«Պատերազմի կուսակցությունը» հո պոզով-պոչով չի՞ լինում

26/06/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Լավ է, որ Ադրբեջանը հասկանա, որ այս բանակցությունները չեն կարող շարունակվել երկար: Ոչ էլ իր սպառնացող հայտարարություններն են, որ մեզ կվախեցնեն: Մենք այդքան գիժ չենք, որ սպասենք, որ ի՛նքը պատերազմը սկսի, եթե իսկապես տեսնենք, որ պատրաստվում է պատերազմի»: Պարզ ասած՝ ՀՅԴ-ականները չեն բացառում, որ հայկական կողմն ինքը կարող է պատերազմ սկսել, եթե իհարկե տեսնի, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Դե մենք էլ, Կ. Մանոյանի հավաստմամբ, այդքան գիժ չենք (ասել կուզի՝ գիժ ենք, բայց ոչ այդքան), որ սպասենք, որ Ադրբեջանը պատրաստվի, դրա համար էլ պետք է Ադրբեջանի «պատրաստ չեղած ժամանակ» նրա հարցերը լուծենք: Այսինքն՝ ԼՂ հարցի լուծման կոնկրետ ծրագիր առաջարկելու փոխարեն առաջարկվում է հետեւյալ ընտրությունը. կա՛մ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ դրանից հետո պատերազմ է հայտարարում, կա՛մ հայկական կողմը չի սպասում, որ Ադրբեջանը պատրաստվի պատերազմի (որովհետեւ այնքան էլ գիժ չէ) ու ինքն է նրա հարցերը լուծում՝ Ադրբեջանի՝ «պատրաստ չեղած ժամանակ»: Ստացվում է, որ պատերազմը բացառելու միակ ճանապարհը մնում է այն, որ Ադրբեջանը պատերազմական քայլերի գնալու մասին վկայող նախապատրաստական քայլեր չանի: Այսքանից հետո մնում է միայն հարցնել, թե «պատերազմի կուսակցությունը» հո պոզով-պոչով չի՞ լինում:

Պարզվում է` ՀՅԴ-ն միայն իշխանության մաս կազմելու հարցում չէ, որ փորձում է կիսահղի լինել: Կուսակցությունում նման մոտեցում են որդեգրել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Երեկ «Փաստարկ» ակումբում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մի քանի անգամ հայտարարեց, որ ՀՅԴ-ն դեմ է «ազատագրված տարածքներն Ադրբեջանին զիջելուն»:

«Ցանկացած տարածք տալուն դեմ ենք»,- պնդեց նա: Չկարծեք, թե այս հայտարարությունները ձեզ հիմք են տալիս միանշանակ պնդել, թե ՀՅԴ-ն ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում բացառում է տարածքային որեւէ զիջում, որովհետեւ, վերոնշյալ հայտարարությունների հետ մեկտեղ, պարոն Մանոյանը երեկ նաեւ նշեց հետեւյալը. «Պարզ է, որ երբ բանակցություն ես մտնում, պետք է ինչ-որ բանի մասին վերջնական խոսես: Եթե մեկ մետր գիծն այսպես պետք է դրվի կամ երկու մետր առջեւ պիտի տարվի, դա բանակցության սեղանին արվելիք բան է: Իսկ սովետական ժառանգություն մնացած վարչական շրջաններով խոսել՝ կտանք-կառնենք, լրիվ անընդունելի է»: Այսինքն՝ ՀՅԴ-ն ոչ թե դեմ է որեւէ տարածք զիջելուն, այլ դեմ է, որ այդ մասին խոսվի «սովետական վարչական շրջաններով»: Բայց ա՛յ, եթե ասվի՝ այսինչ տեղում հայկական կողմն է զորքերն այսքան հետ քաշում, այնինչ տեղում՝ Ադրբեջանը (առանց ինչ-որ շրջանային անուններ նշելու), դա բոլորովին այլ հարց է: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, Կ. Մանոյանը երեկ նաեւ ասաց, թե ՀՅԴ-ն դեմ է ցանկացած տարածք զիջելուն: Հիմա ՀՅԴ-ն տարածք զիջելուն դե՞մ է, թե՞ ոչ: Կ. Մանոյանը երեկ լրագրողներից մեկի խնդրանքով փորձեց հստակեցնել: «Մենք ազատագրված տարածքները զիջելուն դեմ ենք: Կարող է եւ սահմանի փոփոխություն լինել, որովհետեւ մենք էլ պահանջ ունենք, չէ՞: Մենք տարածք տալուն դեմ ենք: Ցանկացած տարածք զիջելուն դեմ ենք: Պարզ չի՞»,- ասաց նա՝ ում խոսքի այս հատվածը կարծեք թե շատ պարզ է ու հստակ: Սակայն ամեն ինչ կրկին խառնվեց, երբ «պարզ չի՞» հարցից անմիջապես հետո դաշնակցական բանախոսը շարունակեց. «Խոսել տարածքների մասին պետք է լինի ոչ թե վարչական տարածքների հիման վրա՝ Քելբաջար է, Լաչին է, Զանգելան է, մնացած է, այլ՝ անվտանգության սկզբունքներից ելնելով»: Չէ, էլի չստացվեց. բան չհասկացանք: Սակայն ՀՅԴ-ի նման լղոզված «դիրքորոշումներին» արդեն սովորել ենք: Այնպես որ՝ անցնենք առաջ: Կ. Մանոյանը երեկ նաեւ հայտարարեց, թե ԼՂ խնդրի ցանկացած կարգավորման ժամանակ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը չպետք է վտանգվի: «Այն մոտեցումը, որ Ղարաբաղը մի հատ միջանցքով պետք է միանա Հայաստանին, դա անընդունելի է մեզ համար»,- շեշտեց նա՝ հավելելով, թե այսօր բանակցությունները ոչ թե տարածքներ զիջելու մասին են, այլ՝ Ղարաբաղի կարգավիճակի: Այսինքն՝ հնարավո՞ր է կարգավիճակի հարցը լուծել՝ առանց տարածքներ տալու: Ի պատասխան այս հարցի, բանախոսը նշեց. «Կարելի է: Տեսեք, եթե 2 տարի, 3 տարի, 5 տարի, չգիտեմ՝ 10 տարի, միասնաբար կորոշենք՝ ինչքան է այդ ժամանակը, բանակցություններն արդյունք չեն տալու, պարզ է, որ կա՛մ Ղարաբաղի անկախությունը Հայաստանը պիտի ճանաչի, կա՛մ պիտի կցի: Տարբերակ չկա»: «Ուրեմն՝ լավ է, որ Ադրբեջանը հասկանա, որ այս բանակցությունները չեն կարող շարունակվել երկար: Ոչ էլ իր սպառնացող հայտարարություններն են, որ մեզ կվախացնեն,- հայտարարեց դաշնակցական Կ. Մանոյանն ու Իլհամ Ալիեւի նման ռազմաշունչ ոգով հավելեց,- Մենք այդքան գիժ չենք, որ սպասենք, որ ի՛նքը պատերազմը սկսի, եթե իսկապես տեսնենք, որ պատրաստվում է պատերազմի»: Ասել կուզի՝ ՀՅԴ-ականները չեն բացառում, որ հայկական կողմն ինքը կարող է պատերազմ սկսել, եթե տեսնի, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Բայց պետք չէ հուսահատվել: Ըստ Կ. Մանոյանի, «նաեւ հավանականությունը մեծ է, որ Ադրբեջանն ինքը պատերազմական քայլի չգնա, բայց միշտ պատրաստ պետք է լինենք»: Խոսելով հակամարտության կարգավորման բուն գործընթացի մասին՝ բանախոսը երեկ նաեւ կարծիք հայտնեց, թե առաջիկա 2 տարիների ընթացքում հազիվ թե էական առաջընթաց արձանագրվի այդ հարցում: ՀՅԴ-ի կարծիքով՝ ԼՂՀ նորընտիր նախագահը պետք է հայտարարի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցության անարդյունավետության մասին եւ դնի Ղարաբաղի մասնակցության պահանջ, իսկ Հայաստանն էլ պետք է, հիմք ընդունելով անարդյունավետ բանակցությունը եւ Ադրբեջանի անզիջում կեցվածքը, ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Ըստ Կ. Մանոյանի, ԼՂՀ նոր նախագահը «շատ հանգիստ» կարող է ասել, թե մինչեւ հիմա «բարի տրամադրություններով» Ղարաբաղը համաձայնել էր բանակցությունների այսօրվա ֆորմատին, բայց դա արդյունք չտվեց: «Այս ֆորմատը պետք է փոխվի: Ուրիշ ֆորմատը, տրամաբանությունն ասում է, որ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությունն է: Պետք է, որ նոր մոտեցումներով լինի եւ նոր հիմունքներով լինեն բանակցությունները: 8-9 տարի է, մենք այս նույն հիմունքներով բանակցում ենք՝ ոչ մի տեղ չենք հասել: Եվ եթե այդպես պիտի շարունակվի, անհրաժեշտ է, որ փոխվի»,- փաստեց ՀՅԴ ներկայացուցիչը: Իհարկե, դժվար է ասել` «ոչ մի տեղ չենք հասել», որովհետեւ նշված տարիների ընթացքում Հայաստանի մեկուսացումը խորացավ, եւ մեր երկիրը դուրս մնաց տարածաշրջանային բոլոր խոշոր նախագծերից: Իսկ երբ ժամանակին ՀՀ-ն որդեգրել էր «Հայաստանը համաձայն է ԼՂ խնդրի ցանկացած լուծման, որն ընդունելի է Ղարաբաղի համար» սկզբունքը, այն ժամանակ նույն ՀՅԴ-ն եւ այժմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (ում սատարում է ՀՅԴ-ն) անընդունելի էին համարում այդ մոտեցումը՝ դա բացատրելով նրանով, թե այդկերպ Հայաստանը, մի տեսակ, «մենակ էր թողնում Ղարաբաղին»: Ինչպես հիշում եք, ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ փաստեց, որ մոտ 10 տարի առաջ ԼՂ-ն բանակցային կողմ էր, եւ այժմ Հայաստանը ձգտում է վերադառնալ դրան՝ «սկզբնական ֆորմատին»: Գուցե այս ամենը ոմանց հիշեցնում է «հայի հետին խելքի» մասին, սակայն այսօր պետք չէ ժամանակ ծախսել տարատեսակ վիճաբանությունների վրա, որով փորձ կարվի արձանագրել այն իրողությունը, որ որոշ բաներ հասկանալու համար մեր այսօրվա իշխանություններից ու դրա մաս կազմող ՀՅԴ-ից մոտ 10 տարի պահանջվեց, պարզապես պետք է արձանագրել Վ. Օսկանյանի ու ՀՅԴ-ականների նմանօրինակ խոստովանություն-«մեղայականներն» ու փորձել համատեղ ուժերով լուծել մեր երկրի առջեւ ծառացած ամենաբարդ խնդիրը: