ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի ասուլիսները միշտ էլ հետաքրքիր են լինում. այն առումով, որ դրանցում սովորաբար մի այնպիսի միտք կամ արտահայտություն է հնչում, որը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվում: Հիշում եք, իհարկե, «100 տարի շրջափակման պայմաններում զարգանալու», «կովկասյան վագրի» ու զանազան «սխալ թարգմանությունների» վերաբերյալ Վ. Օսկանյանի հայտարարությունների մասին: Իսկ երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ համատեղ ասուլիսում Վ. Օսկանյանն ինքնախոստովանության պես մի բան է արել: Բանն այն է, որ երեկ` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն ընդլայնվի, Վ. Օսկանյանը նշել է, թե հետագա բանակցություններին ԼՂ հնարավոր մասնակցությունը չի կարելի համարել բանակցային ֆորմատի ընդլայնում կամ փոփոխություն: «Ղարաբաղի մասնակցությունը չի նշանակում, որ ձեւաչափը փոխվել է: Ընդհակառակը, Ղարաբաղի մասնակցությամբ մենք վերադառնում ենք հիմնական ֆորմատին, որովհետեւ սկզբնական փուլում, մինչեւ 1996 թվականը, մինչեւ 1997 թվականի մարտ ամիսը, Լեռնային Ղարաբաղը մասնակցություն է ունեցել Մինսկի խմբի գործընթացներին»,- ասել է Վ. Օսկանյանը: Իսկ ինչպես հիշում եք, Վ. Օսկանյանի կողմից հիշատակված 1997-ի մարտին, երբ ԼՂ-ն աստիճանաբար սկսեց դուրս մղվել բանակցային գործընթացից, ՀՀ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, եւ առաջ քաշվեց 8000 քառակուսի կիլոմետրանոց անկախ Ղարաբաղ ունենալու «հաղթողական ծրագիրը»: Արդեն 10 տարի է` Վ. Օսկանյանի անմիջական մասնակցությամբ «իրականացվում է» այդ «հաղթողական» քաղաքականությունը, սակայն արդյունքն այն է, որ այսօր պայքարում ենք «հիմնական ֆորմատին վերադառնալու համար»:
Երեկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հերքել է այն տեսակետը, թե Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կարող է փոխվել:
Երեկ նա հերքել է նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի այն հայտարարությունը, թե հայկական կողմը Ղարաբաղի հակամարտության բանակցության գործընթացում մինչեւ աշուն «թայմ աուտ» է վերցրել: Ազիմովի կարծիքով՝ այդ ընթացքում հայկական կողմը պատրաստվում է վերանայել մոտեցումները: «Հայկական կողմը «թայմ աուտ» չի վերցրել եւ իր դիրքորոշումը վերանայելու կարիք չունի: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: Այդ փաստաթղթի շուրջ մենք պատրաստ ենք բանակցությունը շարունակել, բայց Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական կողմից որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու նախանշաններ էին երեւում: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը նման հայտարարություններով փորձում է նախահարձակ լինել ինչ-որ մեղավորներ փնտրելու համար»,- ասել է Օսկանյանը: Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Սանկտ Պետերբուրգի հանդիպման ընթացքում Իլհամ Ալիեւը մերժել է երբեւէ հանրաքվե անցկացնելու մասին առաջարկը: «Այս պահին ես կխուսափեի որեւէ մանրամասն տալուց, բայց արդեն ասացի, որ Ադրբեջանի կողմից, համենայնդեպս, նկատվում է հստակ դիրքորոշումների փոփոխություն, որոշ պայմանավորվածություններից հետ կանգնելու ինչ-որ միտում: Այդ ամենը Սանկտ Պետերբուրգում սկսել էր երեւալ, պետք է սպասել. Ադրբեջանի հետագա քայլերից նաեւ պետք է դատել ինչ-որ հետեւանքների մասին՝ դա կոշտացման միտում ունի՞, թե՞ առհասարակ քաղաքականության փոփոխության: Մի քիչ վաղ է եզրակացություններ անել, բայց նման տենդենցներ մենք սկսել ենք նկատել»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա եւս մեկ անգամ հաստատել է, որ անկախ բանակցային գործընթացի զարգացումններից բանակցային գործընթացում ԼՂ-ին ընդգրկելու հարցն օրակարգում է. «Եթե Ղարաբաղը ներգրավվի, դա չի բերի բանակցության ֆորմատի փոփոխության»:
Նախարարը երեկ նաեւ հստակեցրել է, թե ինչո՞ւ է հետխորհրդային չճանաչված պետությունների արտգործնախարարների հավաքին մասնակցել նաեւ ԼՂՀ ներկայացուցիչը: «Դա թյուրիմացություն է: Ղարաբաղն այդ հավաքին մասնակցել է ոչ որպես անդամ, այլ որպես դիտորդ, եւ ոչ արտգործնախարարի, այլ նախագահի խորհրդականի մակարդակով: Հետխորհրդային չճանաչված երկրների հետ հարաբերության առումով Ղարաբաղի դիրքորոշումը չի կրել որակական փոփոխություն, որովհետեւ այս հարցում եւ՛ ՀՀ-ի, եւ՛ ԼՂՀ-ի քաղաքականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարբերվում է մյուսներից, եւ պետք չէ բոլորը մի կոնտեքստի մեջ դիտարկել: Եվ միջազգային հանրությունն այդպես էլ ընկալում է ԼՂ հարցը»,- վստահեցրել է նախարարը: