Ի՞նչ կապ ունի Ուզունյանը

22/06/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մայիսի 24-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը 1 տարով ավելացրել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 25-ամյա Սարգիս Սողոմոնյանի պատիժը: Մինչ այդ, մարտի 20-ին Էրեբունի համայնքի 1-ին ատյանի դատարանը Ս.Սողոմոնյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման` Երեւանի բնակիչ Լ.Մովսիսյանին բռնի ուժով, զենքի սպառնալիքի տակ առեւանգելու եւ բռնաբարելու համար: Սարգիսը Լ.Մովսիսյանին փախցրել էր անցյալ տարվա գարնանը:

Սարգսի մայրը՝ տիկին Մարգարիտան, համաձայն չէ, որ իր տղան Լ.Մովսիսյանին փախցրել է: Նա եւ համագյուղացիները պատմում են, որ ոչ թե փախցրել է, այլ աղջիկն իր կամքով է եկել: Լ.-ն նույնիսկ հետը տարել էր իր շորերն ու իրերը: Ավելին` տիկին Մարգարիտան հավատացնում է, որ Լ.-ն ինքն է խնդրել, որ Սարգիսն իրեն փախցնի, որովհետեւ ծնողներն իրենց թույլ չեն տա ամուսնանալ: Տկն Մարգարիտան պատմում է, որ փախնելու օրը երկուսով գնացել են եկեղեցի, իբր թե՝ օրհնելու իրենց միությունը: «Եթե նա իր կամքով չէր եկել, եկեղեցի կգնա՞ր»,- հարցնում է տկն Մարգարիտան: Նա պատմում էր, որ փախցնելու հաջորդ օրը հարսնացուի մայրը՝ Մարինե Մովսիսյանը, աղջկան ոչ միայն ետ է տարել, այլեւ կազմակերպել է, որ Երեւանից ոստիկաններ գան ու ձերբակալեն Սարգսին:

«Լիդիան ինձ հայտնել է, որ իր ընտանիքը դեմ է իրենց ամուսնությանը: Բացի այդ, մայրը նրան խոսք է տվել Նոր Նորքի ոստիկանության Քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Նիկողոսյանին, ով թեպետ ամուսնացած էր, սակայն Լիդիային բազմիցս է առաջարկել կենակցել իր հետ,- նշված է Ռոբերտ Քոչարյանին, Աղվան Հովսեփյանին, Հայկ Հարությունյանին ուղղված՝ Սարգսի նամակի մեջ: -Դա էր պատճառը, որ ես համաձայնել եմ նրան մեր տուն տանել առանց ծնողների համաձայնությունը ստանալու: Արդեն գտնվելով մեր տանը՝ ես զանգահարել եմ Լիդիայի ծնողներին: Ծնողները նշված ոստիկանի եւ մի խումբ այլ մարդկանց հետ եկել են մեր տուն եւ Լիդիային տարել: Նրանք ստիպել են 17 տարեկան աղջկան տալ հայտարարություն, որ իրեն առեւանգել ու բռնաբարել են»:

Հիշեցնենք, որ Սարգսի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկը խմբակային առեւանգումն է: Մայրը, համագյուղացիները եւ պաշտպանը պնդում են, որ դա կեղծ մեղադրանք է: «Նախաքննությունը չկարողացավ պարզել, թե ովքեր են առեւանգողները,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Սարգսի պաշտպան Սմբատ Մեսրոպյանը: -Եթե խումբ է գործել, պետք է մասնակիցներ էլ լինեն: Սակայն մեր իրավապահները չկարողացան մասնակից գտնել, որովհետեւ նման բան չի եղել: Առեւանգում չի եղել, աղջիկն ինքն է եկել: Մի բան էլ ասեմ. եթե դեպքը կատարվել է Արարատում, ինչո՞ւ է Երեւանի ոստիկանությունը հանցագործին բռնում եւ նախաքննությունն ու դատավարությունը Երեւանում անցկացնում: Ի՞նչ է, Արարատում ոստիկանություն չկա՞ր, դատախազություն ու դատարան չկա՞ր: Նշանակում է, որ սա Երեւանից կազմակերպված գործ է»:

Տիկին Մարգարիտայի պնդմամբ՝ Մարինե Մովսիսյանը կարողացել է նախաքննությունն ու երկու դատավարությունները կազմակերպել իր ուզած սցենարով, որովհետեւ նրան օգնել է Ավան եւ Նոր Նորք համայնքների 1-ին ատյանի դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը: Հիշեցնենք, որ Ս.Ուզունյանը հասարակությանը հայտնի է դեռեւս «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ժամանակներից: Այս անգամ վերաքննիչ դատարանում Սարգսի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատաձգաբանական նոր փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու համար, թե հնարավո՞ր է զենքի հետքերը 3 ամիս հետո մեքենայի գրպանի մեջ պահպանված լինեն: Սակայն դատարանը չի ընդունել նրա միջնորդությունը: Բայց ընդունել է Սարգսի պատիժն ավելացնելու մասին Լ.Մովսիսյանի շահերի պաշտպանի միջնորդությունը: Ս.Մեսրոպյանն իր գրության մեջ կասկած էր հայտնել, թե միգուցե զենքը մեքենայի մեջ են դրել ոստիկանները: Բոլոր դեպքերում Վերաքննիչ դատարանը «հասարակության համար վտանգավոր լինելու» մեղադրանքով մասամբ ընդունել է հակառակ կողմի միջնորդությունը եւ Սարգսի համար սահմանել է 9 տարվա ազատազրկման պատիժ: Տկն Մարգարիտան լսել է, որ Վերաքննիչ դատարանի այս որոշման համար ազդեցություն է ունեցել նորից Սամվել Ուզունյանը: Իսկ այս անգամ Սարգսի մայրը մեզ ներկայացրեց Լ.Մովսիսյանի հեռախոսից այն ելքային եւ մուտքային զանգերի վերծանումը, որը տեղի է ունեցել փախցնելուն նախորդող 10 օրերի ընթացքում: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մարտի 21-ին, իսկ այդ վերծանման մեջ կան մարտի 13-22-ն ընկած բոլոր օրերի զանգերը: Լ.Մովսիսյանն այդ 10 օրերին բազմաթիվ անգամ զանգել է Սարգսին: Իր հերթին Լ.-ին է զանգահարել նաեւ Սարգիսը: Որքան էլ զարմանալի էր, վերծանման ցանկում կար նաեւ Սամվել Ուզունյանի հեռախոսահամարը, որին Լ.-ն այդ օրերի ընթացքում զանգել է 48 անգամ: Ընդ որում` այդ զանգերից 10-ը տեղի է ունեցել հենց աղջկա փախչելու օրը՝ մարտի 21-ի առավոտյան 9 անց 59 րոպեից մինչեւ 23-ն անց 36 րոպեն: Մի զանգ էլ եղել է մարտի 22-ին: Այդ օրերի ընթացքում Սարգսին ուղղված զանգերը շատ-շատ էին, դրա համար էլ չհաշվեցինք: Բայց մեզ համար շատ զարմանալի ու կասկածելի էր, թե Լ.-ն իր փախչելու օրն առավոտից մինչեւ ուշ գիշեր ինչո՞ւ է զանգել Սամվել Ուզունյանին: Կարծես` իր քայլերի մասին հաշվետվություն է տվել: Ընդ որում` մյուս օրերի ընթացքում տեղի ունեցած զանգերը նույնպես եղել են օրվա ամենատարբեր ժամերին՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր: Արդյո՞ք Ս.Ուզունյանն էլ ինչ-որ կապ է ունեցել Լ.-ի հետ, մենք չկարողացանք պարզել: Որոշեցինք չսահմանափակվել մեր ենթադրություններով եւ վերծանման ցանկի տվյալներով, փորձեցինք անձամբ պարոն Ուզունյանից պարզել, թե ինքն ի՞նչ կապ ունի Լ.-ի հետ, եւ Լ.-ն ինչո՞ւ է այդքան զանգել իրեն: Սակայն նա չցանկացավ մեզ հետ զրուցել: «Ես հարցազրույց չեմ տալիս»,- մեր հեռախոսազանգին այսպես պատասխանեց Ս. Ուզունյանը: Ի դեպ, Ս. Ուզունյանին մենք զանգեցինք այն համարով, որը նշված էր հեռախոսազանգերի վերծանման ցանկում, որով իրեն զանգել էր Լ.-ն: Ինչպես տեսնում եք, մենք ոչ միայն չկարողացանք պարզել, թե ինչ կապ կա դատարանի նախագահի եւ այդ 17-ամյա աղջկա միջեւ, այլ ավելի խորացրինք մեր ենթադրությունների սահմանը: Իսկ 25-ամյա Սարգիսը Սովետաշենի բերդից Ռ.Քոչարյանին, Ա.Հովսեփյանին, Հ.Հարությունյանին ուղղված նամակում գրում է. «Ես ու Լիդիան սիրում էինք միմյանց, ես նրան տարել էի մեր տուն ամուսնանալու մտադրությամբ եւ իր խնդրանքով: Իրականում տեղի ունեցած դեպքերի մասին ես ցուցմունք եմ տվել ավագ քննիչ Վ.Պապիկյանին եւ նշել եմ շուրջ 20 անձանց անունները, ովքեր ականատես են եղել, թե ես եւ Լիդիան ինչպես ենք նստել մեքենա եւ եկել մեր գյուղ: Նրանք կհաստատեն իմ անմեղությունը: Պարոնայք, խնդրում եմ պաշտպանել ինձ՝ հասարակ գյուղացի տղայիս այդ կիրթ բարբարոսների հարձակումներից: Խնդրում եմ համապատասխան մարմիններին հանձնարարել օբյեկտիվ քննություն կատարել՝ բացառելով Ուզունյանների ազդեցությունը»:

Իսկ Սարգսի մայրը հիմա արտոնագրված փաստաբան է փնտրում, որ Վերաքննիչ դատարանի բողոքը վիճարկի Վճռաբեկ դատարանում: Եթե իհարկե պարոն Ուզունյանը չփորձի այստեղ էլ ազդեցության լծակներ գործադրել: