«Կարծում եմ, որ չորրորդ գումարման ԱԺ խմբակցությունները եւս առիթ եւ հնարավորություն կունենան իրենց միասնական տեսակետն արտահայտելու Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ»,- երեկվա ասուլիսում ասել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա համոզված է, որ Ադրբեջանը որեւէ ցանկություն չունի Ղարաբաղի հարցը լուծել: «Նրանք ցանկություն չունեն նաեւ գոնե իրենց հոգում պատերազմ սկսելու: Քանի որ, երբ առաջին անգամ պատերազմ սկսեցին, ունեին ոչ պակաս գերակշռություն եւ՛ Հայաստանի, եւ՛ Ղարաբաղի նկատմամբ՝ մարդկային, ռազմական, ֆինանսական եւ այլն: Նրանք հիանալի գիտեն, որ պատերազմի ելքը 10 տանկ կամ 3 ինքնաթիռ ավելի կամ պակաս ունենալով չի վճռվում: Այստեղ բոլորովին այլ պատերազմ է եղել»,- ասել է ԱԺ նախագահը: Վերջինս երեկ նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը գործունեության ծրագիրն ԱԺ, ամենայն հավանականությամբ, կներկայացնի երկուշաբթի՝ հունիսի
25-ին, եւ 48 ժամվա ընթացքում այն կքննարկվի: Նա ասել է նաեւ, որ 2008թ. ամռանը կավարտվեն ԱԺ շենքի հետնամասում կառուցվող նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, եւ ամռան արձակուրդների ընթացքը կօգտագործվի երկու շենքերը մեկ ամբողջական եւ միասնական համալիր դարձնելու համար: Կփոխվի նաեւ դահլիճը: 2008թ. սեպտեմբերից հերթական նստաշրջանները կանցկացվեն նոր դահլիճում, որը կունենա եւ՛ նոր տեսք, եւ՛ նոր հնարավորություններ: ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ «Ժառանգության» նամակին, որով կոչ է արվում ազատ արձակել քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Ժիրայր Սէֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին: Տ. Թորոսյանը խոստացել է այսօր պատասխանել «Ժառանգություն» խմբակցության այդ նամակին: «Ինձ համար այդ նամակն անընդունելի է, որովհետեւ այդ նամակը հաստատում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Համարում եմ, որ այն անձինք, ում մասին խոսվում է այդ նամակում, քաղբանտարկյալներ չեն: Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալներ: «Քաղաքական բանտարկյալ» ասածը որեւէ մեկի ցանկությունով չէ: Կան հստակ ձեւակերպումներ, որոնցով որոշվում է՝ այս կամ այն մարդը քաղաքական բանտարկյա՞լ է, թե՞ ոչ»: Ինչեւէ, երեկ ԱԺ-ում կայացել են մշտական հանձնաժողովների առաջին նիստերը: Պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանը, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է դարձել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ՀՀԿ-ական Արմեն Դանիելյանը, Արտաքին հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է դարձել ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը, իսկ Կրթության հանձնաժողովի փոխնախագահ է դարձել ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ անդամ Արտյուշ Շահբազյանը, ԱԺ Սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ՝ ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա հունիսի 25-ին: