Հունիսի 25-ին Ստրասբուրգում նիդեռլանդցի պատգամավոր Լեո Պլատվոետը կներկայացնի իր զեկույցը ՀՀ խորհրդարանի մայիսի 12-ի ընտրությունների վերաբերյալ: Մինչ այդ «Ա1+»-ի լրագրողը փորձել է ճշտել ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի՝ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի իրավիճակի վերաբերյալ գնահատականը: Դեւիսն այդ «ընտրությունները» որակել է «առավել լավ, քան երբեւէ»: Նա ասել է նաեւ, որ շուտով այցելելու է Հայաստան (երեւի, որ իր աչքով տեսնի այդ «հրաշքը»): Անդրադառնալով ԼՂ-ում առաջիկայում կայանալիք նախագահի ընտրությանը՝ Դեւիսն ասել է, թե չի կարծում, որ ԼՂ նախագահի ընտրությունները կճանաչվեն Եվրոպայի կողմից: «Այսօր ԼՂ-ն օրենքով համարվում է գրավյալ տարածք եւ Ադրբեջանի մաս: Ես աջակից եմ Կասպյան համագործակցության անդամ բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ: Բայց Ղարաբաղը Հայաստանի մաս չէ: Վրաստանում կան հայկական ծագումով բնակիչներ, բայց դա հիմք չէ, որ այն ճանաչվի Հայաստանի մաս: Սերբիայում մեծամասնությունը ալբանացիներ են, սակայն այն Սերբիա է: Կիպրոսում կան մեծաթիվ թուրքեր, բայց այն Կիպրոս է: Ես աջակցում եմ բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությանը, ներառյալ Կիպրոսինը, Վրաստանինը, Ռուսաստանինը, Մոլդովայինը, Ադրբեջանինը: Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ այս ցուցակում չեմ ներառում Հայաստանը, բայց ես ճշմարտություն եմ ասում»,- ասել է Թերի Դեւիսը: Փաստորեն, ԵԽ գլխավոր քարտուղարը ոչ միայն բացահայտ հայտարարում է, որ ԼՂ-ն «գրավյալ տարածք է ու Ադրբեջանի մաս», այլեւ, որ իրենք չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այսօր եւ վաղը Հայաստանում ոչ աշխատանքային օր է, ուստի ՀՀ արտգործնախարարի կողմից հերթական «սխալ թարգմանության» մասին «մխիթարական» հայտարարությունների կարելի է սպասել միայն երկուշաբթի օրը: