Ասում էր՝ «Ես կխելագարվեմ», ու խելագարվեց

24/06/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրագրողական իմ աշխատանքի բերումով մշտապես բախվելով դաժան իրականությանը եւ տիրապետելով կոնկրետ փաստերի` կարող եմ հայտարարել, որ սոցիալական անպաշտպանվածությունից մարդկանց մահացությունների դեպքերն ավելացել են: Չնայած նրան, որ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցներում այդ փաստը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, նույնպես լղոզվում է:

Ելնելով կոնկրետ փաստերից՝ կարող եմ հայտարարել, որ Հայաստանում սոցիալական անպաշտպանվածությունից մանկահասակ երեխաները մեծանալուն զուգահեռ ձեռք են բերում տարատեսակ հաշմանդամություններ` չնայած նրան, որ Վիճ. ծառայությունն ու առողջապահության համակարգի պատասխանատուներն այդ փաստը նույնպես լղոզում են:

Ելնելով կոնկրետ փաստերից՝ կարող եմ հայտարարել, որ Հայաստանում սոցիալական անպաշտպանվածությունից մարդիկ դառնում են աղանդավոր եւ կրոնափոխ են լինում` չնայած՝ մեր եկեղեցին, առավել եւս՝ պետությունն այդ փաստին հակված չեն ուշադրություն դարձնել:

Ելնելով կոնկրետ փաստերից՝ կարող եմ նաեւ հայտարարել, որ Հայաստանում սոցիալական անպաշտպանվածությունից` մարդիկ, մասնավորապես՝ ծերերը բառիս բուն իմաստով խելագարվում են:

Վերոնշյալ արտահայտությունները գուցեեւ ոմանք համարեն վիրտուալ իրականության դրսեւորում, սակայն նման կարծիք կազմող մարդիկ պարզապես կարող են հետեւել «168 Ժամ» թերթում տպագրվող սոցիալական թեմայով նյութերի շարքերին եւ համոզվել, թե ինչպես է լինում, որ մարդիկ աղքատությունից մահանում են: «168 Ժամի» յուրաքանչյուր համարում տպագրվող նյութերից ամիսներ անց մենք ստանում ենք հեռախոսազանգ, որով տեղեկանում ենք, որ այս կամ այն նյութի հերոսն աղքատությունից մահացել կամ խելագարվել է: Այնպես որ` վատ չէր լինի, եթե ՁԻԱՀ-ի ու մյուս հիվանդությունների դեմ պայքարին զուգահեռ՝ մշակվեր «աղքատություն» հիվանդության դեմ պայքար: Մեր երկրում աղքատությունը հիվանդություն է, որն անխնա խժռում է բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Դեկտեմբեր ամսին մենք հրապարակել էինք` «Ես խավարին չեմ դիմանա, ինձ լույս է պետք» հրապարակումը, որի հերոսը 68-ամյա Երջանիկ Զաքարյանն էր: Ընթերցողին հիշեցնենք, որ նրան հանդիպել էինք Վարդաշենի հանրակացարանի մոտ զբոսնելիս: «Ծերություն, ծեր ու շուն»,- կրկնելով՝ ման էր գալիս ծերունին` ասելով, որ իր նման ծերերն ու փողոցային շները միեւնույն կյանքով են ապրում: Մեր այցելության ժամանակ Երջանիկ պապը սարսափելի հուսահատված էր: Ձմռան սաստիկ ցրտին նա իր սենյակից փախչում էր դուրս, որ չմրսի, առավոտից իրիկուն հանրակացարանի բակում քայլելով՝ փորձում էր ցրտից փայտացած մարմնին կենդանություն տալ: Երբ նա ինձ հրավիրեց իր սենյակ` հասկացա, որ իսկապես դրսի ցուրտը նրա սենյակի սառնությունից մեղմ է: Երջանիկ պապն ապրում է 13.000 դրամ թոշակով եւ դեկտեմբեր ամսվա ցուրտ եղանակին անգամ էլեկտրականությունից զրկված էր, որովհետեւ թոշակով չէր կարողանում լույսի պարտքը մարել: «Գիտե՞ս, օրերով, շաբաթներով կարող եմ սոված մնալ, բայց ինձ լույսն է նեղում: Թոշակով լույսի փող չեմ հասցնում տալ: Միշտ նույն կռիվն ա: Էլեկտրիկին խնդրում-աղաչում եմ, որ լույսը չկտրի, բայց չի ստացվում, ամեն ամիս նույն պատմությունն է: Ինձ համար ամենադաժան բանը լույսից զրկվելն է, խավարին չեմ դիմանում: Հիմա նորից պիտի գա, երեկ եկավ, ասեց՝ քեզ 2 օր ժամանակ եմ տալիս, եթե չմուծես՝ կկտրեմ: Էդ մթությունն ինձ վախեցնում ա, էդ օրերին ես խելագարվում եմ, չեմ դիմանում: Էդ մթությունը, էդ ցուրտն ինձ սպանում ա: Ես պիտի կարդամ երեկոներին, ես գրքերի միջոցով մի քիչ ցրվում եմ, չգիտեմ` ինչ եմ անելու»,- կրկնում էր նա: Ասում էր, որ իր կյանքն անվան ճիշտ հակառակն է: Երջանիկ պապը մասնագիտությամբ պատմաբան եւ լեզուների մասնագետ է եւ ժամանակին բարեկամություն է արել Մհեր Մկրտչյանի, Պարույր Սեւակի եւ ճանաչված շատ այլ մտավորականների հետ: Նա հպարտորեն ցույց էր տալիս լուսանկարների իր հավաքածուն եւ հետաքրքիր պատմություններ էր պատմում ճանաչված մարդկանց մասին:

Օրեր առաջ խմբագրություն զանգահարած Վարդաշենի բնակիչները տեղեկացրին, որ Երջանիկ Զաքարյանը խելագարվել է: Նրան գտնելու մեր ջանքերն ապարդյուն էին, որովհետեւ նա արդեն չի գիտակցում, թե ինչ է անում: «Առավոտը գնում ա, իրիկունը գալիս ա, բայց չգիտենք, թե ամբողջ օրը որտեղ ա թափառում: Էդ խեղճ մարդը ո՞նց գժվեց, ախր չէր դիմանում էդ մթին ու սովին»,- ասում են նրա ընկերներն ու հարեւանները: Նրանք պատմում են, որ Երջանիկ պապն արդեն հարեւաններին չի ճանաչում եւ հաճախ հարձակվում է նրանց վրա` կարծելով, թե իր թշնամիներն են: Ընկերն ասում է. «Հենց ինձ տեսնում ա, ասում ա` մեզ կախարդել են, զգույշ մնա: Ասում ա` մեր թշնամիներն ուզում են, որ մենք մահանանք, նրանք մեզ կախարդել են: Ախր էս մի քանի ամիսը շատ-շատ վատ էր, ոչ հաց ուներ, ոչ լույս: Իջնում էր դուրս, հենց մարդ էր տեսնում, ասում էր` մի կտոր հաց տուր ուտեմ, սոված եմ, կամ ծխելու բան էր ուզում: Հիմա առավոտից գնում ա, ու չգիտենք, թե որտեղ ա»: Երջանիկ պապի ընկերներն ու հարեւաններն ահավոր ազդվել են նրա վիճակից: Անհանգստացած են, վախենում են Երջանիկ պապի պատմությունից, իսկ եթե՝ անկեղծ, ապա անհանգստացած են, որովհետեւ իրենք էլ են աղքատ, ու Երջանիկ պապիկի պատմությունը կարող է դառնալ նաեւ իրենց պատմությունը: «Մենք էլ ենք իրա օրին, ի՞նչ իմանաս՝ մեր վիճակը վաղը-մյուս օրը ո՞նց կլինի: Այ սենց վարի ենք գնում սովից»,- ասում է նրա ընկերը: Նրանք խնդրում են օգնել ծերունուն, իսկ մենք Երջանիկ պապիկին չենք կարողանում գտնել:

Ինչեւէ, այս հրապարակմանը գուցեեւ հաջորդի առողջապահական մարմինների այն քայլը, որ խելագարված ծերունուն ստիպողաբար տանեն հոգեբուժարան: Երջանիկ պապի պատմությունը շատ ծանր ու ցավոտ է, որովհետեւ ափսոս էր ծերունին: Սակայն նա միակը չէ, ում նյարդերը չեն դիմացել ծանր կենսապայմաններին: Ամեն օր լսում ենք երջանիկ պապիկների խելագարության, մահվան կամ հիվանդության ահազանգերի մասին:

Կասկածողներին կտրամադրենք նման դեպքերի մի ամբողջ փաթեթ: