418 տարի առաջ Մեծ Բրիտանիայում առաջին անգամ ոմն անգլիացի ապահովագրել է իր կյանքը։ Այսօր ապահովագրական դաշտն աշխարհում այնպիսի արագությամբ է զարգանում, որ, կյանքից ու գույքից բացի, համաշխարհային մեծությունները՝ մասնավորապես կինոաստղերն ու երգիչները, չգիտեն, թե մարմնի էլ որ մասը կարելի է ապահովագրել։
Հայկական մտածելակերպը հեշտ չի ընկալում այն հանգամանքը, թե ինչպես կարելի է ապահովագրել ասենք՝ քիթը, կուրծքը կամ, Աստված գիտի` էլ ինչը։ Սակայն աստիճանաբար հասկանում ենք, որ եթե փող ունենայինք՝ մեր առողջությունը, կրթությունը եւ այլ բաներ ապահովագրելու համար, ապա հետագայում որեւէ խնդրի առկայության դեպքում՝ մեծ ռիսկերի առջեւ չէինք կանգնի, եւ ապահովագրությունն այս դեպքում իսկական օգնություն կլիներ։
Ակտուար մաթեմատիկա մասնագիտությունն աշխարհում գոյություն ունի շատ վաղուցվանից, սակայն Հայաստանում այս մասնագիտությունը 6 տարվա կյանք ունի։ Օրերս էլ ԵՊՀ-ի Մաթեմատիկայի ֆակուլտետում բացվեց Ակտուար մաթեմատիկայի ամբիոն, որի բացման արարողությանը ներկա էին Կենտրոնական բանկի տնօրեն Տիգրան Սարգսյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ բուհի պաշտոնյաները։ «Ակտուար մաթեմատիկոսները, ի սկզբանե, կոչված են եղել կյանքի ապահովագրության ոլորտում ռիսկերը գնահատելու եւ որոշելու համար։ Այսօր արդեն ակտուար մաթեմատիկոսը շատ ընդլայնել է իր կիրառման ոլորտը եւ, ներդրումային ռիսկերը գնահատելու համար, իր գիտելիքներն օգտագործում է նաեւ ֆինանսական դաշտում»,- մեզ հետ զրույցում ասաց Ակտուար մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ԵՊՀ-ի ամենաերիտասարդ ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանը։ Ներկաներից բոլորն էլ կարեւորում էին, որ ապահովագրական դաշտը Հայաստանում թեպետ նոր է զարգանում, սակայն արդեն իսկ ստեղծվել է խելացի երիտասարդներից բաղկացած մի թիմ (ամբիոն), որ կարող է լուրջ աշխատանք կատարել այս դաշտում։ Կ. Ավետիսյանը հասկանում է, որ մեր հասարակությունը չունի անհրաժեշտ միջոցներ կյանքն ու գույքն ապահովագրելու համար, նաեւ չի հասկանում դրա կարեւորությունը։ «Միջոցառման նպատակը միայն ամբիոնի բացումը չէ, այլ նաեւ հասարակությանը ծանոթացնել, թե ինչ բան է ակտուար ասածը, որ ոլորտներում է այն կիրառվում։ Կլոր սեղանների ժամանակ հենց քննարկվում են մի շարք այսպիսի խնդիրներ»,- ասաց նա։
Ըստ ԿԲ տնօրեն Տիգրան Սարգսյանի՝ շուտով ԱԺ հաստատման է ներկայացվելու նոր օրենսդրական փաթեթ։ Այն ենթադրում է, որ ՀՀ-ում որոշ ոլորտներում պարտադիր ապահովագրություն պետք է ներդրվի։ Տ. Սարգսյանը, հասկանալով, որ այսօր ժողովուրդը ֆինանսապես եւ հոգեպես այնքան էլ պատրաստ չէ «ապահովագրված կյանքով» ապրելուն, այդ առումով, ասում է, որ այս դաշտը բաժանվելու է երկու մասի՝ պարտադիր եւ կամավոր ապահովագրություն։ «Մասնավորապես՝ մենք մտադիր ենք սկսել ավտովթարների ապահովագրումից՝ որպես պարտադիր ապահովագրություն։ Հասարակությունը, այնուամենայնիվ, պետք է պատրաստ լինի սրան։ Իսկ կամավոր ապահովագրությունը ենթադրում է, որ տնտեսվարող սուբյեկտները, որոնց ֆինանսական հոսքերն ու ծավալները բավականին մեծ են, պետք է վճարեն որոշակի գումար, որպեսզի նվազեցնեն իրենց ռիսկերը։ Այսինքն՝ ապահովագրությունը նշանակում է, որ բավական մեծ ծավալի եւ անկանխատեսելի ռիսկերը կարելի է դարձնել կանխատեսելի եւ ավելի փոքր ծավալի, եւ դրա համար մարդիկ վճարում են»,- մեզ հետ զրույցում ասաց Տ. Սարգսյանը։ Ըստ նրա՝ դժվար է պատկերացնել հիփոթեքային շուկայի զարգացումն առանց ապահովագրության։ Վարկատուներն իրենց ռիսկերը նվազեցնելու համար, բնականաբար, պահանջում են, որպեսզի կիրառվեն որոշակի ապահովագրական սխեմաներ՝ բնակարանի, կյանքի ապահովագրություն եւ այլն։
Ակտուար մաթեմատիկոսներն ամբողջ աշխարհում շատ բարձր վարձատրվող մասնագետներ են։ Նրանց թիվը քիչ է, սակայն աշխատավարձը՝ բավական բարձր։ Իր ելույթում Տ. Սարգսյանը նշեց, որ այս դաշտում աշխատող որակյալ մասնագետները կարող են լավ աշխատավարձ ստանալ, ինչն, իհարկե, չի համապատասխանի համաշխարհային դրույքների համարժեք աշխատավարձերին, սակայն Հայաստանի դրույքների համեմատ բավականին բարձր կլինի։
Այսօր ամբողջ աշխարհում ապահովագրություն ասվածը լիովին արդարացված համակարգ է։ Եթե հիվանդ ես, մեքենադ փչացել է, տունդ է այրվել կամ այլ տհաճ պատահարներ են տեղի ունեցել քեզ հետ, ապահովագրման դեպքում այս ամենը փոխհատուցվում է։ Սա, իհարկե, նորմալ երկրների դեպքում, որտեղ մարդիկ աշխատանքի դիմաց ստանում են նորմալ աշխատավարձ, որը հերիքում է ոչ միայն սնվելուն, հագնվելուն եւ հանգստանալուն, այլեւ տարբեր բաներ ապահովագրելուն։ Հայաստանում դժվար է պատկերացնել ապահովագրական դաշտի ակտիվ զարգացում, երբ առավոտվա ժամը 9-ից աշխատանքը սկսող եւ անհայտ ժամին ավարտող մարդու աշխատավարձը հազիվ է հերիքում նվազագույն ծախսերի համար։ Սակայն, ո՞վ գիտի, գուցե ապահովագրական դաշտի զարգացման զուգահեռ, բարձրաստիճան պաշտոնյաներն աշխատավարձի բարձրացում է՞լ են նախատեսում։