ժամանակակից զարգացման մեջ բեկումնային պահ:
Հայաստանի Երկրորդ միջազգային բժշկական համագումարը մի շարք նշանակալի ուղղություններով կշարունակի առաջ տանել անցած երեք տասնամյակների նվաճումները: Հիմնականում միջոցառումն ուղղված է տեղացի բժիշկներին ծանոթացնելու նոր գիտելիքների իսկական հարստությանը` շնորհիվ աշխարհի տարբեր երկրների պրոֆեսորների եւ բժշկական փորձագետների, որոնցից շատերը զբաղվում են գերժամանակակից հետազոտություններով: Կարեւոր է նաեւ այն, որ կընձեռվեն անգնահատելի հնարավորություններ փորձի փոխանակման եւ թարմ ներըմբռնման համար:
– Ձեր կարծիքով՝ որո՞նք են Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բժշկական հաստատությունների հիմնական մարտահրավերները ենթակառուցվածքի, որակյալ մասնագետների, հավաստագրման եւ առողջապահական ծառայությունների մատուցման տեսանկյունից:
– Ընդհանրապես հիմնական մարտահրավերները շարունակական ուսուցումն ու վերապատրաստումն են: Մենք ունենք հսկայական թվով բժիշկներ, ովքեր գիտակ են իրենց բնագավառներում, բայց հաշվի առնելով գիտության զարգացող բնույթը, հատկապես՝ բժշկագիտության, հաշվի առնելով միջազգային հետազոտությունների եւ զարգացման չափազանց արագ տեմպը, առողջապահության ոլորտի մեր մասնագետները ոչ միայն պետք է ժամանակակից տեղեկություններ ձեռք բերեն իրենց մասնագիտությունների գծով, այլ նաեւ պետք է մշտապես կատարելագործեն իրենց հմտությունները: Ահա թե ինչու է խիստ անհրաժեշտ Հայաստանում բժշկական համագումարների եւ սիմպոզիումների անցկացումը, որովհետեւ դրանք հետեւողական եւ վստահելի միջոց են շարունակական մասնագիտական զարգացման համար: Այս միջոցառումները հատկապես օգտակար են Հայաստանի հեռավոր շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի առողջապահության ոլորտի մասնագետների համար:
Մեկ այլ դժվարություն է մասնագիտական հավաստագրումը: 1996թ. մենք սահմանեցինք հավաստագրման ծրագիր, ըստ որի` բժիշկները պետք է հավաստագրվեն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ` հիմնված իրենց մասնագիտական կարողությունների եւ կատարողականի վրա: Այդ ծրագիրն, ի վերջո, դադարեցվեց, բայց ես ուրախ եմ տեղեկացնելու, որ կարծես թե այն շուտով կվերսկսվի: Այստեղ եւս պարզ է դառնում բժշկական համագումարների անցկացման կարեւորությունը, որովհետեւ դրանք կօգնեն սահմանելու անհրաժեշտ չափանիշներն ու բժշկական արտոնագրման եւ հավաստագրման ստանդարտները:
– Որո՞նք են այն գլխավոր օգուտները, որ Սփյուռքի մասնագետները կստանան՝ մասնակցելով Բժշկական համագումարին:
– Բացի ամբողջ աշխարհից գործընկերների հետ փորձի եւ գիտելիքի փոխանակման եզակի հնարավորություն ընձեռելուց, Հայաստանի Երկրորդ միջազգային բժշկական համագումարը Սփյուռքի եւ Հայաստանի մասնագետների միջեւ բարեկամության հաստատման եւ պահպանման, տարբեր ծրագրերում ընդգրկված մասնագետների փոխադարձ ըմբռնման եւ համագործակցության զարգացման հիանալի միջոց է: Միմյանց հետ շփվելով՝ տեղացի հայերը եւ սփյուռքահայերը ոչ միայն հնարավորություն են ստանում սերտացնելու իրենց կապերը, այլ նաեւ սկսում են ավելի լավ հասկանալ յուրաքանչյուրի մղումները, մարտահրավերները եւ նպատակները` որպես հոգեւոր կատալիզատոր ունենալով Հայաստանը:
– Իսկ որո՞նք են այն հրատապ միջոցառումները, որոնք դուք կցանկանայիք ձեռնարկել՝ որպես ԱԺ Սոցիալական հարցերի, առողջապահության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ:
– Իմ բոլոր ծրագրերն էլ բարձրագույն գերակայություններ են: Կնշեմ մի քանիսը:
Առաջնահերթ նպատակներից է՝ հասնել նրան, որ ՀՀ-ում առողջապահությունն ավելի մատչելի եւ արդյունավետ դառնա եւ հայ հանրության առողջապահական հարցերի շուրջ իրազեկվածությունը բարձրանա: Դրա հիմքում ընկած նպատակներից է պատերազմի պատճառով քայքայված բնակչությանը մի կողմից՝ աղքատության, մյուս կողմից` ապաբարոյականացման ճիրաններից դուրս բերելը: Մենք նաեւ պետք է սկսենք ծրագրեր կամ խթանենք գործող ծրագրերը` բարելավելու ֆիզիկական եւ հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը: Մենք պետք է պաշտպանենք նրանց իրավունքները, ստեղծենք կրթության եւ աշխատանքի հնարավորություններ եւ օգնենք արմատախիլ անել հաշմանդամության սոցիալական խարանը: Բնապահպանության ոլորտում ես կցանկանայի տեսնել միջոցառումներ, որոնք կապահովեին այնպիսի տնտեսական զարգացում, որի ժամանակ հաշվի կառնվեն էկոլոգիական հարցերը այնպես, որ այդ զարգացումը տեղի չունենար մարդկանց առողջության եւ Հայաստանի գեղեցիկ բնության հաշվին: