Գրկախառնվել պաշտոնյայի հետ

24/06/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Արմեն Ջիգարխանյանը մի քանի տարի առաջ «Օգոնյոկ» հանդեսում խոստովանել էր, որ եթե իրեն սպառնան խոշտանգումներով, ինքը պատրաստ է տալ ցանկացած ցուցմունք, ստորագրել ցանկացած թղթի տակ, քանի որ (հասկանալը բարդ չէ) ինքը վախենում է ցավից, իսկ խոշտանգման յուրաքանչյուր ձեւ ցավ է պատճառում: Նույն հարցազրույցում նա պատմել էր նաեւ մի դեպք, երբ Օլեգ Եֆրեմովին հերթական ներկայացումից հետո զանգահարել է անձամբ Գորբաչովը, եւ Ջիգարխանյանը բոլոր նյուանսներով ներկայացնում էր, թե ինչպես էր հաճույքից փայլում հեռախոսով Գորբաչովի հետ զրուցող Եֆրեմովի դեմքը: Եֆրեմովին հաճելի էր գնահատանքի խոսքեր լսել անձամբ երկրի առաջին դեմքից: Հաճելի է, պա՞րզ է, եւ այստեղ յուրաքանչյուր խոսակցություն կոռումպացված, հանցագործ ռեժիմի կամ ղեկավարության մասին, ոչինչ են: Մարդն ունի իր բնույթը, որից վեր կանգնել չի կարող: Երբ ծանոթանում ենք աշխարհի մասշտաբով ամենահայտնի քաղաքական գործիչների, արվեստագետների կենսագրություններին, զարմանում ենք` մի՞թե նրանք այդքան անառակ են եղել, այդքան սիրել են պալատական խարդավանքները, շոյվել են աշխարհի հզորների հետ շփումից, կյանքում այդքան ժլատ են եղել կամ այդքան դաժան ու միզանտրոպ: Այդ թուլությունների կողքին, սակայն, ստեղծվել են այնպիսի գործեր, որոնք թույլ են տալիս այսօր նրանց ընկալել կամ գնահատել ոչ թե մի իքս ժամանակահատվածի ընթացքում դրսեւորած վարքով, այլ նրանց ստեղծագործություններով, որոնք դուրս են ժամանակից ու տարածությունից: Իրենց կյանքի այս կամ այն իրավիճակում նրանց ոչ ադեկվատ քայլերը ոչ ոք չի էլ հիշում, երբ տեսնում է, օրինակ, Միքելանջելոյի գործերը, ունկնդրում Հենդելի, Բեթհովենի կամ Չայկովսկու երաժշտությունը, ընթերցում Բայրոն կամ Գյոթե: Անգամ Դոստոեւսկին, ինչպես հայտնի է, խաղամոլ էր եւ իր շատ ստեղծագործություններ ստիպված է եղել գրել` խաղատներում խաղադույք դնելու կամ պարտքերը վճարելու համար (Դոստոեւսկու օրինակը գուցե տեղին չէր այն իմաստով, որ այդ թուլությունը հարազատ է նաեւ մեր գործող բարձրաստիճան չինովնիկներին, սակայն նրանց ու Դոստոեւսկու տարբերությունների մասին, հասկանալի է, ավելի ճիշտ է նրբանկատորեն լռել): Ուզում ենք ասել, որ մարդկային թուլությունները, որոնք հաճախ չեն կարող կառավարվել նույնիսկ բարձր գիտակցության, լավ կրթության ու ինտելեկտի միջոցով, չարժե ծաղրել այն սրությամբ, որով անում ենք մենք: Եվ հատկապես քաղաքական այս շրջանում, եւ հատկապես ընդդիմության մասին խոսելիս: Ինչո՞ւ չի կարողանում միավորվել ընդդիմությունը եւ ներկայացնել նախագահի մեկ միասնական թեկնածու: Ազատ բնության մեջ մարդիկ իրենց կամքով միավորվում են մեկ անգամ, երբ սեփական կամքով ու նախաձեռնությամբ ընտրում են այս կնոջը կամ այն տղամարդուն: Իսկ համատեղ կյանքն, ինքներդ գիտեք, այնքան էլ հեշտ չէ, եւ, շատ հաճախ, ամուսինները ծերանում են բնավ ոչ նույն բարձի վրա: Հետեւաբար, ակնկալել մարդկանց տարբեր խմբերի ազատ միավորումներ, բնական չէ:

Այդ դեպքում ինչո՞ւ է կարողանալու միավորվել իշխանությունն ու առաջադրել մեկ կամ, լավագույն դեպքում, երկու թեկնածուի, որոնցից մեկի գործը դարձյալ ընդդիմության ձայները խլելն է լինելու: Իշխանական թեւերը պարզապես ազատ չեն այնքան, որ կարողանան չմիավորվել: Ընդդիմությունը որեւէ կապանքներ չունի, ազատ է չմիավորվելու եւ, հետեւաբար, պարտվելու: Ինչը եւ անելու է, անգամ՝ եթե իր թեկնածությունն առաջադրելուն համաձայնի Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Որքան էլ հաճելի չլինի արձանագրելը, ամեն դեպքում մեր հասարակությունն այսօր ունի պարզունակ եւ ցածր գիտակցություն ունեցող հասարակությունների թերությունները, այսինքն` ռաբիս է, չունի լուրջ ձգտումներ ու պայքարելու ցանկություն: Հետեւաբար, մարդկանց առաջ վեհ գաղափարներ շաղ տալը կամ նրանց իրենցից վեր կանգնելու կոչերը, ենթադրում ենք, դժվար թե հաջողություն ունենան: Մեր հասարակությունն իրեն ստիպել է հավատալ, որ քանի որ կյանքում ամեն ինչ պայմանական է (հարաբերական), ուրեմն առողջություն, էներգիա եւ ժամանակ ծախսել ինչ-որ բաներ փոփոխելու վրա՝ սիզիֆյան աշխատանք է: Մարդուն տրված է լավագույն դեպքում մի քանի տասնամյակ` իրացնելու իրեն այս երկրագնդի վրա: Եվ բարդ է իր առաջ դնել այնպիսի ծրագրեր, որոնք հաղթահարելու նախադեպերը պատմության մեջ ահավոր քիչ են: Հատկապես հա՛յ ժողովրդի պատմության: Հիշենք, որ մեր բոլոր մեծերի կոչերն իրենց ժամանակակիցներին եւ հաջորդ սերունդներին եղել է միավորվելը, միաբանվելը: Յուրաքանչյուր լրագրող կհաստատի, թե որքան բարդ է թերթի նյութ կամ հաղորդում պատրաստելու համար իրար գլուխ հավաքել անգամ երկու զրուցակցի: Իսկ երբ մասնագիտության բերումով շփվում ես հրապարակային մարդկանց հետ, փորձում նրանցից ճշտել, թե ունե՞ն իրենք հեղինակություններ, շատերը, որպես կանոն, տալիս են միայն հանգուցյալների անուններ, կամ, եթե մեկ-երկու անուն էլ տալիս են, ապա անպայման չեն մոռանում ավելացնել` այսինչը, բայց պայմանականորեն:

Հիմա, բոլոր լրատվամիջոցներն օրերս անդրադարձան Իսրայել Հակոբկոխյանի ասուլիսին, որին ներկա լրագրողներից բոլորի դեմքին հեգնական ժպիտ կար: Անհասկանալի՞ է թվում, թե ինչու, ասենք, Իսրայել Հակոբկոխյանը Սերժ Սարգսյանի հետ մի երկու բառ փոխանակելուց հետո գնաց տուն` ճաշելու, երբ որոշել էր հենց ԿԸՀ-ի մատույցներից սահուն անցում անել Դրախտ, ինչո՞ւ էր նա լրագրողներին այդքան մանրամասն պատմում, թե ինչպես է Սերժ Սարգսյանի հետ գրկախառնվել: Սա ամենեւին ծիծաղելի չէ եւ արժանի չէ հեգնանքի: Նրա փոխարեն՝ մեզանից յուրաքանչյո՛ւրը կդադարեցներ հացադուլը, եթե երկրի առաջին դեմքն իր ոտքով գար եւ խնդրեր: Մեզնից յուրաքանչյո՝ւրը: Գուցե թե մենք այդքան պարզ (ունակ)ությամբ չներկայացնեինք, թե մեզ որքան հաճելի էր, երբ երկրի վարչապետը, նախագահի հավակնորդը, անձամբ եկել է մեր դուռն ու որոշ ժամանակ անց իր կաբինետում գրկախառնվել մեզ հետ, սփոփիչ խոսքեր ասել, հարցրել ընտանիքիդ որպիսությունը: Հավատացեք, այդպես չէր ոգեւորվի միայն նա, ում համար տվյալ դեպքում Սերժ Սարգսյանին մերժելն ավելի շահավետ կլիներ նրա` «գնա տուն, հանգստացի, հետո կխոսենք» խնդրանքը կատարելիս: Եվ ամենաբարձր իշխանավորի կողմից մեդալներ ընդունելը, մեծարանքի ու գնահատանքի խոսքեր լսելը, եթե նույնիսկ դրանք անկեղծ չեն, բայց արված են հրապարակայնորեն, հաճելի է բոլորին: Եվ սրա պատճառն ամենեւին քաղաքական հայացքներում, կամքի ուժ չունենալու մեջ փնտրելն այնքան էլ ճիշտ չէ: Ամեն ինչի պատասխանն ավելի պարզ է, բայց դժվար բացատրելի: Մեր կյանքում կան բաներ, արժեքներ, մարդիկ, հանուն որոնց յուրաքանչյուրս կգնանք շատերի համար անհասկանալի, անընդունելի քայլերի, կհաշտվենք դառն իրականության հետ կամ, հակառակը` կփորձենք պայքարել: Սակայն յուրաքանչյուր գործողություն դու կանես այն դեպքում, երբ զգաս, որ դու ինքդ` անձամբ, կամ քո մերձավորներն ունեն դրա խիստ անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է հասարակական կյանքում կամ գիտակցության ոլորտում փոփոխություններ անելուն, մարդկանց հերոսության մղելուն, մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ դրանք ձախողման դատապարտված քայլեր են, քանի որ պարզապես դեմ են մարդու բնույթին: Ժամանակի ու իրադարձությունների կոնտեքստից դուրս ոչ ադեկվատ է ընկալվում մեկ այլ ժամանակահատվածում եւ այլ իրավիճակում արած ամենատրամաբանական քայլը:

Իսկ Ստեփան Զորյանի արդեն ոչ անհայտ միտքը, թե մենք պրիմիտիվ ազգ ենք, ցավոք, դեռեւս չի կորցրել իր թարմությունն ու ամենեւին ժամանակավրեպ չէ: Բայց այդ մասին` առավել մանրամասն, հաջորդ անգամ: