«Ներկայիս իշխանությունն անխոհեմաբար ոտք է դնում նույն «ականի» վրա»

26/06/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

– Պարոն Մայիլյան, ինչո՞վ եք բացատրում այն հանգամանքը, որ պետական համակարգից ԼՂՀ նախագահի ընտրություններին առաջադրվել եք եւ՛ դուք, եւ՛ Բակո Սահակյանը։

– Նրանով, որ պետական համակարգում կան բավականին թվով մարդիկ, ովքեր ինձ հետ համակարծիք են, որ երկրում լուրջ եւ արմատական բարեփոխումների կարիք կա: Նույն այդ համակարգում կան նաեւ պահպանողական մարդիկ եւ ուժեր, որոնք գտնում են, որ բարեփոխումների կարիք չկա: Վերջիններս, իմ խորին համոզմամբ, փոքրամասնություն են կազմում: Զանազանելով «իշխանություն» եւ «պետություն» հասկացությունները, հարկ է փաստել, որ կա գործող իշխանության թեկնածու եւ կա պետական համակարգի ներկայացուցիչ: Հարկ է նաեւ հստակ գիտակցել՝ ԼՂՀ-ում առաջիկա ընտրությունների էությունը ոչ թե իշխանություն-ընդդիմություն դիմակայության, այլ ընտրությունների նկատմամբ այլընտրանքային մոտեցման առկայության մեջ է: Այդ այլընտրանքը բխում է ինքնին ընտրությունների եւ երկրի զարգացման հեռանկարների նկատմամբ թեկնածուների սկզբունքորեն տարբեր մոտեցումներից: Միշտ էլ կան առկա ուղեգծի պարզունակ շարունակման, ներքաղաքական առկա ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ եւ կան սկզբունքային բարեփոխումների ջատագովներ: Հենց սրանում է այլընտրանքային մոտեցման էությունը:

– Ինչո՞ւ եք որոշել առաջադրել ձեր թեկնածությունը հենց այս պահին, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դեռ կարգավորված չէ։ Չե՞ք կարծում, որ այդ հանգամանքը ծանր բեռ է լինելու ապագա նախագահի համար։

– Ես պատրաստ եմ Արցախի նախագահի պարտականությունները ստանձնել հենց այս պահին: Ընդհանրապես՝ երբեք չեմ խուսափել պատասխանատվությունից: Ունենալով արտաքին-քաղաքական ոլորտում աշխատելու 15-ամյա փորձ՝ գտնում եմ, որ հիմնախնդրի չկարգավորվածության պայմաններում երկիրը պետք է ղեկավարի դիվանագիտական բավարար փորձ ունեցող մարդ: Ինչ վերաբերում է «ծանր բեռին», ապա այն ոչ թե խանգարում, այլ մղում-պարտավորեցնում է: Հենց պատմական պահի կարեւորությունն է դրդել դիմելու այդ քայլին:

– Ձեր նախընտրական ծրագիրն ինչո՞վ է տարբերվում մյուս թեկնածուների ծրագրից, եւ որո՞նք են սկզբունքային տարբերությունները։

– Ես չեմ ծանոթացել մյուս թեկնածուների ծրագրերին եւ կարող եմ խոսել միայն իմ նախընտրական ծրագրից: Հիմնականն արմատական եւ համակարգային բարեփոխումների գաղափարն է: Վերջին տարիներին մեր երկրում «ռեկորդ» է գրանցվել ժողովրդավարության մասին խոսելու ծավալով, բայց շատ դեպքերում խոսքը գործի չի վերածվել, չեն արմատավորվել իրական ժողովրդավարություն ապահովող մեխանիզմները: Մարդիկ արդեն հոգնել են անիմաստ խոսքերից ու ճառերից: Իրական բարեփոխումներ են պետք, այնպիսի կոնկրետ քայլեր, որ մարդ իր մաշկի վրա զգա դրանց դրական ազդեցությունը: Ոչ թե, այսպես ասած` «կոսմետիկ ռեմոնտ», այլ համակարգային փոփոխություններ են պետք:

– Ըստ ձեզ՝ որո՞նք են ձեր ծրագրի երեք կարեւորագույն, առանցքային դրույթները։

– Իրական բարեփոխումներ, օրենքի իշխանություն, Արցախի միջազգային ճանաչում եւ հեղինակություն:

– Ձեր կարծիքով, թեկնածուների համար հավասար պայմաններ ստեղծվա՞ծ են նախընտրական քարոզչություն իրականացնելու համար։

– Ցավոք սրտի՝ ոչ: Եթե նախքան քարոզարշավը վարչական ռեսուրսը կիսաքողարկված էր օգտագործվում, ապա ներկայումս՝ քարոզարշավի ժամանակ, ամեն ինչ բացահայտ է արվում: Խախտվում է օրինականությունը նաեւ զանգվածային լրատվությամբ քարոզչության ժամանակ: Երկու լուրջ խախտում արդեն իսկ գրանցվել է. մեկը քարոզարշավի առաջին օրը, մյուսը՝ երկրորդ օրը, երբ Հանրային հեռուստատեսությամբ քարոզարշավին հատկացված եթերաժամից դուրս հաղորդումներ են հեռարձակվել կոնկրետ թեկնածուի օգտին քարոզչությամբ եւ իմ դեմ հակաքարոզչությամբ: Իմ նախընտրական շտաբն առաջին իսկ խախտումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Ցավով եմ փաստում, որ իշխանությունը վարչական լծակներով ճնշում է գործադրում ընտրողների վրա, ինչն էլ մեզ ստիպում է որոշակի փոփոխություններ մտցնել մեր մարտավարության մեջ: Մարդկանց հարվածի տակ չդնելու համար մենք երբեմն ստիպված ենք լինում աշխատել «կիսաընդհատակային» եղանակով, այսինքն՝ մարդկանց դրության մեջ ենք մտնում: Այս ամենը հիշեցնում է 1988-ը: Թե այն ժամանակվա ղեկավարների «կանխարգելիչ» գործունեությունն ի՞նչ արդյունքի հանգեցրեց՝ հիշում են բոլորը: Ներկայիս իշխանությունն էլ անխոհեմաբար ոտք է դնում նույն «ականի» վրա:

Կարծում եմ, որ ԼՂՀ գործող իշխանությունների համար պատվի խնդիր պիտի լինի քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը: Հեռացող ղեկավարության համար սա կրկնակի պատասխանատվություն է, քանի որ այն, այսպես թե այնպես, անդրադառնալու է արած-թողածի մասին հանրային կարծիքի վրա: Նրանք պիտի հասկանան, որ մեծ հաշվով հենց այս ընտրություններով է պայմանավորված լինելու երկրի միջազգային վարկը եւ հետագա զարգացումը: Ուստի քաղաքակիրթ ընտրությունների անցկացումը պիտի լինի ԼՂՀ հեռացող իշխանության գերխնդիրը: