Շալուան Քաշաթաղի շրջանի այն քիչ գյուղերից է, որտեղ ադրբեջանցիները մինչեւ վերջ չէին հասցրել ավերել հայկական եկեղեցին: Շալուան նույնանուն գետի անունից է, որի ափին էլ տեղակայված է գյուղը:
Գյուղի կենտրոնում եկեղեցին է, որի մուտքի մոտ գյուղացիները մերձակայքից հավաքել են կիսաջարդված խաչքարերը, եկեղեցու պատերից պոկված քարերը: Եկեղեցու քարերով ադրբեջանցիներն իրենց տների եւ գոմերի հիմքերն են սարքել, շարել պատերը: Եկեղեցու հարեւանությամբ` տան պատերից մեկի հիմքում, երեւում են եկեղեցու քարերը: «Էս խաչքարերը, քարերը հավաքեցին եկեղեցու բակում մի քանի տարի առաջ, բայց ամենուր այս վայրերում ման գալիս խաչքարեր են տեսնում»,- ասում է գյուղի բնակիչ Սամվել Մկրտչյանը:
Սամվել Մկրտչյանը, ով ուսումնասիրել է Ազատագրված տարածքների հայկական հուշարձանները, իր հրատարակած «Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում գրում է, որ ինչպես Շալուան, այնպես էլ գետի երկայնքով եղած մյուս գյուղերը «վաղնջական ժամանակներից ի վեր հայաբնակ են եղել, բայց 18-րդ դարի երկրորդ կեսից հետո հայաթափվել են ու ժամանակին բնակեցվել քրդերով»: Մկրտչյանը գտնում է, որ եկեղեցին կառուցվել է տասնյոթերորդ դարում: Գյուղացիները մաքրել են եկեղեցու շրջակայքը, եւ այն այժմ նրանց աղոթատեղին է: Սամվել Մկրտչյանը Երեւանից ընտանիքով այստեղ է տեղափոխվել 6 տարի առաջ: Նրա կինը Շալուայի դպրոցի տնօրենն է: «Երեւանում աշխատանք չկար, կինս դասատու էր, լսեցինք, որ այստեղ դասատուի պահանջ կա, եկանք: Աղջիկս հիմա Երեւանում է սովորում, տղաս հունիսի 3-ին բանակ է գնացել, փոքր տղաս էլ 6-րդ դասարանում է»,- պատմում է Սամվելը:
Շալուան հայտնի է նրանով, որ այստեղ տարիներ առաջ Շալուա գետի վրա կառուցվել է փոքր հիդրոէլեկտրակայան (հէկ), որը, երբեմն աշխատելով, գյուղի բնակչությանն ապահովում է էլեկտրաէներգիայով: Անցած տարվանից հիդրոկայանը չի աշխատում: Գյուղացիներից մեկն ասաց, որ մաս էր փչացել, տարել են Սիսիանում սարքելու: «1 կմ կանալ է, անընդհատ պիտի մաքրես: Ձմեռը սառում է, խողովակները պայթում են, կանալն էլ է սառում, ջուր չի գալիս»,- ասաց մի երիտասարդ:
Շալուայում այսօր մնացել է 11 ընտանիք, 7 տարի առաջ ընտանիքների թիվը 24 էր: «Դպրոցում էլ երեխեքը քչանում են, շատերը էս վերեւի գյուղերից իրենց երեխեքին տանում են քաղաք` հարազատների մոտ, այնտեղ են դպրոց գնում: Մեզ մոտ Վերիշենից 2 երեխա է գալիս: Պետք է մտածել ու մի բան անել: Մի քանի հարցեր որ լուծվեն, ամեն ինչ կարող է փոխվի: Նայեք` տրանսպորտ չկա, սննդի համար պիտի հասնենք Բերձոր, կապ չկա: Կնոջս հայրն ու մայրը մահացել են, մենք չենք իմացել: Կինս ոչ հոր թաղմանն է գնացել, ոչ էլ` մոր: Չեն կարողացել մեզ իմաց տալ: Ամեն ինչ Բերձորից ենք բերում: Երեխայիս Զինկոմից կանչել են, ասել են` թող գա, բայց ինչպե՞ս գնա, դա իրենց չի հետաքրքրում, պիտի տանենք, հասցնենք»,- ասում է Սամվելը:
Քաշաթաղի գյուղերի բնակիչները չեն բողոքում, որ իրենք աղքատ են, որ ուտելիք չունեն: Նրանք ասում են` պայմաններ չունենք զարգանալու: Սամվելը 16 անասուն ունի, որից ութը` կթու կով: «Պանիր ենք անում, տանում եմ Բերձոր, փոխանակում եմ երեխայի շորերի հետ: Մեզ վրա փոխանակումը նստում է 600 դրամ, իսկ էդ պանիրը ծախում են 1200-1500-ով: Նույնն էլ՝ միսը. չենք կարողանում նորմալ գներով հանձնել: Եթե կարողանանք նորմալ գներով իրացնել, մեր վիճակը շատ լավ կլինի»,- համոզված է Սամվելը: Այս տարի այս փոքրիկ գյուղը 4 զինակոչիկ է ունեցել:
www.hetq.am