Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) հիմնադրվել է 1992թ. ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանի կողմից: Եվ հենց ՀԱՆ-ի նախաձեռնությամբ էլ հունիսի 26-27-ը Երեւանում տեղի ունեցավ 10-րդ միջազգային ակնաբուժական համաժողովը:
Ամեն տարի համաժողովի շրջանակներում Հայաստան են ժամանում ամերիկացի եւ ամերիկահայ ակնաբույժներ` իրենց փորձով կիսվելու տեղի բժիշկների հետ: Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի խոսքով` փորձի փոխանակումը միակողմանի չի կատարվում, որովհետեւ հայ բժիշկները նույնպես արդեն կարող են իրենց փորձով փոխանակվել ԱՄՆ-ից ժամանած մասնագետների հետ. «Այս անգամ համաժողովին ներկա են 150 ակնաբույժ արտասահմանից եւ Հայաստանից: Ծրագրի շրջանակներում բժիշկները մանրամասն ցույց են տալիս վիրահատությունների անցկացման ձեւը` կենդանիների աչքերի վրա: Այս կերպ նաեւ մասնագիտական ուսուցում է իրականացվում: Արտասահմանից ժամանած բժիշկներն ընդհանրապես մասնակցում են վիրահատություններին` հայ բժիշկների հետ միասին` սովորաբար ընտրելով ամենածանր դեպքերը»:
Ըստ Նունե Եղիազարյանի, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ակնաբուժական խնդիրների վիճակն առավել ծանր է հատկապես շրջաններում: Այդ պատճառով Հայկական ակնաբուժության նախագիծը Հայաստան է ներմուծել Աչքի շարժական հիվանդանոց. «Մոտ 26 մետր երկարությամբ մեքենա է` բոլոր խիստ ժամանակակից սարքավորումներով հագեցած: Մինչ օրս ստուգել ենք ավելի քան 150.000 մարզի բնակչի եւ բացարձակ անվճար վիրահատել ենք 6500 մարդու, քանի որ ծրագիրը բարեգործական է: Նախօրոք մենք ամբողջ ինֆորմացիան ուղարկում ենք բնակչությանը, որպեսզի նրանք գան ընդհանուր ակնային հետազոտության: Ցանկացած անձ կարող է գալ եւ հետազոտություն անցնել: Իսկ երբ խնդիրը վիրահատության է հասնում, ապա անվճար վիրահատում են նրանց, ովքեր պաշտոնապես անապահով են համարվում»,- վստահեցնում է Ն. Եղիազարյանը:
Նրա հավաստմամբ, մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկի, ինչը շատ կարեւոր է: Իսկ ինչ վերաբերում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թվի կտրուկ աճին, ապա Նունե Եղիազարյանն ասում է, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր ունեն շաքարային դիաբետ, ներակնային բարձր ճնշում, նրանց մոտ մեկուկես անգամ շատ է ակնային հիվանդությունների ռիսկը: Սակայն ՀԱՆ-ը հետազոտությունների եւ ուսուցումների միջոցով փորձում է դա կանխարգելել:
Արտասահմանցի բժիշկների հետ այս տարի առաջին անգամ Հայաստան է ժամանել «Համաշխարհային հասանելիությունը կույրերի համար» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դանիել Քիշը: Վերջինիս խոսքով` իրենց հ/կ-ն մշակում եւ տարածում է գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ մեթոդներ, որոնք կույրերին անսահմանափակ հնարավորություններ կտան. «Մեր ծրագրի բաղադրիչներից է սպորտի կարեւորությունը: Մենք այդ մեթոդներն օգտագործում ենք, որպեսզի ուսանողները կարողանան ինքնուրույն հեծանիվ վարել, բնության գիրկ գնալ եւ խաղալ գնդակի կիրառմամբ տարբեր խաղեր` իրենց տեսնող ընկերների հետ: Մենք ամբողջ աշխարհում վերապատրաստում ենք մարդկանց, որպեսզի նրանք վարեն այնպիսի կենսակերպ, որն ապահովում է տվյալ մարդու ազատությունը»:
Դանիել Քիշը համաժողովին ներկայացրեց իրենց մշակած նոր մեթոդը, որը կիրառվում է ձայնային ալիքների շնորհիվ. «Մենք ձայն ենք արտաբերում, օրինակ, լեզվի միջոցով: Ձայնը դուրս է գալիս, բախվում շրջապատում տարբեր առարկաների հետ եւ վերադառնում լսողին: Այնուհետեւ ուղեղի համապատասխան հատվածը վերլուծում է հետ վերադարձող ձայնի որակն, ու ստեղծվում է պատկերացում շրջապատի մասին: Երբ ես առաջին անգամ մտա այս սենյակ, անմիջապես կարողացա կռահել, թե այն ինչպիսի տեսք ունի եւ, որ այստեղ սյուն կա»:
Դանիել Քիշը հուսով է, որ մոտ ապագայում այս մեթոդը կկիրառվի նաեւ Հայաստանում, դրա համար էլ իրենք ցանկանում են այստեղ վերապատրաստել որոշ մարդկանց, ովքեր հետագայում կկարողանան դասավանդել Հայաստանում:
Դանիել Քիշը գտնում է, որ Հայաստանում կույրերի համար ստեղծված պայմանները դեռեւս լիարժեք չեն, եւ դեռեւս երկար ճանապարհ կա անցնելու. «Բայց հիանալի է, որ ջանքեր են ներդրվում` օգնելու կույր մարդկանց, որպեսզի նրանք հասարակության մեջ իրենց ներդրումն ունենան: Ցավալի է, որ Հայաստանում այդքան քիչ մասնագիտական հնարավորություններ կան կույրերի համար, մինչդեռ կույր մարդիկ կարող են աշխատել կարիերայի անսահմանափակ հնարավորություններով: Դա հնարավոր է: Սակայն, կարծում եմ, ակնաբուժության նախագծի ներդրած ջանքերի միջոցով դրա հնարավորությունը շուտով կստեղծվի»,- համոզված է «Համաշխարհային հասանելիությունը կույրերի համար» հասարակական կազմակերպության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դանիել Քիշը: