«Կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի բանկերը Կենտրոնական բանկի գլխավորությամբ մտածեն, որ գուցե անհրաժեշտ է ընտրել Հայաստանում որեւէ փոքր կամ միջին քաղաք, ինչպես, օրինակ, Դիլիջանը, եւ այն դարձնեն ֆինանսական կենտրոն: Ներկայիս կառավարման բոլոր հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել նման կենտրոն: Դրանով շատ արագ կզարգանա նաեւ ողջ տարածաշրջանը»,- երեկ Բանկերի միության տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի զարգացումը, մեղմ ասած, անհամաչափ է` թե տնտեսության ոլորտների, եւ թե, առավելեւս, աշխարհագրական առումով: Եվ մեր իշխանությունները նոր են գլխի ընկել, որ «երկնիշ տնտեսական աճը» պետք է դուրս գա Երեւանի սահմաններից: Ս.Սարգսյանի` բանկիրներին ուղղված այս կոչը կարծես թե այդ քայլերից մեկն է: Բանկային հաստատությունները հիմնականում կենտրոնացված են Երեւանում: Իսկ այն բանկերը, որոնք գործունեություն են ծավալում մարզերում, այնքան էլ ակտիվ չեն: Այդ պատճառով մեր երկրի բնակչության հիմնական մասը զրկվում է բանկային ծառայություններից լիարժեք օգտվելու հնարավորությունից: Սակայն Հայաստանի բանկային համակարգի հիմնական թերությունը միայն Երեւանում կենտրոնացված լինելը չէ, այլ նաեւ այն, որ բանկային միջոցները հասանելի չեն բոլորին: Այսօր մեր բանկերի տրամադրած բարձր տոոկոսադրույքներով վարկերը ոչ բոլորի համար են հասանելի: Առեւտրային վարկերը տրվում են տարեկան 18-24 տոկոսով: Դա կրկնակի, եռակի անգամ բարձր է արտերկրում գործող բանկերի սահմանած տոկոսադրույքներից: Մեր բանկերը հիփոթեքային վարկեր են տրամադրում 12-15 տոկոսով, այն դեպքում, երբ աշխարհի զարգացած գրեթե բոլոր երկրներում այդ ցուցանիշը 3-4 տոկոս է: Երեկվա ժողովի ժամանակ եւ Սերժ Սարգսյանը, եւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Բանկերի միության նախագահ Ստեփան Գիշյանը հերթական անգամ կրկնեցին այն ստանդարտ ձեւակերպումը, թե պետք է ձգտել, որպեսզի վարկային միջոցները հասանելի լինեն յուրաքանչյուր գործարարի համար, յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա բանկերի միջոցով բարելավել իր բնակարանային պայմանները, վարկերի հասանելիությունը պետք է բոլոր երիտասարդներին հնարավորություն տա բացել կրթական հաստատությունների դռները եւ այլն:
Սակայն մինչեւ դրան հասնելն անելիքներ դեռեւս շատ կան, որովհետեւ տնտեսական աճի կառուցվածքում բանկային համակարգի մասնակցությունը շատ փոքր է: Վարկերի տեսակարար կշիռը Համախառն ներքին արդյունքի մեջ չի գերազանցում 10 տոկոսը: Դա վկայում է, որ բանկերի մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում դեռեւս անբավարար է: Մինչդեռ զարգացած երկրներում այդ հարաբերակցությունը, ինչպես հայտարարեց Տիգրան Սարգսյանը, 40-60 տոկոս է: Տնտեսության մեջ բանկերի փոքր մասնակցություն ունենալու հանգամանքը բանկիրները բացատրում են մեծ քանակությամբ, երկարաժամկետ եւ էժան ֆինանսական միջոցներ չունենալով: Սակայն այսօր արտասահմանյան բազմաթիվ ֆինանսական կազմակերպություններ կան, որոնք ֆինանսավորում են մեր բանկերին, եւ այդ ֆինանսավորումը տարեցտարի գնալով ավելանում է: Մինչդեռ մեր բանկերի տրամադրած վարկերի, հատկապես՝ առեւտրային վարկերի տոկոսադրույքը նույն համաչափությամբ չի իջնում: Բանկիրները ոչ բացահայտ, բայց կուլիսային խոսակցություններում միշտ ասում են, որ եթե բարձր տոկոսների պայմաններում է վարկերի պահանջարկը մեծ, ինչո՞ւ ցածրացնեն տոկոսը: Եվ ինչպես տնտեսության մյուս բոլոր ճյուղերում, այս համակարգում էլ բոլորն աշխատում են եղած հնարավորություններով հնարավորինս շատ շահույթ ստանալ: Ինչեւէ: Իր ելույթում Տիգրան Սարգսյանը նշեց, որ բանկային հաշիվ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց քանակը նույնպես մտահոգիչ է այն առումով, որ դա իրական պատկերը չի արտացոլում: Այսօր մի բանկում հաշիվ ունեցող մարդը հաշիվ ունի նաեւ մեկ այլ բանկում: Եվ ֆիզիկական անձանց ընդհանուր թվաքանակը պետք է բաժանվի երկուսի, որպեսզի պարզ լինի, թե իրականում քանի հոգի ունեն բանկային հաշիվ: Ըստ ԿԲ նախագահի, բանկային համակարգում սպասարկվում են 723 հազար ֆիզիկական անձինք կամ 350-360 մարդ: Բանկերում հաշիվներ ունեն նաեւ մոտ 39 հազար իրավաբանական-անձ հաճախորդներ, որոնց թվաքանակը նույնպես պետք է երկու անգամ կրճատել, որպեսզի իրական պատկերը պարզ լինի: Սակայն դրան զուգահեռ՝ Հայաստանում գրանցված են 54 հազար իրավաբանական անձ եւ 48 հազար անհատ ձեռներեցներ: Ստացվում է, որ բանկային հաշիվ ունեն գրանցված իրավաբանական անձանց ընդամենը 37 տոկոսը:
«Մենք կառավարության հետ միասին պետք է միջոցներ ձեռնարկենք այդ խնդիրը լուծելու համար,- երեկ ասաց Տ.Սարգսյանը: -Ձեռնարկությունների մի մասը կամ աշխատում են ստվերում՝ չունենալով բանկային հաշիվ, կամ նրանք ստեղծվում են այլ նպատակների համար»:
ԿԲ նախագահի ասելով, թեպետ բանկային համակարգում էական բարեփոխումներ եւ բարելավումներ են կատարվել, բայց, միեւնույն է, այն դեռ լիակատար մրցունակ չէ: Սակայն երեկվա բանախոսներն ավելի շատ խոսեցին բանկային համակարգի առավելություններից, եւ հատկապես՝ այն մասին, որ Հայաստանը, տարածաշրջանային զանազան կենտրոններ լինելուց բացի, պետք է դառնա նաեւ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն: