Հարավային Կովկասը դարձյալ մոտեցել է վտանգավոր եզրագծին: Տարածաշրջանի ղեկավարների ելույթները դարձյալ ռազմատենչ ու ագրեսիվ են դարձել, իսկ նրանց որոշ գործողություններ ամրապնդում են արված հայտարարությունները: Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռազմական ուսումնարանների կուրսանտների ավարտական հանդիսավոր օրվա ժամանակ հայտարարեց, որ երբեք չի հաշտվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով այն վերադարձնել, որ բանակին տրամադրված բյուջետային միջոցներն ավելացել են մինչեւ 1 մլրդ դոլար, որ վերածնվում է ռազմաարդյունաբերական համալիրը, որ մինչեւ տարեվերջ այն իր առաջին արտադրանքը կտա, եւ, վերջապես, որ Հայաստանը կենդանի ուժի պակաս ունի` ռազմաճակատի գիծը համալրելու համար: Ղարաբաղյան հիմնախնդիրն ուժային ճանապարհով անպայման եւ անհապաղ լուծելու որոշման մասին խոսում են եւ՛ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները, եւ՛ ընդդիմությունը: Նրանց դատողությունների լեյտմոտիվն այն է, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, այլ միայն հայկական կողմին թույլ են տալիս ժամանակ շահել:
Ի. Ալիեւից քիչ առաջ դարձյալ Բաքվում` ՎՈՒԱՄ-ի գագաթաժողովի օրերին, տարածքային հիմնախնդիրների լուծման մասին խոսում էր նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա հայտարարեց, որ ինքնահռչակ հանրապետությունների ժամանակն անցնում է, որ շուտով ճանաչված պետությունները կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը: Պետք է ենթադրել, որ այդ պետություններից առաջինը դառնալու է Վրաստանը, քանի որ, նրա առաջնորդի խոսքերով, Հարավային Օսիայում շատ շուտով կավարտվի ներկայիս նախագահ Էդուարդ Կոկոյտայի կառավարումը, իսկ դրա հետ նոր դարաշրջան կսկսվի` խռովարար շրջանի վերադարձը Թբիլիսիի ենթակայության տակ: Վրաստանի իշխանություններն ընդհանուր առմամբ հաջողությամբ անցկացնում են իրադարձությունների զարգացման իրենց սցենարը: Երկուշաբթի-երեքշաբթի ԵՄ-ում ելույթ էր ունենում Հարավային Օսիայում նրանց դրածո Դմիտրի Սանակոեւը, այսպես կոչված, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը, ով ներկայացրեց վրաց-օսական հակամարտության կարգավորման իր տեսակետը. Ցխինվալիի շրջանը գտնվելու է Վրաստանի կազմում: Իրենց հերթին՝ Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները Թբիլիսիին առաջարկում են նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ միաժամանակ հասկացնել են տալիս, որ պատրաստ են իրադարձությունների ցանկացած շրջադարձի: Վրացական կողմը նույնպես պատրաստ է «ցանկացած զարգացման»: Վրաստանի այդ շրջանն արդեն «պայթում է» զենքի, զինամթերքի ու զինտեխնիկայի հսկայական քանակից: Հարավային Օսիայում ստուգումներ անցկացնող ԵԱՀԿ դիտորդները միայն արձանագրում են երկու կողմերի բազմաթիվ խախտումների փաստերը, սակայն գործնականում ոչինչ անել չեն կարողանում: Թբիլիսին եւ Ցխինվալին պատրաստվում են կամ արդեն պատրաստ են պատերազմի:
Աբխազիայի հետ հարաբերությունները, որտեղ թբիլիսամետ առաջնորդի հայտնվելու սցենարը չստացվեց եւ «կանգ առավ» Կոդորի կիրճում` աբխազական միակ շրջանի, որն իրավաբանորեն ենթակա է Թբիլիսիին, ավելի բարդ են, քան Հարավային Օսիայի հետ, եւ ավելի շատ են հիշեցնում Ղարաբաղը: Խոսելով հակամարտությունը միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորելու մտադրության մասին` Միխայիլ Սահակաշվիլին վերջերս Ֆրանսիա կատարած այցի ընթացքում երկու ֆրեգատ ձեռք բերելու մասին համաձայնագիր է կնքել: Հետեւությունները, կարծում եմ, պարզ են:
Ռուսաստանցի հայտնի փորձագետ, «Անկախ ռազմական տեսություն» թերթի գլխավոր խմբագիր Վադիմ Սոլովյովի խոսքերով` իրավիճակը շատ տագնապալի է, եւ չի կարելի այն թերագնահատել: «Ռազմական գործոնը միշտ էլ լուրջ դեր է խաղացել Կովկասում: 1990-ականներին այն իրեն զգացնել տվեց. պատերազմներ սանձազերծվեցին: Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք է սկսվել, անընդհատ ռազմական զինավարժություններ, մանեւրներ են անցկացվում: Ընդ որում` առաջ է անցնում մերթ՝ մի, մերթ՝ մյուս, մերթ՝ երրորդ կողմը: Խոսքը վերաբերում է ինչպես ճանաչված, այնպես էլ չճանաչված սուբյեկտներին: Զինավառության գործոնը, սպառնագին հայտարարությունները, ուժային գործողություններ սկսելու մասին զգուշացումները կողմերն օգտագործում են քաղաքական բանակցություններում, որոնք ընդհանուր առմամբ անարդյունավետ են ողջ տարածաշրջանում: Ընդ որում`հարկ է նշել, որ Հարավային Կովկասի երկրների տնտեսությունն իր ներկայիս վիճակով չի դիմանա երկարատեւ ռազմական գործողություններին: Սակայն նշեմ նաեւ, որ Հարավային Կովկասում ավանդաբար ուժեղ է այսպես կոչված՝ «ազգային քաղաքականությունը», այսինքն` կարող է ծագել մի իրավիճակ, երբ պետությունների պաշտոնական ղեկավարներն ի վիճակի չեն լինի վերահսկել իրադրությունը, բավական կլինի մեկ-երկու կրակոց եւ վերջ: Եվ դա միանգամայն հնարավոր է: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, պրակտիկան, եթե կա զենք, այն վաղ թե ուշ կրակելու է»,- «168 Ժամին» ասաց Սոլովյովը: