Պետք է բնակեցնել

26/06/2007

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, թե ՀՅԴ-ն առաջնային է համարում ազատագրված տարածքների ակտիվ վերաբնակեցումը: Իսկ խոսքը բոլոր ազատագրված տարածքների մասի՞ն է, թե՞ որոշ տարածքներ պետք չէ բնակեցնել, որովհետեւ դրանք հետ են վերադարձվելու Ադրբեջանին: «Ընդհանրապես տարածք չկա, որ պետք չէ վերաբնակեցնել, բայց նաեւ տրամաբանությունն ասում է, որ դա պետք է սկսել այնտեղից, որտեղից որ համեմատաբար հեշտ է: Եվ կարեւորը սկսելն է: Կարեւորը ժողովրդի մեջ ամրացնելն է այն մոտեցումը, որ որտեղ որ բնակեցվում է, այդ տարածքը հետ չի տրվելու»,- նշեց նա: Կ. Մանոյանի խոսքերով՝ վերաբնակեցման գործում եղել են ձախողումներ, որոնք ոչ թե տարածքներից հեռացած մարդկանց, այլ տեղի պատասխանատուների մեղքն է: Կ. Մանոյանը մեղադրական ակնարկ արեց նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հասցեին: Ա. Ղուկասյանը վերջերս հայտարարել էր, թե տարածքները ԼՂՀ իշխանությունը չի կարող միայնակ բնակեցնել, քանի որ դրա համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական միջոցներ: Ըստ Կ. Մանոյանի, եթե կա վերաբնակեցման ծրագիր, ապա ով ցանկություն ունի գտնել այդ միջոցները, նա կգտնի: Երեկ նա տեղեկացրեց, որ մի քանի տարի առաջ նախաձեռնվել է ազատագրված տարածքների վերաբնակեցման գործընթաց: «Սրանից երեք տարի, յոթ տարի առաջ ՀՅԴ-ն նախաձեռնել էր համահայկական ճիգերով վերաբնակեցման համար միջոցներ ապահովել: Եվ դա պետք է լիներ կաթողիկոսական աթոռների, ազգային կուսակցությունների, բարեգործական միությունների մասնակցությամբ: Պայմանագիր էր պատրաստվել, պետք է ստորագրվեր: Մի մասը ստորագրելու համար ժամանել էին Հայաստան, որովհետեւ Էջմիածնում պետք է ստորագրվեր: Վերջին պահին, տարբեր պատճառաբանություններով, խանգարվեց ստորագրելը: Ուղղակի, հիմնական պատճառը, ես կարծում եմ, քաղաքական էր»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, թե այդ տարածքները բնակեցնելու համար պետական ծրագիր է անհրաժեշտ, սակայն ֆինանսավորումը կարող է եւ պետական բյուջեից չլինել: Կ. Մանոյանը բացասական է համարում այն, որ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ խոսում են այս կամ այն տարածքը հետ տալու մասին: Մասնավորապես, նա սխալ համարեց, որ ժամանակին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Ըստ Մանոյանի, դա գուցե մարտավարություն էր: «Անհրաժեշտ է, որ այդպիսի հայտարարություններ չլինեն, եւ, եթե չեմ սխալվում, վարչապետը վերջերս հայտարարեց, որ ինքը հենց այդպես չի ասել: Դա ողջունելի է: Դրա համար էլ կարծում եմ, որ մենք անպայման մեր գործերով զբաղվենք եւ չտարվենք սրան-նրան լավ երեւալու մտահոգությամբ»,- թափանցիկ ակնարկներով ասաց ՀՅԴ ներկայացուցիչը: Իսկ բանակցային գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այն, որ, ինչպես պնդում է, օրինակ, քաղաքագետ Իգոր Մուրադյանը, Ղարաբաղի նոր նախագահի հավանական թեկնածուն՝ Բակո Սահակյանը, ում պաշտպանում է իշխանությունը, «պրոֆեսիոնալ թմրամոլ է»: Կարո՞ղ է արդյոք Բ. Սահակյանը, ունենալով այդպիսի համարում, միջազգային ասպարեզում ներկայացնել Ղարաբաղի շահը: «Մի՛ վախեցեք: Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը դաշնակցական է, նա Ղարաբաղի շահերը լավ կարող է ներկայացնել ցանկացած տեղում, ցանկացած պահի,- «հանգստացրեց» Կ. Մանոյանն ու շարունակեց,- Պարտադիր չէ, որ նախագահը բանակցություններին մասնակցի: Կարեւորը հակառակը՝ նախագահը ճիշտ ուղղության տեր լինի եւ ճիշտ ուղղություն պահի»: Մանոյանը երեկ նաեւ հայտարարեց, թե ինքը տեղյակ չէ թմրամիջոցների հանդեպ Բ. Սահակյանի հետաքրքրության մասին: Սակայն ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «միասնական թեկնածության» նախաձեռնությունն իրականում ոչ թե Ա. Ղուկասյանինն է, այլ ՀՅԴ-ինը, սակայն չկարողացավ պատասխանել հարցին, թե հատկապես ի՞նչ սկզբունքով է միասնական հարմար թեկնածու ընտրվել հենց Բ. Սահակյանը: