Խորհրդային ժամանակաշրջանում հումորով ասում էին, որ «սուտը լինում է մեծ, շատ մեծ եւ պետական վիճակագրության տեսքով»: Մեր օրերում այս արտահայտությունը չի կորցրել իր արդիականությունը: Ավելին, այս շարքը համալրվել է սոցիոլոգիական հարցումներով:
Եվ, իհարկե, եթե արտահայտվեմ ժամանակակից հայերի բառապաշարով, ապա հայկական սոցհարցումների (Հայաստանում սոցհարցումները սոցիոլոգիայի հետ ոչ մի կապ չունեն) «պապան» միանշանակ Ահարոն Ադիբեկյանն է: Այն նույն Ադիբեկյանը, ով Հայաստանում «դորդ ու բեշ» արեց, հիմա էլ գնացել է, Արցախում է մարդկանց «ֆռռացնում»: Մի քանի օր առաջ իր ասուլիսի ընթացքում պարոն Ադիբեկյանն իր «մտքի գոհարների շարքում» արտահայտել է հետեւյալ միտքը. «Միջինացված, ստացվում է, որ Մայիլյանը 10 տոկոս ձայն ունի: Մայիլյանը գերազանցում է Սահակյանին միայն կիրթ լինելու առումով, որովհետեւ Վիեննայի դիվանագիտական համալսարանում է սովորել, բայց դա գնահատում են հասկացող, գրագետ ընտրողները, որոնց տոկոսային հարաբերությունն այդքան մեծ չէ: Մի հատ մտեք հասարակ ռանչպարի, ֆերմերի տուն: Նրանք այլ կերպ են ընկալում իրողությունը եւ այլ սպասելիքներ ունեն: Ով որ ունեւոր է, իրեն պետք է մի հատ գլամուրնի, այսինքն` մի հատ փայլուն նախագահ, իսկ ոչ ունեւորին` պապայի նման մեկը»: Մի կողմ թողնենք, թե ո՞ւմ պատվերն է կատարում պարոն Ադիբեկյանը տվյալ դեպքում: Որովհետեւ նա «հա՛մ նալին է խփում, հա՛մ մեխին»: Բայց, ըստ պարոն Ադիբեկյանի, ստացվում է, որ Արցախում «հասկացող եւ գրագետ» մարդկանց թիվը կազմում է ընդամենը 10%: Եվ քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միշտ էլ համարվել է հայ ազգի ամենակարդացած եւ գրագետ հատվածներից մեկը (սա իմ անձնական կարծիքը չէ), ապա պարոն Ադիբեկյանին համեստաբար խորհուրդ կտայինք հաջորդ անգամ, թեկուզ ամենաբարձր պաշտոնյայի պատվերը կատարելիս, մամլո ասուլիսներում զգույշ արտահայտվել ժողովրդի հասցեին:
Իհարկե, Ահարոն Ադիբեկյանն ընդամենն ածանցյալն է այն իրականության, որը տիրում է Հայաստանում: Թեպետ հայերը միշտ էլ իրենց համարել են «դելավոյ ու շուստրի» ազգ, սակայն այն, ինչ կատարվում է վերջին տարիներին, գերազանցում է բոլոր «սպասումները»: Օրինակ, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ով դոլարի կուրսի հետ ոչ մի կապ չունի, արդեն մի քանի տարի շարունակ «ֆռռացնում» է արտասահմանում գտնվող միլիոնավոր հայերին, որոնք գումար են ուղարկում Հայաստանում գտնվող իրենց հարազատներին: Ազգային ժողովում հազարից մեկ հայտնվող պատգամավորներն իրենց ընտրողներին (թեպետ դեռ պետք է հասկանալ, թե ո՞վ է նրանց ընտրել) եւ ԱԺ ղեկավարությանը «բժշկական սպռավկայով են ֆռռացնում»: «Հաբռգած» վարորդները պետավտոտեսուչներին «նառուշիլովկայով են ֆռռացնում» կամ վախեցնում: Երեխաները «ֆռռացնում» են ծնողներին, իբր դաս են սովորում, իսկ ուսուցիչներն` իբր երեխան չի հասցնում եւ անպայման պետք է լրացուցիչ պարապի: Բիզնեսմենը եւ հարկային տեսուչները բոլորին «ֆռռացնում» են, իբր «սուրբ» են, բայց վերեւներում լավ էլ «մուծվում են»: Իսկ վերեւներն իրենց հերթին՝ «խիստ պայքարում են կաշառակերության դեմ»: Ավելի ճիշտ` վերեւները միջազգային կազմակերպություններին «ֆռռացնում են» եւ նրանցից «փող պոկում» կաշառակերության դեմ պայքարի համար: Հետո, իհարկե, այդ փողն էլ են «ուտում»: Միջազգային կազմակերպություններն, իհարկե, գիտեն, որ իրենց «ֆռռացնում են», բայց ինչ-ինչ պատճառներով լռում են: Մարդկանց տներից հանում են եւ «ֆռռացնում», որ պետության կարիքների համար են դա անում:
Բոլորովին անհասկանալի են` «Օրինաց երկիրի» պարբերական դարձած՝ լրագրողներին «ֆռռացնելու» փորձերը: Կարելի է փաստել, որ պոպուլիզմով «ֆռռացնելն» այս կուսակցության մոտ շատ ավելի լավ էր ստացվում, քան կուսակցականների արտահոսքի մասին լուրերը հերքելը: Դաշնակների «ֆռռացնելն արդեն խասյաթ է դարձել»: Բայց դա հասկանալի է` ով էլ 117 տարի շարունակ անընդհատ փորձի «ֆռռացնել», խասյաթ կդառնա, էլի: Պարզապես վերջին շրջանում նրանք «ֆռռացնում են» միայն այն բնագավառներում, որոնք նրանց տրամադրում է Ռոբերտ Քոչարյանը: Բացառություն են կազմում նախընտրական շրջանի գլոբալ «թոզփչոցիները»: Բայց, ինչպես ասում են` «պրոտիվ լոմա նետ պրիյոմա, եսլի նետ դրւգոգո լոմա»։ Ստացվեց այնպես, որ բոլոր այս «ֆռռացնողներին» Հանրապետականն այնպես «ֆռռացրեց», որ, ինչպես ասում էր Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ն Ազգային ժողովում 50+1 ունեցավ: Եվ հիմա բոլոր «ֆռռացնողները եւ ֆռռացողները» միասին ուզում են ելք գտնել այս իրավիճակից:
Լավատես լինելով, կարող եմ հուշել, որ ամենալավը «ֆռռում է մոմած ղայթանով չարխի հոլը»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ժողովրդին անգամ էլիտար գովազդներով արդեն չես ֆռռացնի: Եվ եթե այս տարի Ավետիք Իսահակյանը հայ ազգի ամենահարգված մտավորականն էր (հիշեցնեմ, որ այս բանաստեղծի նկարը պատկերված է 10.000-անոց թղթադրամի վրա), ապա հաջորդ անգամ երեւի թե Մարտիրոս Սարյանն էլ չփրկի: Ու թեեւ 10 պատվիրաններում «Մի ֆռռացրու» արտահայտությունը չկա, իմ լավատեսությունը հուշում է, որ ասեմ. «Հայե՛ր, մի՛ ֆռռացրեք իրար»: