Աշխատանքի տեսչությունը վերջերս ստուգումներ է անցկացրել «Հայ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում եւ հայտնաբերել է մի ուշագրավ խախտում: Պարզվել է` «Հայ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից աշխատավարձ ստացող մի քանի մարդ փաստացի աշխատում է «Ջրային պետական կոմիտեում»: Կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Աշխատանքի տեսչությունն, իրոք, ստուգումներ անցկացրել է «Հայ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում եւ միայն մի խախտում է արձանագրել` կապված գրանցամատյանի ոչ ճիշտ վարման հետ: Եթե անգամ ապօրինի աշխատողների մասով Աշխատանքի տեսչությունն ակտ կազմած չլինի, միեւնույն է, այս փաստն իրողություն է: «Ջրային պետական կոմիտեի» նախագահ Անդրանիկ Անդրեասյանի համար այս կարգի խախտումները կարելի է համարել թեթեւ միջամտություններ: Եվ «Երեւան-ջուր», եւ «Հայ ջրմուղկոյուղի», եւ «Ոռոգում» ՓԲԸ-ներում համատարած աշխատում են Անդրանիկ Անդրեասյանի միջնորդած մարդիկ: Մինչդեռ այս ընկերություններում պարտադիր պայման է մրցութային կարգով մասնագետներին ընտրելը: Ասենք՝ կարելի է եւ հասկանալ Անդրանիկ Անդրեասյանին, քանի որ «Ջրային պետական կոմիտեն», բացի մարդ տեղավորելուց, վարչական լուրջ իրավասություններ չունի այս ընկերությունների վրա: Հայաստանում ջրի կառավարումը ստանձնած ֆրանսիացիներն իրենց հաշվետու են համարում Համաշխարհային բանկին, քանի որ նա է վարկային միջոցներ տրամադրողը: Իրենք պարտավորված են զգում նաեւ տեղեկանք-բյուլետեն տպագրել ՀՀ կառավարության համար եւ իրենց շատից-քչից հաշվետու են համարում նաեւ Տարածքային կառավարման նախարարության առաջ: «Ջրային պետական կոմիտե» կոչվող պետական այս օղակը շարունակում է իր գոյությունն այն բանի համար, որ, թերեւս, Անդրանիկ Անդրեասյանը պաշտոն ունենա: