Սոցիոլոգը եւ պսիխոլոգը

22/06/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ծանոթներիցս մեկը երկար տարիներ վառելիքի բաշխման ոլորտում տքնելուց հետո որոշել էր սեփական գործ բացել։ Ստեղծել էր անշարժ գույքի գործակալություն։ Մի անգամ պատահաբար ինձ տեսնելով՝ հրավիրեց իր նորաբաց գրասենյակը, որի դուռը բացեց «գլամուրային» ամսագրերից դուրս պրծած, կարճ շրջազգեստով, երկարոտն մի աղջիկ։

– Մեր պսիխոլոգն է,- ասաց ծանոթս։

– Հոգեբանն ինչի՞դ է պետք,- զարմացա ես։

– Ո՞նց,- զարմացավ ինքը։

– Հա, ուզում եմ ասել, ինչո՞վ է զբաղվում հոգեբանի հաստիքը զբաղեցնող այս աղջիկը։

– Կլենտների (հաճախորդների) վրա է ազդում,- վստահ պատասխանեց նա։

– Հա՜ա՜,- ասացի ես՝ իբր հասկացած, թե «կլենտների» վրա ոնց է ազդելու։

Այս պատմությունը դժվար թե հիշեի, եթե թերթերում կրկին չհայտնվեր հայոց սոցիոլոգիայի հայր Ահարոն Ադիբեկյանն ու չհրապարակեր Ղարաբաղում անցկացրած սոցիոլոգիական հարցումից իր ստացած տպավորությունները։

Անկեղծ ասած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի թեկնածուներից ոչ մեկին կարգին չեմ ճանաչում։ Հիմնական թեկնածուների՝ ԱԱԾ պետ Բակո Սահակյանի եւ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի անունները մինչեւ առաջադրումը չէի էլ լսել։ Սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ ապացուցեմ որեւէ մեկի նկատմամբ հատուկ վերաբերմունք չունենալս, այլ՝ որովհետեւ բազում անգամներ Ղարաբաղում լինելով եւ բազմաթիվ շարքային ղարաբաղցիների հետ շփվելով՝ «Ռոբիկ», «Սերժիկ», «Արկադիկ» անուններից բացի, ոչ մի այլ անուն չեմ լսել։ Չեմ լսել նաեւ մյուս երեք թեկնածուների անունները։

Սա էլ ասում եմ այն պատճառով, որ հարց տամ հայոց սոցիոլոգիայի հորը, թե առաջին երկու թեկնածուների ո՞ր դրսեւորումներն են 700 հարցվողին առիթ տվել մեկին համարել «գլամուր», մյուսին՝ «պապա»։

Երկուսն էլ, կարծում եմ, իրենց տեղերում բարեխիղճ աշխատող են եղել։ Երկուսի տեղերն էլ՝ Ազգային անվտանգության ծառայությունն ու Արտաքին գործերի նախարարությունը, գործի բերումով փակ կառույցներ են։ Երկուսն էլ օրումեջ ելույթ չեն ունեցել ժողովրդի առաջ ու չեն բացահայտել իրենց աշխատանքային խիզախումները։ Նախագահության թեկնածու գրանցվելուց հետո հավանաբար մի քանի հարցազրույց են տվել մեծ տարածում չունեցող թերթերում եւ Արցախի պետական հեռուստատեսությամբ, ինչը խորամիտ ղարաբաղցիներին դժվար թե հապշտապ եզրակացություններ անելու առիթ տար։

Եթե թեկնածուներից մեկը լիներ, ասենք, Պաշտպանության նախկին նախարար, ներկայում ՀՀ Պաշտպանության նախարարության շտաբի պետ Սեյրան Օհանյանը կամ պատերազմով անցած մի այլ բարձրաստիճան զինվորական, գուցե հավատայի Ահարոն Ադիբեկյանի «պապա» ձեւակերպմանը, որովհետեւ Ղարաբաղում բանակն իսկապես հարգանք է վայելում եւ համարվում է հուսալի հովանավոր։ Գուցե հավատայի, բայց որոշ վերապահումներով, որովհետեւ «պապա» ձեւակերպումն ինքնին հարազատ չէ ղարաբաղյան հանրությանը։ Լինելով հաղթող ու անզիջում՝ նրանցից յուրաքանչյուրն իր տեղում արդեն «պապա» է եւ «պապայի» կարիք չի զգում, առավելեւս՝ բարի, հոգատար, մարդկանց մասին մտածող «պապայի»։

Լինելով հաղթող եւ անզիջում՝ նրանցից յուրաքանչյուրը Ղարաբաղի բարձր աթոռին ուզում է տեսնել իր «պապա» լինելը երաշխավորող մեկին եւ ոչ թե նրան, ով, ըստ Ահարոն Ադիբեկյանի, մարդկանց ֆինանսապես եւ նյութապես շատ օգնություն է ցուցաբերել։

Այս սոցիոլոգիան շատ վտանգավոր է, եթե սոցիոլոգիան առհասարակ կարող է վտանգավոր կամ օգտակար լինել։ Փաստորեն, «համաժողովրդական» հարցումը մի կողմից՝ բացառում է նախագահի կիրթ, խելացի, գրագետ հատկանիշները՝ դրանք կրող թեկնածուին որակելով Ղարաբաղի բնակչության մոտ 99 տոկոսի համար անծանոթ «գլամուր» բառով, մյուս կողմից` մեծարում պետական պաշտոններ զբաղեցրած մարդուն՝ որպես բարեգործ։ Բայց ամենավտանգավորը սա էլ չէ, այլ այն, որ ընտրազանգվածին դարձնում է «պապայի» ձեռքին նայող մի պատանի, ում ինքնուրույն ապրելու իրավունքը սահմանափակվում է տեղական իշխանի գթասրտությամբ։

Փառք Աստծո, ես սոցիոլոգ չեմ եւ մարդկանց հետ շփվում եմ ոչ թե ընտրանքային տեխնոլոգիաներով, այլ անմիջապես։ Գուցե 700 մարդու հետ չեմ շփվում, բայց ինձ հանդիպած մարդիկ էլ քիչ չեն եզրակացնելու համար, թե ի՞նչ է ուզում շարքային կամ միջին ղարաբաղցին։ Նրանց հետ շփվելիս կարելի է ձանձրանալ անընդհատ նույն եւ միեւնույն բառերը լսելիս. «Աշխատանք լինի՝ ամեն ինչ էլ կլինի»։ Այս բառերը լսում ես ամենուր, Ղարաբաղի բոլոր շրջաններում։

Կարելի է վստահաբար ասել, որ աշխատանքը, աշխատելն ու արժանապատիվ կյանքով ապրելը, ինչպես բոլոր բանական արարածների մոտ, ղարաբաղցիների մոտ եւս ամենագլխավոր պահանջն է։ Ղեկավար ընտրելիս, բնականաբար, նրանք պետք է առաջնորդվեն գլխավոր պահանջով։ Ե՞րբ են թեկնածուները խոսել աշխատանքի ու բարեկեցության հետ կապված խնդիրների մասին, որ հարցվողները եզրակացություն անեին։

Չգիտեմ, ի՞նչ աշխարհագրություն է ունեցել 700 հոգանոց սոցիոլոգիական հարցումը, բայց թվում է, որ այն դուրս չի եկել Ստեփանակերտի չինովնիկական շրջանակից։ Այդ շրջանակում են մտածում, որ աշխատանքը պետական բյուջեից վարձատրվողն է, իսկ բարեկեցությունը՝ պետական միջոցներից ինչ-որ բան փախցնելը։ Եթե այս շրջանակում է անցկացվել հարցումն, ապա ապագա նախագահին «պապա» տեսնելու միտումը միանգամայն ճշգրիտ է։ Ուրիշ ո՞վ կարող է ապահովել բյուջեից սնվող հիմնարկների ուռճացումը, ուրիշ ո՞վ կարող է թույլ տալ, որ նախարարությունների բաժիններում առանձին գյուղերի բնակչությունից ավելի շատ աշխատողներ լինեն։ Սոցիոլոգիան, որքան ինձ հայտնի է, հասարակության տրամադրությունն է արձանագրում, եթե «կլենտը» (հաճախորդը) կարիք ունի այդ տրամադրությանը ծանոթանալու, բայց այս դեպքում սոցիոլոգը վերը նշված պատմության պսիխոլոգի պես փորձում է ազդել՝ կարճ փեշով, երկար ոտքերով կամ աչքերի խաղով։ Բոլոր դեպքերում գույքն անշարժ է մնում… մինչեւ նոր ընտրություններ։