Ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում

22/06/2007

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նախաձեռնությամբ երեկ Երեւանում կայացել է ղարաբաղյան կարգավորման թեմայով սեմինար, որի հիմնական բանախոսներն են եղել Դավիթ Շահնազարյանը եւ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը: Դ. Շահնազարյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացը բաժանում է 2 մասի՝ մինչեւ 1998 եւ 1998-ից հետո. երկրորդ մասում մենք միայն ձախողվել ենք եւ պարտություններ կրել. Ղարաբաղը, որ 1992 թ. Պրահայի փաստաթղթով բանակցային կողմ էր, 1998-ին դադարեց այդպիսին լինելուց, Ադրբեջանը, որ ընդունում էր կարգավորման առաջարկները, 1998-ից սկսած անընդհատ մերժում է դրանք, ՀՀ-ն անընդհատ ընդունում է առաջարկները, այդ թվում եւ՝ Ղարաբաղ-Ադրբեջան ընդհանուր պետության, եւ չնայած սրան, միջազգային սուր գնահատականների արժանանում եւ, «օկուպանտ» որակվում: Այս ամենի մասին նշել է Դ. Շահնազարյանը: Նրա կարծիքով՝ պատճառը մեկն է. նավթային գործոնի շնորհիվ Ադրբեջանը մեծացրել է իր միջազգային վարկը, վարում է հավասարակշիռ քաղաքականություն, հարկ եղած դեպքում՝ ատամ ցույց տալիս ԱՄՆ-ին կամ ՌԴ-ին: Իսկ Հայաստանը, որ միջազգային հարթությունում երեւալու մեկ ռեսուրս ուներ՝ ժողովրդավարություն, լիովին սպառել է այն: Ըստ նրա, կարգավորման ձգձգման հետ աճում է պատերազմի հավանականությունը, իսկ մեզ համար հարցի ռազմական լուծում գոյություն չունի՝ «պատերազմում ինչ կարող էինք անել, արել ենք: Կարող է եւս 10 ռազմական փուլ լինի, հաջողության հասնենք, բայց հարցը չլուծվի: Ռազմական փուլում մեկ անգամ պարտվենք՝ ամեն ինչ վերջանում է»: Վազգեն Մանուկյանը եւս կարծում է, որ ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին: Բայց նաեւ, ըստ նրա, աշխատում է մեր օգտին՝ հոգեբանորեն ընդունվում է, որ Ղարաբաղի անկախությունը չի վերանալու: Վ. Մանուկյանն առաջարկում է հարցը կարգավորել ԼՂՀ-ի անկախությունից սկսած. դիմացինին հասկացնել, որ եթե անկախությունը չի ընդունվում, մնացած հարցերը քննարկել իմաստ չունի: Բայց բանակցությունները պետք է շարունակվեն, ու շարունակվեն Ղարաբաղի մասնակցությամբ, որ պատերազմ չլինի: Դ. Շահնազարյանը դեմ է անկախությունից սկսելուն: Ըստ նրա, Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել վերջում՝ հարցը լուծել փուլ առ փուլ: Վազգեն Մանուկյանն էլ առաջարկում է դիմացինին ապացուցել, որ հարցի այլ լուծում չկա, ստիպել, որ ճանաչի անկախությունը. «դրա միակ երաշխիքը հաղթանակն էր, որ դիմացինը չունենա գայթակղություն, թե կարող է հարցն այլ ձեւով լուծել»: «Մեզ ընկալում են որպես Ռուսաստանի ֆորպոստ, եւ դա ՀՀ-ին բնական եւ արհեստական ձեւերով դուրս է թողնում ինտեգրացիոն պրոցեսներից: Հայաստանն արտաքին քաղաքականություն չի վարում եւ տարածաշրջանում իրեն պահում է գյուղի պես՝ քյոխվայով»,- ասել է Վ. Մանուկյանը: «Ղարաբաղի հարցը տեղավորվում է միջազգային զարգացումների մեջ, Հայաստանը չի տեղավորվում»,- նշել է Դ. Շահնազարյանը: Վերջինս հիշեցրել է նաեւ Ռոբերտ Քոչարյանին սատարող ՀՅԴ-ի թողած «ավանդի» մասին. «Նրանք 1918թ. 65.000 քառ. կմ Հայաստանից թողեցին 10.000 քառ կմ-անոց. եթե կարողանային ստատուս-քվոն պահպանել` լավ կլիներ: Նույնը հիմա է. փորձում են ստատուս-քվոն երկար պահել, ինչն արագ տեմպերով առաջ գնացող աշխարհում հնարավոր չէ»: