«Միասնական թեկնածուն զարթոնք կառաջացնի»,- երեկ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա երեկ Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ընտրություններին միասնաբար մասնակցելու գաղափարը միշտ հոգեհարազատ է եղել իր կուսակցությանը, սակայն նա միանշանակ չշեշտեց, թե ՕԵԿ-ը կպաշտպանի ընդդիմության կողմից առաջադրված ցանկացած միասնական թեկնածուի:
Չէ՞ որ այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «Հայաստանում ու արտերկրում մեծ հարգանք է վայելում», եւ ինչպես կարող է նրանից բացի ՕԵԿ-ն այլ նախագահացուի պաշտպանել: Բայց բոլոր դեպքերում ՕԵԿ-ը կքննարկի այդ հարցը եւ որոշում կկայացնի՝ ելնելով քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներից: Բոլոր դեպքերում, ըստ Շահգելդյանի, ՕԵԿ-ում «ավելորդ հավակնություններով չենք տառապում եւ գիտենք մեր տեղը»:
«Օրինաց երկիր» կուսակցությունում բավականին երկար ժամանակ է, առնետավազք է տեղի ունենում: Այն սկսվել էր մինչեւ խորհրդարանական ընտրությունները եւ նույն տեմպով շարունակվում է նաեւ հիմա: Երբ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Արթուր Բաղդասարյանը, կուսակցությունից դուրս եկան մի խումբ գործարար պատգամավորներ: Ընտրություններից առաջ, հիշում եք, դուրս եկավ նաեւ Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ): Ընտրություններից անմիջապես հետո դուրս եկավ Գյումրիից պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանը, ով, ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանի մտերիմներից էր համարվում այդ կուսակցությունում, եւ գլխավորում էր նախորդ գումարման ԱԺ ՕԵԿ խմբակցությունը: Մի շաբաթ առաջ էլ «Օրինաց երկրի» շարքերից հեռացան կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդ Սամվել Ֆարմանյանը, նրա տեղակալ Մարսել Աբրահամյանը եւ միջազգային հարցերով ՕԵԿ խորհրդական Տիգրան Մկրտչյանը: Կուսակցությունում տիրող տրամադրություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ մեկ տարի առաջ սկսված առնետավազքը կշարունակվի նաեւ 2008թ.՝ մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: Բայց պարոն Շահգելդյանը կուսակիցների «դավաճանությունը» մեծ կորուստ չի համարում. «ՕԵԿ-ը շատ անդամներ ունի, եւ մեկ-երկու հոգու դուրս գալը մեծ խնդիրներ չի առաջացնի»: Իհարկե, կուսակցությունից մեկ-երկու հոգի չեն դուրս եկել, հեռացել են ավելի 15-20 հոգի, որոնց մեծ մասը պատգամավոր եւ նախարար են եղել: Հիշում եք, թե կուսակցությունն ինչպես լքեցին կրթության ու գիտության տխրահռչակ նախարար Սերգո Երիցյանը եւ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը: Հեռացան նաեւ ՕԵԿ մի շարք պատգամավորները, ովքեր նաեւ խոշոր գործարարներ էին եւ համարվում էին ՕԵԿ ֆինանսական հենարանը: Այնպես որ` կորուստն, իսկապես, ծանրակշիռ է: Բայց դե, Մ.Շահգելդյանը լավ է հասկանում իրենց շարքերը լքողներին: «Օրինաց երկիրն» ընդդիմադիր կուսակցություն է, իսկ Հայաստանում գործարարները չեն կարող ընդդիմադիր լինել»,- ասում է պատգամավորը: Իսկ երիտասարդների հեռանալու մասին այսպես արտահայտվեց՝ «Մարդիկ ուզում էին պատգամավոր դառնալ, բայց նրանց ձգտումները չիրականացան»: Ի դեպ, կուսակցության մյուս փոխնախագահը` Հեղինե Բիշարյանը մինչեւ վերջերս էլ մամուլում հերքում էր, թե Ս.Ֆարմանյանի եւ մյուսների ՕԵԿ-ից դուրս գալը պայմանավորված է հենց Ֆարմանյան-Արթուր Բաղդասարյան հետընտրական անհամաձայնություններով: Իսկ երեկ, փաստորեն, Մհեր Շահգելդյանն իր հայտարարություններով հաստատեց մեր հրապարակումների իսկությունը:
Մհեր Շահգելդյանը երեկ նաեւ առիթը բաց չթողեց եւ ասաց, թե ԱԺ ընտրություններին ՕԵԿ-ը ստացել է ոչ թե 100.000 ձայն, ինչպես հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ երկու անգամ ավելի, այսինքն` իրենց մասով ընտրությունները կեղծվել են: Այդ ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց` իսկ կեղծվե՞լ են արդյոք 2005 թվականին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի արդյունքները: Վերջինս հարցին ի պատասխան՝ ընդամենն ասաց, թե հանրաքվեի անցկացման մասին իր կարծիքը հայտնել է հանրաքվեից հետո: Հիշեցնենք, որ Մհեր Շահգելդյանը Սահմանադրության փոփոխության հանրաքվեի ժամանակ «Այո»-ի շտաբի պետն էր: Այդ ժամանակ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները հիմնականում դպրոցի տնօրեններն էին, իսկ անդամների մեծ մասն՝ այդ դպրոցի ուսուցիչները: Երբ Կրթության նախարարը Սերգո Երիցյանն էր, «Օրինաց երկիրը» Հայաստանի դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների մեծ մասին իրենց կուսակցության անդամ էր դարձրել: Ճիշտ է, Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո նրանք նույնպես լքեցին կուսակցությունը, սակայն 2005-ին մեծ հաջողությամբ հաջողացրին կեղծել հանրաքվեն: Այդ ժամանակ, երբ բոլորի համար պարզ էր, որ հանրաքվեն կեղծվել է, Մհեր Շահգելդյանի եւ Արթուր Բաղդասարյանի բերանից բացասական կարծիք դուրս չեկավ: Հանրաքվեից անմիջապես հետո Մ.Շահգելդյանն ասուլիս էր հրավիրել, եւ լրագրողներից յուրաքանչյուրը, առանց չափազանցնելու, վեց անգամ նրան հարցրել էին` «կեղծվե՞լ է հանրաքվեն»: Սակայն վերջինս իրեն հատուկ անհողդողդությամբ, անհասկանալի, լղոզված եւ ոչինչ չասող պատասխաններ էր տվել: Իսկ այն ժամանակվա ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այդ ժամանակ ընդամենն ասում էր, թե լցոնումներ են տեղի ունեցել, ու բոլորին կոչ էր արել ընտրակեղծիքների մասին փաստերը փոխանցել իրեն: Փոխանցեցին, բայց նա այդպես էլ համարձակություն չունեցավ հայտարարելու, որ լայնածավալ կեղծիքներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա: Այնպես որ` հիմա, երբ «Օրինաց երկիրն» իրեն ընդդիմություն է համարում եւ փորձում է «ազնիվ խաղացող» երեւալ, մի տեսակ չի ընկալվում: