Ղարաբաղում, ինչպես հայտնի է, հունիսի 20-ից մեկնարկել է նախընտրական քարոզչությունը, եւ հենց առաջին իսկ օրվանից սկսվել են թեկնածուների հանդիպումները հանրապետության տարբեր բնակավայրերում։
Առաջին օրը բոլոր 5 թեկնածուներին հնարավորություն է տրվել անվճար հիմունքներով հանդես գալ Արցախի հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով։ 5 թեկնածուներից միայն երեքն են ելույթով հանդես եկել` Մասիս Մայիլյանը, Վանյա Ավանեսյանը եւ Հրանտ Մելքումյանը, իսկ մյուս երկու թեկնածուների` Բակո Սահակյանի եւ Արմեն Աբգարյանի մասին պատմող տեսահոլովակներ են ցուցադրվել: Հանրային հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ Արցախի պետհամալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանը նշել է, որ ներկայիս ամենակարեւոր խնդիրը մարդկանց սոցիալական վիճակն է, եւ դրա համար նա մտադիր է պայքարել կոռուպցիայի, պաշտոնը չարաշահելու, կաշառակերության դեմ։ Նա նաեւ նշել է, թե նախատեսում է հանրապետության տարբեր բնագավառներում արդարություն ստեղծել։Իսկ նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը շեշտել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է Ղարաբաղում բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը եւ ապահովել «ողջ հասարակության մասնակցությունը երկրի կյանքում»։ Ըստ նրա, իր նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն են` օրենքի առաջ բոլորը հավասար են, եւ պետք է գործի օրենքի ուժը, այլ ոչ թե ուժի օրենքը։ «Բարեկեցիկ կյանքի հնարավորություն պետք է ունենա ոչ թե բնակչության մի փոքր խումբ, այլ` ողջ ժողովուրդը։ Իսկ մյուս կարեւոր ուղղությունն Արցախի միջազգային ճանաչումն է եւ նրա արժանի տեղի ապահովումը` քաղաքակիրթ աշխարհում»,- ասել է նա։
Նախագահի թեկնածու Հրանտ Մելքումյանն իր քաղաքական սկզբունքներից ընդգծել է սոցիալական արդարությունը եւ հավասարությունը, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, ԼՂՀ միջազգային ճանաչումը։
Նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն էլ ներկայացվեցին նախընտրական հանդիպումներում, որոնց ընթացքում նշվեց, թե` ծրագիրը ենթադրում է բնակարանաշինության աշխուժացում, մասնավորապես` զոհվածների ընտանիքների համար բնակարանների կառուցում, աշխատավարձի, կենսաթոշակների եւ նպաստների զգալի ավելացում: Ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ծնելիության եւ բազմազավակության խթանման նպատակով նախատեսվում է երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստների ավելացում: Դպրոցականներին նախատեսվում է անվճար դասագրքերի տրամադրում: Ծրագրի համաձայն, 2012թ. ԼՂՀ բնակչության միջին աշխատավարձը ներկայիս 64 հազար 600 դրամի փոխարեն՝ կկազմի 115 հազար դրամ, իսկ թոշակները 14 հազար 300 դրամից կհասնեն մինչեւ 35 հազար դրամի: Իսկ 2008 թվականին, ըստ նրա, նախատեսվում է 5 անգամ ավելացնել հիպոթեքային վարկավորման նպատակով պետբյուջեից հատկացվող գումարը, եւ այլն։ Նախագահի թեկնածուներից առայժմ միայն Արմեն Աբգարյանի ծրագրի մասին չի խոսվում, իսկ ինքն էլ հրաժարվում է հարցազրույց տալ։ Հիշեցնենք, որ նա թեկնածուներին ԿԸՀ-ում գրանցելուց հետո ինքնաբացարկի մասին հայտարարություն էր ներկայացրել ԿԸՀ, այնուհետեւ հետ վերցրել այն։ Իսկ թե ինչու է թեկնածուն այդպես վարվել եւ շարունակում է «պասիվությամբ» աչքի ընկնել` դա դեռ հայտնի չէ։ Առայժմ հայտնի է, որ թեկնածուներից միայն Բակո Սահակյանն ու Մասիս Մայիլյանն են սկսել իրենց հանդիպումները։ Բ.Սահակյանն արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության մի քանի բնակավայրերում։ Իսկ Մ.Մայիլյանը հանդիպումները սկսել է մայրաքաղաք Ստեփանակերտից։
Մինչ թեկնածուները զբաղված են իրենց քարոզչական աշխատանքներով, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է իր նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, այժմ հավատարմագրվել են 10 միջազգային եւ 34 տեղական լրագրողներ, իսկ դիտորդների թիվն առայժմ 8 է` 1-ը` միջազգային եւ 7-ը` տեղական։