ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի գլխավոր մասնագետ Սթիվեն Սեստանովիչը կանխատեսումներ է անում Ռուսաստանի իշխանական վերնախավում մինչեւ 2008 թվականի ընտրությունները կատարվելիք հնարավոր տեղաշարժերի մասին։
«Նախագահ Պուտինն, ըստ օրենքի, չի կարող մասնակցել 2008 թվականի ընտրություններին, թեեւ խոսակցություններ կան, թե կփորձի վերաձեւել սահմանադրությունն ու կրկին վերընտրվել։ Խնդիրն այն է, որ Պուտինի քննադատները չունեն թեկնածու եւ կազմակերպված չեն։
Հնարավոր է, որ Կասյանովը դառնա ճիշտ պահի ճիշտ մարդը։ Նրա առավելությունն այն է, որ չորս տարի վարչապետ է եղել, թեեւ չի զբաղվել քաղաքականությամբ եւ չի եղել ընտրովի պաշտոններում։
Ընդդիմադիր կուսակցությունները լրջորեն աշխատում են ընտրությունների նախօրեին համախմբվելու ուղղությամբ։ Նույնիսկ կոմունիստների շարքերում շատերը կողմնակից են, որ 2008-ին Պուտինի եւ նրա մերձավոր շրջապատի առաջադրած թեկնածուի դեմ հանդես գան միասնական թեկնածուով»։