«Տատի՛կ, խնդրում, աղաչում եմ, հանկարծ չմահանաս ինձ մենակ թողնես»,- ասում է որբացած Արայիկը

26/06/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արայիկը թեեւ 6 տարեկան է, բայց չափազանց խելացի եւ հասուն տղա է: Նրա միակ հարազատն ու խնամակալը մեծ տատիկն է` Զարիկը: Նրանք երկուսով վախով են դիմավորում օրն ու վախով էլ միմյանց բարի գիշեր են մաղթում: Արայիկը վախենում է ծեր տատիկին կորցնել ու մենակ մնալ, իսկ Զարիկ տատը վախենում է մեռնել եւ երեխային որբ թողնել: Ասում է, որ պայքարում է տարիքի դեմ, որովհետեւ 74 տարեկան է, ժամանակը մոտենում է, բայց ինքն իրավունք չունի Արայիկին մենակ թողնել:

Արայիկը Զարիկ տատիկի ծոռն է: Փոքրիկ տղայի մայրը նոր է մահացել, վթարի է ենթարկվել: «Մարտի 21-ին երեխու ծնունդն էր, ինքն էլ մատուցողուհի էր աշխատում, ամուսինը հարբեցողի մեկն էր, բաժանվել էր: Երեխու ծննդյան օրն ասեց՝ երկու օր իրար հետեւից աշխատեմ, որ կարողանանք ծնունդը նշել,-պատմում է Զարիկ տատը,- Երեկոյան տաքսիով տուն գալուց մեքենան ավարիա տվեց, ինքն ու ընկերուհին տեղում մահացան: Ա՛յ, տենց երեխու ծնունդին դժբախտ նվեր մատուցեց: Տաքսու վարորդը խմած էր եղել, Շամպայն գործարանի մոտ խփում ա բորդյուրներին ու շուռ ա գալիս կտուրների վրա»: Փոքրիկի ծննդյան օրն այլեւս դարձել է մոր մահվան օրը, եւ մարտի 21-ը տղայի համար տխրության օր է: Արայիկը երազում է դատավոր դառնալ եւ ամեն օր տատին փորձում է մխիթարել: Ասում է` «Տատիկ, դու շատ մի՛ տանջվի, երբ ես իրավաբան դառնամ` մամայիս ավարիայի տակ գցողին կդատեմ, կգցեմ բանտ»: Զարիկ տատն էլ՝ հասկանալով, որ մեղավորին բանտ գցելով իր ցավը չի մեղմանում, Արայիկին խորհուրդ է տալիս. «Բանտ գցելով չես պատժի, որովհետեւ էլի դուրս կգա: Երբ դառնաս դատավոր` դրան ցմահ կդատապարտես, որ էլ բանտից դուրս չգա»: Արայիկը խոստանում է տատի սրտով դատավճիռ արձակել` գնդակահարել: Ու այդպես երկուսով իրար մխիթարելով՝ ապրում են: Արայիկը մեծանալով ավելի մելամաղձոտ է դառնում եւ մշտապես տատին խնդրում է իրեն տանել մոր գերեզման: Ասում է` «Տատիկ, գիշերը երազիս մաման եկավ, ասեց՝ տատիկին կլսես, ինքը քեզ շատ ա սիրում: Մամայի հետեւից գոռացի-գոռացի, բայց ինձ թողեց ու գնաց»: Զարիկ տատն ասում է` «Տղաս կլարնետիստ էր, թոքերի մեջ ջուր լցվեց, 8 ամիս առաջ մահացավ: Թոռանս ես եմ պահել, նա էլ մեքենայի վթարից մահացավ, հերթով հողի տակ դրեցի, ու հիմա ես ու Արայիկն ենք մնացել»: Արայիկը շատ է տառապում, որ հայր եւ մայր չունի: Հաճախ գիշերները լաց է լինում, մորը կարոտում է. նա երազներին է գալիս: «Մենք չթողեցինք, որ մորն էդ վիճակում տեսնի: Քնի մեջ ասում ա` մամա, ես քեզ շատ եմ սիրում, մի գնա, ինձ մենակ մի թող, մամա, ես վախենում եմ մենակությունից, ախր ես փոքր եմ, չեմ կարա մենակ ապրեմ: Արթնացնում եմ, ասում եմ` Արայիկ ջան, ես կողքդ եմ, մենակ չես, հանգստացնում եմ երեխուն, բայց մեկ ա, շատ ա տանջվում: Ինքն իրա տարիքի համեմատ շատ խելացի ա, դրա համար էլ չի համակերպվում»,- մեծ ցավով պատմում է Զարիկ տատն, ով իրեն եւ փոքրիկին շրջապատել է մահացած որդու, ամուսնու եւ թոռան նկարներով: Երկկողմանի ծնողազուրկ Արայիկի համար պետությունը սահմանել է ընդամենը 4000 դրամ նպաստ, իսկ ծեր կնոջ թոշակն ու նպաստն էլ գումարած` նրանց 1 ամսվա եկամուտը կազմում է 34.000 դրամ: «Խալխի տված շոր ու կոշիկով որբ եմ մեծացնում: Հավատա՛, էդ փողով հացի փողն էլ չեմ հասցնում: Աստված իմ հարեւանների բալեքը պահի, նրանք ինձ հետ էս որբին պահում են»,- պատմում է Զարիկ տատը: Արայիկին հարեւանները շատ են սիրում, դրա համար էլ իրենց պատրաստած ճաշից ամեն օր բաժին են պահում նրա համար: Նրանց հարեւանուհի տիկին Սուսաննան հիացած է փոքրիկով: Ասում է, որ ինքն էլ մեծ որդիներ ունի, ովքեր Արայիկին որպես որդի են ընդունում. «Երբ դրսում երեխաների հետ խաղում է, հարցնում են` ո՞վ է հայրդ, տղայիս անունն է տալիս, ամաչում է, որ հայր ու մայր չունի: Ասում է` սա է իմ պապան: Ամեն առավոտ գալիս, տղայիս գիրկը նստում, փաթաթվում ու սկսում է համբուրել, կարծես ծնողի կարոտն առնի, ինքը շատ հասուն երեխա է»,- պատմում է տիկին Սուսաննան, ով զայրանում է մեր պետական այրերի վրա, ովքեր մշտապես խոսում են մանկատները բեռնաթափելու ծրագրերի մասին, սակայն ոչ մի կերպ չեն աջակցում նման անօգնական մարդկանց, որպեսզի երեխային ստիպված չլինեն մանկատուն տանել: Զարիկ տատին հարցնում եմ` «Փաստորեն պիտի դպրոց գնա, ո՞նց եք երեխային տիրություն անելու»: Ուսերը թափ տալով՝ ասում է` «Ո՞նց պիտի, էս հարեւանն ասել ա՝ կոշիկ կառնեմ, էն մյուսն ասել ա` կոստյում-շալվարն իմ կողմից: Հարեւաններիս օգնությամբ երեխային կմեծացնենք: Օր ա եղել, որ սոված ենք եղել, բայց ամաչել ենք հարեւանի դուռ ծեծել: Էս տարիքիս գնացել, կանաչի եմ հավաքել, բերել, խաշել ենք, աղ ցանել ու կերել ենք»: Զարիկ տատիկենք ապրում են Նոր Նորքի 2-րդ զանգվածի ուսանողական ավանի հանրակացարանում, սենյակն ահավոր խոնավ է, պատերը թաց են, դրա համար էլ Արայիկը տառապում է բրոնխիալ ասթմայով: Զարիկ տատիկն իր վիճակը նկարագրելու համար ասում է` «Բալես, կներես, որպես իմ թոռ՝ շորս բարձրացնեմ, տես, թե ի՞նչ ա իմ վիճակը»: Ծեր կնոջ մարմնի վրա բազում սպիներ կան, որոնք վիրահատություններից մնացած կարերն են, 10 անգամ վիրահատվել է: «Ստամոքսս հեռացրած ա, 12-մատնյա աղիքս էլ, լյարդս…»,- թվարկում է նա` ասելով, որ թոռան` Զառայի մահվանից հետո էլ նյարդային լարվածությունից արյան զեղում է ստացել: «Էլ չեմ ուզում սենց տանջանքով ապրել, բայց Արայիկս… Հարեւանները շտապօգնություն կանչեցին, փրկեցին: Հետո ստիպեցին, որ բժշկի գնամ հանուն երեխու, գնացի, դեղեր նշանակեցին: Երբ երեխու անուն են տալիս՝ ամեն ինչի պատրաստ եմ, թե չէ իմ ապրելն իմ համար արժեք չունի: Ախր դեղերն էնքան էլ թանկ են, որ ես էդ 34.000 դրամով չգիտեմ կյանքս երկարացնե՞մ, լույսի, զիբիլի փող տա՞մ, թե՞ երեխա կերակրեմ»: Զարիկ տատի հարեւաններն օգնել են, որ անհրաժեշտ դեղորայքն ապահովեն, եւ իրենք էլ ներարկում են համապատասխան դեղերը, որ ծեր կնոջը բան չպատահի:

Զարիկ տատը չի ալարում, փորփրելով պահարանի դարակներից դուրս է բերում Արայիկի տետրերն ու հիացմունքով ցույց է տալիս նրա ձեռագիրը: Ասում է` «Ինձ թվում ա` ինքը շատ լավ մարդ ա մեծանում, շատ խելացի ա: Շատ բան չեմ ուզում, էս երեխուն մի քիչ մեծացնեմ, որ ինքնուրույն դառնա՝ հետո նոր մեռնեմ: Երբ մի տեղ ենք գնում, կյանքում չի ասի` էսինչ բանից եմ ուզում: Եթե մի բան էլ ուզենամ առնեմ, ասում ա` տատիկ, բայց փող ունե՞ս, որ առնում ես»: Զարիկ տատն անօգնական վիճակից դուրս գալու համար դիմում է թաղապետարան, որտեղից արձագանքը լինում է տարին մեկ անգամ 10.000 դրամ օգնություն տրամադրելը: Արդեն ամաչում է, այլեւս չի դիմում, որովհետեւ այդ օգնությունը նրան խորապես վիրավորում է: Վերջերս դիմել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանաներից մեկին` խնդրելով որբ երեխայի համար խնամակալ գտնել, կամ հագուստով օգնել, սակայն, թեեւ չեն մերժել, այդուհանդերձ, չեն էլ օգնել: «Մի աղջիկ կար էնտեղ` չգիտեր, որ որբ ա: Երեխուն սիրեց, ասեց` մամայի՞դ ես նման, թե՞ պապայիդ: Արայիկս տխուր ասեց` ես ոչ մամա ունեմ, ոչ էլ պապա: Էդ աղջիկը սկսեց լացել: Չեմ կարա, ամաչում եմ, ես աներես մարդկանցից չեմ, էլ ոչ մեկին չեմ դիմի,- բարկացած ասում է Զարիկ տատն ու հիացմունքով մեջբերում է Արայիկի խոսքերը,- Ասում ա` տատիկ ջան, ես կմեծանամ՝ քեզ լավ կպահեմ: Դու չմահանաս, որ ինձ ամուսնացնես ու հարսանիքիս ժամանակ իմ կողքը նստող լինի: Երբ ասում եմ, որ վատ եմ, ծեր եմ, կարող ա մահանամ` փաթաթվում, ամուր գրկում, ասում ա` տատիկ, խնդրում եմ, աղաչում եմ, հանկարծ չմահանաս՝ ինձ մենակ թողնես: Եթե դու մեռնես՝ իմացի, որ ես էլ կմեռնեմ: Քեզ եթե տանեն-դնեն փոսը` ես ինձ էլ կգցեմ էդ փոսի մեջ, որ հետդ լինեմ»:
Արայիկի հայրը թեեւ գիտի, որ երեխա ունի, այդուհանդերձ, երբեւէ չի հետաքրքրվել նրանով: Նա նույնիսկ չգիտի, որ Զառան վթարի է ենթարկվել եւ մահացել է: